12:14 | 09.08.11 | Նորություններ | 3511

“ԱրմենՏել”-ն ընդլայնում է 3G ցանցը Հայաստանի շրջաններում

Երեւան/Մեդիամաքս/.“ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր հայտարարել է Հայաստանում 3G ցանցի էական ընդլայնման մասին:


Ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, 2011թ-ի օգոստոսի 8-ի դրությամբ երրորդ սերնդի ցանցը գործարկվել է Ագարակ, Աշոցք, Բերդ, Եղեգնաձոր, Քաջարան, Մարալիկ, Մեղրի, Նոյեմբերյան, Սիսիան, Ստեփանավան, Թալին, Տաշիր, Ճամբարակ քաղաքներում, ինչպես նաեւ ՀՀ մի շարք գյուղական համայնքներում: Ծածկույթի գոտու ընդլայնմանը զուգահեռ Հայաստանի խոշոր քաղաքներում 3G կապի տասնյակ նոր կայաններ շահագործման են հանձնվել ի լրումն գործողների:

““ԱրմենՏել” ընկերությունը հետեւողականորեն ավելացնում է Հայաստանում 3G ցանցի հզորությունը եւ ընդլայնում ծածկույթը, տրամադրելով որակյալ բջջային կապ, գերաարագ ինտերնետ եւ ժամանակակից այլ ծառայություններ Հայաստանի բոլոր մարզերի բնակիչներին: Ցանցի ընդլայնումը եւ արդիականացումը թույլ են տալիս մեզ հանդես գալ նոր առաջարկներով, որոնք դարձնում են մեր ծառայությունները հաճախորդների համար ավելի գրավիչ եւ հարմարավետ”,- նշել է “ԱրմենՏել”-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Beeline 3G ցանցը ծածկում է Հայաստանի շուրջ 150 բնակավայր, որտեղ բնակվում է շուրջ 2.9 մլն. մարդ: Նշենք, որ “ԱրմենՏել” ընկերությունն առաջին օպերատորն է, որ Հայաստանում գործարկեց երրորդ սերնդի բջջային ցանցը. 2008թ-ի հունիս ամսին` փորձնական, իսկ 2008թ-ի սեպտեմբերին` կոմերցիոն շահագործման: