14:09 | 24.02.11 | Նորություններ | 3442
Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ շուրջ 5200 հարկատուներ ձեռք են բերել էլեկտրոնային ստորագրություններ հարկային հաշիվների դուրսգրման նոր համակարգից օգտվելու նպատակով, Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում հայտնել է Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի (EKENG) տնօրենի օգնական Լիլիթ Ղազարյանը:
Նա տեղեկացրել է, որ ներկայումս գրասենյակը շարունակում է ստանալ էլեկտրոնային ստորագրությունների տրամադրման հայտեր, որոնց բավարարումը ճիշտ լրացման դեպքում զբաղեցնում է 15 րոպե:
«Սպասարկման 2 կենտրոններ գործում են Երեւանում, իսկ 2 շաբաթվա ընթացքում կբացվի եւս մեկը Վանաձորում»,- նշել է Լիլիթ Ղազարյանը:
ՀՀ Պետեկամուտների կոմիտեում Մեդիամաքս-ին հայտնել են, որ փաստացի Հայաստանում հարկային հաշիվների դուրսգրման էլեկտրոնային համակարգից հասցրել են օգտվել շուրջ 1500 հարկատուներ, որոնք արդեն դուրս են գրել մոտ 250 հազ. հարկային հաշիվներ: Կոմիտեում գոհունակություն են հայտնել նոր պլատֆորմին հարկատուների անցման տեմպից` նշելով, որ «այդպիսի բան հազվադեպ է պատահում համաշխարհային պրակտիկայում, երբ տեղեկատվական նոր համակարգի ներդրումից ընդամենը մեկ ամիս անց բազան համալրվում է ավելի քան 250 հազ. հարկային հաշիվներով»:
Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանելով, թե ինչպես է անդրադառնում նոր համակարգի ներդրումը մասնավոր հատվածի վրա, AcTrade-Soft ընկերության տնօրեն Տիգրան Սարգսյանն ասել է, որ համակարգն ընդհանուր առմամբ հեշտացրել է հարկատուների աշխատանքը: Միաժամանակ, նա հարկային մարմիններին խորհուրդ է տվել բարելավել սպառողների օժանդակության համակարգը:
2011թ. հունվարից ուժի մեջ են մտել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի փոփոխությունները, որոնց համաձայն, հարկային հաշիվների դուրսգրումը կատարվում է էլեկտրոնային եղանակով, կամ հարկային մարմինների կողմից տրամադրվող հատուկ բլանկերի միջոցով: