«ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկո
10:31 | 11.05.10 | Նորություններ | 3942
«ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանն ու Itel.am պորտալին
- Պարոն Կլիմկո, մեկ տարվա ընթացքում, որ դուք աշխատում եք Հայաստանում, բազմիցս խոսել եք ազգային ինտերնետ-բովանդակության /քոնթենթի/ զարգացման կարեւորության մասին: Ինչո՞վ է պայմանավորված ձեր շահագրգռվածությունը:
- Իմ` որպես կապի ազգային ինտեգրված օպերատորի ղեկավարի շահագրգռվածությունը, նախեւառաջ հայաստանյան սպառողների համար մատչելի ինտերնետի ավելի որակյալ ծառայություններ ապահովելն է:
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ամենաճիշտ եւ տնտեսապես արդյունավետ ուղին երկրի ներսում թրաֆիկի հնարավորինս մեծ ծավալի կենտրոնացումն է: Ակնհայտ է, որ բավականին թանկ արտաքին կապուղիների բեռնաթափումը կհանգեցնի ինքնարժեքի նվազեցմանն ու թույլ կտա իջեցնել սակագները` միաժամանակ բարձրացնելով ծառայությունների որակը: Դրանից կշահեն ինչպես բաժանորդները, այնպես էլ ինտերնետ-ծառայություններ մատակարարողները:
Որպես երկրի միասնական ազգային օպերատորի ղեկավար` ես պատասխանատվություն եմ զգում ինտերնետի հայկական հատվածի վիճակի համար, ջանքեր եմ գործադրում եւ գործադրելու դրա զարգացումը խթանելու նպատակով: Դա արտահայտվում է ինչպես ազգային լեզվով եզակի քոնթենթի ստեղծմանն ուղղված տարբեր նախաձեռնություններին օժանդակելու, այնպես էլ բազմազան, առաջին հայացքից աննկատ, բայց, այնուամենայնիվ, շատ կարեւոր տեխնոլոգիական նախագծերի տեսքով:
- Ի՞նչ դեր է պատրաստ ստանձնել Beeline-ը Հայաստանում ազգային քոնթենթի զարգացման համար:
- Մենք պատրաստ ենք անել մեզանից կախված ամեն ինչ ազգային քոնթենթի խթանման համար: Քոնթենթի տեղայնացման համար մենք ընկերություններին առաջարկում ենք իրենց սերվերները տեղադրել մեր հարթակներում, առաջարկում ենք տարածք, սարքավորումներ եւ տեխնոլոգիաներ:
Մենք օժանդակել եւ օժանդակում ենք ազգային քոնթենթի ստեղծմանն ուղղված ծրագրերին: Մասնավորապես, այդ ուղղությամբ մենք արդեն երեք տարի համագործակցում ենք Microsoft ընկերության հետ: Բացելով համակարգչային դասարաններ եւ ինտերնետ տրամադրելով ուսումնական հաստատություններին` մենք խթանում ենք պահանջարկը կրթական քոնթենթի նկատմամբ` դրանով աջակցելով նաեւ ազգային բովանդակություն ունեցող քոնթենթի մշակմանը:
Առաջիկայում կբացվեն մշակութային եւ կրթական ուղղվածության մի քանի կայքեր, որոնց մենք աջակցել ենք մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում: Օրինակ, մենք ֆինանսավորել ենք Armculture.am կայքի ստեղծումը, որը շուտով կսկսի գործել:
Մշակել ենք նաեւ տարբեր մեդիա-ընկերությունների հետ համագործակցության մի քանի նախագծեր` նրանց օգնելով այցելուներ ներգրավել իրենց հայալեզու ռեսուրսներում: Մեծ աշխատանք է տարվում, սակայն դեռեւս շատ անելիք կա:
- Ի՞նչ դեր կարող է եւ պետք է ունենա պետությունը ազգային ինտերնետ-քոնթենթի զարգացման գործում:
- Իմ կարծիքով, պետությունը` ի դեմս կարգավորող մարմինների, կարեւոր դեր է ունեցել այդ հարցում` որոշում կայացնելով պրովայդերների միջեւ լոկալ թրաֆիկի փոխանակման կարգի հաստատման մասին` դրանով պաշտպանելով երկրում ինտերնետային ծառայությունների բոլոր սպառողների շահերը եւ նախադրյալներ ստեղծելով ոլորտի հետագա զարգացման համար:
Մյուս կողմից, ոլորտի զարգացման գործընթացում կարող է լրացուցիչ օրենսդրական շտկումների անհրաժեշտություն առաջանալ, եւ այդ դեպքում պետությունը պետք է օպերատիվ արձագանքի եւ ընդունի կշռադատված որոշումներ` ելնելով ողջ ինտերնետ-հասարակության շահերից:
Անհնար է գերագնահատել պետության դերը: Ես հաճույքով կարող եմ նշել բազմաթիվ պետական ռեսուրսների բարձր մակարդակն ու բացառիկ բովանդակությունը: Օրեցօր աճում է ինտերնետում պետական գերատեսչությունների ներկայացվածության մակարդակն ու խորությունը: Այդ ամենը որոշում է այն նշաձողը, որին կձգտեն թե մասնավոր անձինք, թե մշակող ընկերությունները:
Մեկ այլ ասպեկտ է մշակույթի ոլորտում կրթական նպատակներով էլեկտրոնային գրքեր, գրադարաններ, տեսանյութեր, ինտերնետ-ռեսուրսներ ստեղծելու պետական պատվերի ձեւավորումը: Այստեղ ավելորդ չէ նշել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ներդրման եւ լիարժեք կիրառման պետական ծրագրի կարեւորությունը, որը թույլ կտա զգալիորեն բարձրացնել բարձր տեխնոլոգիաներ կիրառելու քաղաքացիների շահագրգռվածությունը:
- Եթե նայենք այն վիճակագրությանը, որը ներկայացնում է Circle.am ռեսուրսը, այցելությունների թվով առաջին տեղում են ru գոտում տեղակայված եւ հայ իրականության հետ առանձնապես առնչություն չունեցող կայքերը: Ի՞նչ եք կարծում` որքա՞ն երկար կարող է շարունակվել այս իրավիճակը:
- Ինձ թվում է` անհրաժեշտ է մտածել այն մասին, թե տեղական քոնթենթի որակը որքանով է համապատասխանում ներքին լսարանի պահանջներին: Այստեղ անհրաժեշտ է լուրջ աշխատանք, այդ թվում նաեւ` մարքեթինգային հետազոտությունների անցկացում, առաջավոր փորձի ուսումնասիրում, բովանդակության վերլուծություն` «զարգացման բնագավառների» բացահայտման նպատակով: Կարծում եմ` ձեր հիշատակած իրավիճակը լուրջ փոփոխություններ չի կրի, քանի դեռ հայ սպառողներին չեն առաջարկվել մասսայականություն վայելող արտասահմանյան կայքերի այլընտրանքները:
- Նույն ռեսուրսի տվյալները վկայում են, որ Հայաստանում ստեղծվող մասսայական ռեսուրսների մեծամասնությունը նախընտրում է օգտվել արտասահմանյան հոսթինգի ծառայություններից: Մեր կարծիքով, այս հարցը եւս անուղղակի կապ ունի ազգային քոնթենթի զարգացման խնդրի հետ. ի՞նչն է ստիպում կայքերի տերերին ավելի շատ վստահել արտասահմանյան սերվերներին:
- Կարծում եմ` այստեղ կա խնդիրների ամբողջ համախումբ, այլ ոչ թե որեւէ մեկ պատճառ: Օրինակ, մինչ այն պահը, երբ ՀԾԿՀ-ն որոշում կայացրեց թրաֆիկի փոխանակման մասին, տեղական պրովայդերների ցանցերը կապող կապուղիների թողունակությունը շատ խնդիրներ էր առաջացնում: Այդ պատճառով հաճախ այնպես էր ստացվում, որ արտասահմանյան հոսթինգով որոշակի ռեսուրսն ավելի մատչելի էր հայ սպառողի համար, քան, օրինակ, հարեւան շենքում գտնվող սերվերի վրա հիմնված ռեսուրսը:
Դրան ավելացրեք սերվերի որակյալ ծրագրային եւ տեխնիկական սպասարկման խնդիրները, դրանց արժեքը եւ, որ պակաս կարեւոր չէ, պրովայդերի ցանցի տեղեկատվական պաշտպանվածության մակարդակը: Կարծում եմ` հաշվի առնելով այդ բոլոր գործոնները` գին/որակ հարաբերակցությունը արտասահմանյան հոսթինգի օգտին է: «ԱրմենՏել»-ը չի մատուցում հոսթինգի ծառայություն, սակայն, ինչպես նշեցի, պատրաստ է հոսթերներին տրամադրել իր տարածքը, սարքավորումները եւ տեխնոլոգիաները, ինչը թույլ կտա կշեռքի նժարը խոնարհել հօգուտ Հայաստանում սերվերների տեղաբաշխման օգտին:
Բացի այդ, վերջերս ի հայտ է եկել որոշակի մասսայական կայքերի «հայելայնացման» անհրաժեշտության գիտակցումը, ինչը եւս կարող է դրական ազդեցություն ունենալ այդ «հայելիներին» բոլոր սպառողների հավասար հասանելիության պարագայում:
- Հայաստանում հեղինակային իրավունքի պաշտպանությունն այսօր գտնվում է վատթար վիճակում: Կարելի՞ է լրջորեն զբաղվել ազգային ինտերնետ-քոնթենթի զարգացմամբ առանց հեղինակային իրավունքի պաշտպանությանն ուղղված արմատական միջոցառումների:
- Ես ուղղակի կապ չեմ տեսնում այդ խնդիրների միջեւ: Հեղինակային իրավունքի պաշտպանության խնդիրն արդիական է ամբողջ աշխարհում, եւ եթե ինչ-որ մեկը մտադիր է գողանալ հեղինակային տեքստը, նա կարող է դա անել թե տեղական, թե արտասահմանյան սերվերներից: Այդ համատեքստում ես անհրաժեշտություն եմ տեսնում բարձրացնել հայ իրավատերերի իրազեկվածությունն էլեկտրոնային բովանդակության պաշտպանության ժամանակակից տեխնոլոգիաների վերաբերյալ: Օրինակ, Արեւմուտքում ավելի ու ավելի լայն տարածում է գտնում DRM-ը (Digital rights management)` տեխնոլոգիաների համակարգ, որը թույլ է տալիս սահմանափակել թվային բովանդակության անօրինական պատճենումը կամ օգտագործումը` առանց իրավատիրոջ թույլտվության: Բացի դրանից, ՀՀ օրենսդրությունը հեղինակային իրավունքի պաշտպանության ոլորտում բավականին լայն գործիքներ է տալիս պաշտպանության համար: Կարծում եմ` Microsoft-ի մեր գործընկերների փորձը ցույց է տալիս, որ հեղինակներն ու հեղինակային իրավունքի կրողներն ունեն բոլոր հնարավորությունները. անհրաժեշտ է միայն դրանցից հետեւողականորեն օգտվել: