13:33 | 18.04.11 | Նորություններ | 3183

Ստեղծվել է վարչապետի մրցանակ` IT-ոլորտի մենեջերների համար

Երեւան: Մեդիամաքս: Synopsys Armenia ընկերության նախաձեռնությամբ սահմանվել է ՀՀ վարչապետի մրցանակը IT-ոլորտի մենեջերների համար:

Ինչպես այսօր հայտնել է Synopsys Armenia-ի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, մրցանակի նպատակն է աջակցել ՏՏ-ընկերությունների մենեջերների որակավորման բարձրացմանը:

Մրցույթին կարող են մասնակցել IT-ընկերությունների մինչեւ 40 տարեկան մենեջերներ: Այդ ընկերությունների աշխատակիցների թիվը չպետք է գերազանցի 50-ը:

Լավագույն 3 մենեջերները հնարավորություն կստանան 2011թ. օգոստոսին մասնակցել ԱՄՆ Սթենֆորդի համալսարանում (Stanford Executive Instititute) կայանալիք ուսման կուրսին, որն ամեն տարի հայաստանյան մասնագետների համար հատկացնելու է երեք տեղ:

«Հայաստանն այն եզակի երկրներից մեկն է, որտեղ մրցույթն անցկացվում է այս ձեւաչափով` մասնավոր հատվածի նախաձեռնությամբ եւ կառավարության օժանդակությամբ: Մրցույթը մասնակիորեն լուծում է շատ կարեւոր խնդիր` IT-ընկերությունների մենեջերների որակավորման հարցը»,- ասել է Հովիկ Մուսայելյանը:

Մրցույթի գլխավոր հովանավորը «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունն է, որը 3 մենեջերների ուսուցումը ֆինանսավորելու նպատակով կհատկացնի 19 մլն դրամ:
«Արդյունավետ կառավարումը մեր երկրի աճն ապահովող առանցքային գործոնն է, եւ մենք պարտավոր ենք օժանդակել այդ կարեւոր նախաձեռնությանը»,- ասել է ընկերության ղեկավար Ռալֆ Յիրիկյանը:

Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվությունը եւ հայտի լրացման ձեւը հասանելի են հետեւյալ հասցեով`  http://www.gov.am/am/announcements/item/62/: