12:44 | 25.05.11 | Նորություններ | 4668

Երեւանում ներկայացվեցին M2M group-ի էլեկտրոնային վճարումների լուծումները

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանում ներկայացվեցին Էլեկտրոնային փոխանցումներ իրականացնող համակարգերի միջազգային մատակարար M2M group ընկերությունների խմբի լուծումները:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, միջոցառմանը, որը կազմակերպվել է ՏՏ-անվտանգության ոլորտում մասնագիտացած Ապագա Թեքնոլոջիս ընկերության կողմից, մասնակցում են հայկական բանկերի, վարկային կազմակերպությունների, սուպերմարկետների ցանցերի եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ:

M2M group-ի բիզնես-միավորի մենեջեր Մոհամեդ Մուխլիսը (Mohammed Moukhlis) տեղեկացրեց, որ ընկերությունը աշխատում է շուրջ 40 երկրներում ՝ առաջարկելով իր լուծումները բանկերին, վճարային համակարգերին, հեռահաղորդակցության օպերատորներին, հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին եւ պետական հատվածին:

Ներկայացնելով ընկերությունների խմբի Magix էլեկտրոնային փոխանցումների համակարգը, M2M group-ի վաճառքների գծով տնօրեն Թարիք Աջդինը (Tariq Ajdain) տեղեկացրեց, որ Visa, MasterCard, AmEx եւ այլ վճարային ցանցերի կողմից վավերացված Magix համակարգը ապահովում է թողարկող եւ սպասարկող գործողությունների արդյունավետ եւ ընդհանրական կառավարում, աջակցում է տարատեսակ քարտային փոխանցումներին: Ըստ Թարիք Աջդինի, համակարգը թույլ է տալիս տարաբնույթ նպատակներով փոխանցումներ իրականացնել ինչպես բանկոմատների եւ POS-տերմինալների, այնպես էլ ինտերնետի եւ բջջային հեռախոսի միջոցով: