15:22 | 10.08.11 | Նորություններ | 1382

Apple-ի հայցի պատճառով արգելվել է Samsung Galaxy Tab 10.1-ի վաճառքը Եվրոպայում

Երեւան/Մեդիամաքս/.Apple-ը շարունակում է ծանր ճնշում գործադրել մրցակիցների նկատմամբ` ուշադրություն չդարձնելով այն բանին, թե որտեղ են մղվում “արտոնագրային մարտերը”` հայրենի ԱՄՆ-ում, թե աշխարհի այլ մասերում:


Ինչպես հաղորդում է www.3dnews.ru, այսօր հայտնի է դարձել Դյուսելդորֆ (Գերմանիա) երկրորդ ատյանի դատարանի որոշումը` եվրոպական երկրներում բացառությամբ Նիդեռլանդներում Samsung Galaxy Tab 10.1 պլանշետների գովազդն ու վաճառքն արգելելու վերաբերյալ:

Որոշում կայացնելիս դատարանն առաջնորդվել է Apple-ի հայցով, որում ասվում է, որ Samsung Galaxy Tab 10.1 պատրաստված է iPad 2 պլանշետների արտադրությանը վերաբերող Apple-ի արտոնագրերի խախտումներով:

Անցյալ շաբաթ Samsung Galaxy Tab 10.1 վաճառքի է հանվել Մեծ Բրիտանիայում, եւ գերմանական դատարանի այս որոշումը պարտավորեցնում է բոլոր բրիտանական մանրածախ առեւտրային ներկայացուցիչներին հեռացնել հարավկորեական ընկերության նորույթը խանութների տաղավարներից:

Ավելի վաղ Apple-ը հաղթանակ էր տարել Ավստրալիայում, որտեղ տեղական դատարանը նախապես որոշում էր կայացրել արգելելու Samsung Galaxy Tab 10.1 պլանշետի վաճառքը, որի արդյունքում Samsung-ը ստիպված էր հայտարարել երկար սպասված նորույթի վաճառքի հետաձգման մասին: