«ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
13:12 | 19.04.11 | Նորություններ | 4062
Երեւան: Մեդիամաքս: «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն այսօր հայտարարել է, որ իր ղեկավարած ընկերությունն արդեն 16 տարի «հանդիսանում է ՀՀ հեռահաղորդակցային շուկայի առանցքային դերակատարը»:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Իգոր Կլիմկոն այդ մասին ասել է այսօր Երեւանում կայացած Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության առաջին համաժողովի ընթացքում:
«Այսօր, ռուսական ներդրումների շնորհիվ, մեր ընկերությունը հանդիսանում է երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացման հիմնական շարժիչ ուժը: Մենք ներկա ենք հեռահաղորդակցային շուկայի բոլոր հատվածներում»,- ասել է ընկերության ղեկավարը:
Նա նշել է, որ «ՎիմպելԿոմ»-ի կողմից 2006թ. «ԱրմենՏել»-ի ձեռք բերումից հետո ձեւավորվեց նոր բիզնես-ռազմավարություն` ուղղված երկրի հեռահաղորդակցային հատվածի համալիր զարգացմանը:
«Դա հանգեցրել է լայնաշերտ ինտերնետ հասանելիության նկատմամբ պահանջարկի “պայթյունի”, խթանել է ինտերնետի հայաստանյան հատվածի զարգացումը, ազդակ է հանդիսացել էլեկտրոնային կառավարության, էլեկտրոնային առեւտրի, նոր մեդիաների զարգացման համար: Հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումները, մայրաքաղաքի եւ շրջանների հավասարաչափ զարգացման ձգտումը, մարքեթինգային նոր նախաձեռնությունների մշակումը եւ կշռադատված գնային քաղաքականությունը մեզ թույլ են տալիս պարբերաբար կատարելագործել մեր առաջարկները եւ մնալ ՀՀ ողջ հեռահաղորդակցային ոլորտի զարգացման ֆլագմանը»,- հայտարարել է Իգոր Կլիմկոն:
Նա նկատել է, որ «բջջային կապի ոլորտում կոշտացած մրցակցության պայմաններում «ԱրմենՏել» ընկերությունը կայուն բազմապատկում է իր բաժանորդային բազան»:
Իգոր Կլիմկոն տեղեկացրել է, որ նախորդ տարվա ընթացքում ընկերությանը հաջողվել է եռապատկել լայնաշերտ հասանելիության բաժանորդների թիվը, եւ այժմ այն հասնում է ավելի քան 70 հազարի:
«Հենց շարժական եւ լայնաշերտ ինտերնետն է «ԱրմենՏել» ընկերությունն ընտրել որպես հետագա զարգացման առաջնահերթ ուղղություն»,- ասել է ընկերության գլխավոր տնօրենը: