Երեւան /Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) Մեղրիի քաղաքապետարանին անհատույց տրամադրել է երկհարկանի շինություն հարակից տարածքով:
Հետագայում շենքը կծառայի որպես մարզահամալիր` լողավազանով եւ մարզադահլիճներով:
«Մեղրիի քաղաքապետարանի եւ բնակչության անունից շնորհակալություն եմ հայտնում «ԱրմենՏել» ընկերությանը մեր քաղաքի նկատմամբ սրտացավ վերաբերմունք ցուցաբերելու համար», - նշել է Մեղրիի քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանը:
««ԱրմենՏել»-ը, իրականացնելով բազմաթիվ սոցիալական ծրագրեր, շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի կերտմանը: Այս միջոցառումը, ինչպես եւ մեր ծրագրերի մեծ մասը, ուղղված է ապագա սերնդի զարգացմանը: Հուսով եմ, որ մարզահամալիրի կառուցումը կնպաստի երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի գաղափարի տարածմանը եւ մարզական ոգու զարգացմանը», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 1409 ք.մ, իսկ հարակից տարածքը` 463 ք.մ: Շենքը նոր է, գտնվում է Ադելյան փ. 9/1 հասցեում` Մեղրի-Երեւան մայրուղու հարեւանությամբ: