14:51 | 25.05.11 | Նորություններ | 3772

DigiTec 2011 ֆորումը կոչված է մերձեցնել ՏՏ ընկերություններին եւ նրանց սպառողներին, ասել է «ԱրմենՏել»-ին տնօրենը

Երեւան/Մեդիամաքս/. Հունիսի 24-25-ը Երեւանում կայանալիք DigiTec 2011 ֆորումի շրջանակներում կկայանա հայ-վրացական բիզնես ֆորում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նա տեղեկացրել է, որ DigiTec 2011-ին կմասնակցի նաեւ Սինգապուրից ժամանած պատվիրակությունը, որը կներկայացնի աշխարհի ամենաաղքատ երկրներից ամենազարգացած երկրներից մեկը դառնալու փորձը:

«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ասել է, որ ֆորումը կոչված է մերձեցնել ՏՏ ընկերություններին եւ նրանց սպառողներին:

«Եկել է ժամանակը, որ խոշոր հայկական ընկերությունները գնահատեն նաեւ տեղի ՏՏ կազմակերպությունների պոտենցիալը, որոնց արտադրանքը հաճախ չի զիջում միջազգային կազմակերպությունների արտադրանքին», - ասել է Իգոր Կլիմկոն:

«ԱրմենՏել»-ը DigiTec 2011 ֆորումի հովանավորն է: