Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի 3 բջջային օպերատորները 2011 թվականի առաջին կիսամյակում 13,6 մլրդ. դրամի հարկ են վճարել, ինչը 3,7 մլրդ-ով կամ 21,4%-ով զիջում է 2010 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշին:
Առաջին կիսամյակի արդյունքներով 100 խոշորագույն հարկատուների ցանկում են 4 հեռահաղորդակցության ընկերություններ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) 4-րդ տեղն է զբաղեցրել վճարված հարկերի ծավալով: Ընկերության կողմից առաջին կիսամյակում վճարված ընդհանուր գումարը 6 մլրդ 854 մլն 706,6 հազ. դրամ է կազմել` 2010 թվականի I-ին կիսամյակի համեմատ նվազելով 6%-ով (424 մլն):
7-րդ տեղում «Ղ-Տելեկոմ» ընկերությունն է (VivaCell-MTS ապրանքանիշ), որը վճարել է 4 մլրդ 754 մլն 075,2 հազ. դրամի հարկ (2,5 մլրդ-ի կամ 34,6%-ի նվազում):
Առաջին կիսամյակի արդյունքներով 11-րդ տեղը զբաղեցրել է «Օրանժ Արմենիա» ընկերությունը, որը 2 մլրդ 52 մլն 827,5 հազ. դրամ է վճարել (27,4% կամ 776,2 մլն դրամի նվազում):
Ցանկի 88-րդ տեղում է ինտերնետ-օպերատոր Ջի-Էն-Սի Ալֆա ընկերությունը (449 մլն 917,5 հազ. դրամ):