15:49 | 14.06.11 | Հարցազրույցներ | exclusive 5158

X-TEACH թիմը Նյու-Յորքում կներկայացնի յուրօրինակ կրթական հարթակ

Microsoft ընկերության կողմից ամեն տարի կազմակերպվող Imagine Cup («Երեւակայության գավաթ») նորարարական նախագծերի մրցույթի հայաստանյան եզրափակչում այս տարի հաղթեց X-TEACH թիմը՝ իր «TEACH ME NOW» (Կրթեք ինձ հիմա) նախագծով:

Երեւանի պետական եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանների ուսանողներից կազմված թիմը կներկայացնի Հայաստանը «Երեւակայության գավաթի» համաշխարհային եզրափակչում, որը կկայանա ս.թ. հուլիսին Նյու-Յորքում:

X-TEACH-ի առաջարկած նախագծի մասին Մեդիամաքս-ի եւ Itel.am-ի հետ հարցազրույցում պատմեց թիմի ղեկավար, վեբկայքերի նախագծմամբ եւ անվտանգության ապահովմամբ զբաղվող X-TECH ընկերության հիմնադիր եւ տնօրեն Արման Աթոյանը:


- Շնորհավորում ենք ձեզ «Երեւակայության գավաթ» մրցույթի ազգային փուլում հաղթելու կապակցությամբ: Ի՞նչ ծրագիր էր ներկայացրել մրցույթին ձեր գլխավորած թիմը եւ ինչպե՞ս է նախատեսում հանդես գալ մրցույթի համաշխարհային եզրափակիչում:

- Մեր նախագծած համակարգն իրենից ներկայացնում է կրթական հարթակ՝ յուրօրինակ մոտեցմամբ: Ցանկացած մարդ, ով ունի համապատասխան փորձ եւ գիտելիքներ եւ ցանկանում է որեւէ բան սովորեցնել եւ դրա դիմաց աշխատել  որոշակի գումար, կարող է մտնել համակարգ, գրանցել իր անձնական էջը կամ ներմուծել այն Linkedin.com կայքից` նշելով այն ոլորտները, որտեղ կարող է մատուցել կրթական, խորհրդատվական եւ կրթության հետ առնչվող այլ ծառայություններ:

Մյուս կողմից` կան մարդիկ, որոնք ցանկանում են որեւէ բան սովորել: Նրանց մեծամասնությունն, ենթադրաբար, կլինեն ուսանողներ, որոնք ավարտել են համալսարանը, սակայն դեռեւս զգում են առավել մասնագիտացված գիտելիքների կարիքը՝ աշխատանքի ընդունվելու համար:

Ուսանողը մուտք է գործում համակարգ եւ նշում, թե ինչ տեսակի դասընթացներով եւ փորձի ձեռքբերմամբ է հետաքրքրված: Համակարգը տեղեկացնում է կրթական ծառայություններ մատուցողին իր դասախոսությունը օնլայն եւ օֆլայն տարբերակով լսելու ցանկացողների մասին, եւ առաջարկում կազմակերպել «միջոցառում» (Facebook-ի համանման ծառայության օրինակով), որի հրավերը կուղարկվի հետաքրքրվածներին:

Հրավիրվածները տեղեկացվում են էլեկտրոնային փոստով, մտնում համակարգ եւ ծանոթանում դասախոսության մանրամասներին, գնին, դասախոսի տվյալներին եւ մասնակիցների թվին: Ի դեպ, ամեն նոր գրանցված դասախոսի առաջին դասընթացը պետք է պարտադիր լինի անվճար, ինչը հնարավորություն կընձեռի ճանաչել նրան: Ամեն դասընթացից հետո մասնակիցները քվեարկում են դասախոսության օգտին կան նրա դեմ եւ եթե մասնակիցների 80%-ի կարծիքով դասախոսը բանիմաց չէ, գումարները վերադարձվում են, իսկ վերջինս հեռացվում է համակարգից: Եթե ունկնդիրների մեծամասնությունը գոհ է դասախոսությունից, դասախոսը ստանում է իր գումարը, իսկ համակարգը՝ միջնորդավճարը, որը կախված է դասընթացի արժեքից:

Առցանց դասընթացներն անցկացվելու են օնլայն-կոնֆերանսի ռեժիմում, իսկ ինչ վերաբերում է օֆլայն տարբերակով անցկացվելիք դասընթացներին, ապա այստեղ համակարգը կարող է առաջարկել բիզնես-կենտրոններում եւ այլ վայրերում տարածքների վարձակալություն:  

TEACH ME NOW-ն ունի հստակ բիզնես-մոդել եւ չի պահանջում մեծ գումար մեկնարկի համար: Համակարգը կարող է հավելյալ եկամուտներ ունենալ թեմատիկ գովազդից:     

Նման համակարգի հեռանկարային լինելը կարելի է բացատրել մեկ օրինակով. պատկերացրեք, որ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն առաջարկի դասախոսություն անցկացնել ինտերնետ-բիզնեսի կայացման թեմայով եւ դասախոսության վճարը սահմանի $1: Կարծում եմ, նման դասընթաց կցանկանան լսել միլիոնավոր երիտասարդներ, ինչը նշանակում է, որ Ցուկերբերգը մի քանի ժամում TEACH ME NOW-ի միջոցով կաշխատի զգալի գումար:

- Ինչպե՞ս եք նախատեսում ներկայանալ Նյու-Յորքում:

- Արդեն նկարահանել ենք համակարգի մասին պատմող տեսահոլովակ՝ Imagine Cup-ի եզրափակչին այն ներկայացնելու համար: Այն կարելի է դիտել այստեղ` http://www.YouTube.com/TeachMeNowProject:

Նյու-Յորքում լավ ներկայանալու համար պատրաստվել է նաեւ համակարգի ցուցադրական տարբերակը:

Եզրափակչում հաղթելու դեպքում մեր մրցանակը կկազմի $25 000, ինչը բավարար է նախագծի տեխնիկական մասն իրականացնելու համար: Եթե դա հաջողվի, կարծում եմ, կգտնվեն նաեւ շուկայական առաջխաղացման համար անհրաժեշտ միջոցները:

- Ի՞նչ ծավալի ներդրումներ է պահանջում նախագիծը եւ, անկախ նյու-յորքյան եզրափակչի արդյունքներից, դիտարկվո՞ւմ են գաղափարը կյանքի կոչելու համար ֆինանսական միջոցների ներգրավման այլ տարբերակներ:

- Մենք փորձելու ենք իրականացնել գաղափարը՝ անկախ մրցույթի արդյունքներից եւ բաց ենք պոտենցիալ ներդրողների առաջարկների համար: Նախագծի իրականացումը, որպես ծրագրային լուծում, այնքան էլ թանկ հաճույք չէ: Այստեղ ավելի մեծ խնդիր է համակարգի շուկայական առաջխաղացումը: Նախագիծը շատ հեռանկարային է, եւ իր շահութաբերությունն աճելու է օգտագործողների թվի աճին զուգընթաց: