15:36 | 25.05.11 | Նորություններ | 2974

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կանցկացվի հուլսի 10-17-ը

Երեւան: Մեդիամաքս: «Ոսկե ծիրան» ութերորդ կինոփառատոնը Երեւանում կանցկացվի հուլիսի 10-17-ը:

Կինոփառատոնին կմասնակցեն 57 երկրների ներկայացուցիչներ, ընդհանուր առմամբ 600 հայտ է ընդունվել:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր ասել է, որ «մենք անակնկալների ենք սպասում եւ հուսով ենք, որ դրանք տեղի կունենան»:

Այս տարի փառատոնի երեք հիմնական մրցույթային ծրագրերին ավելացել է եւս մեկը` «Կարճամետրաժ խաղարկային ֆիլմեր»: 

Առանձին ոչ մրցույթային ծրագիրը նվիրված կլինի Հայաստանի անկախության 20-ամյակին, որի շրջանակներում կցուցադրվեն անկախության տարիներին նկարահանված ֆիլմերը:

Փառատոնի շրջանակներում կնշվեն Ռոման Բալայանի, Էդմոնդ Քյոսայանի, Դմիտրի Կեսայանցի հոբելյանները:

Փառատոնի ավանդական հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ «Ոսկե ծիրանը» բարձրացնում է արտերկրում Հայաստանի ճանաչելիության աստիճանը:

««ՎիվաՍել-ՄՏՍ»-ն աջակցում էր փառատոնին ստեղծման առաջին իսկ օրից, եւ մեր համագործակցությունը կշարունակվի ապագայում», - ասել է նա: