14:02 | 29.04.10 | Նորություններ | 3157

Հայաստանի խոշոր ընկերություններում ստուգումներ կանցկացվեն չարտոնագրված ծրագրային ապահովում հայտնաբերելու նպատակով

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանյան խոշոր ընկերություններում ստուգայցեր կանցկացվեն չարտոնագրված ծրագրային ապահովում (ԾԱ) հայտնաբերելու նպատակով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին այսօր Երեւանում հայտնել է Business Soft Alliance (BSA) կազմակերպության եւ Microsoft ընկերության շահերի ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը:

Նա չի նշել ստուգայցերի կոնկրետ ժամկետները, ասելով, որ ՀՀ Ոստիկանությունը եւ ԾԱ փորձագետները համատեղ այցելելու են այն ընկերություններ, որոնք ստացել են BSA նախազգուշացումը` արտոնագրված ԾԱ-ի անցնելու վերաբերյալ:

Նարինե Մկրտչյանի գնահատմամբ, հայկաստանյան ընկերությունների կողմից չարտոնագրված ծրագրային ապահովման օգտագործման մակարդակը կազմում է շուրջ 90%: “Microsoft-ը չի պահանջելու արտոնագրված ԾԱ-ի անցնել տնային օգտագործողներին, սակայն շարունակելու է պայքարը պիրատական օպերացիոն համակարգեր եւ ծրագրեր օգտագործող այն սուբյեկտների դեմ, որոնք դրանից շահույթ են ստանում”,- նշել է նա:

Նարինե Մկրտչյանը հայտնել է, որ այս տարվա փետրվարին BSA-ն եւ ՀՀ Ոստիկանությունը ստուգումներ են անցկացրել Երեւանի կենտրոնում գտնվող համակարգչային տեխնիկայի 4 խանութներում, որի արդյունքում բացահայտվել է, որ այդ խանութները վաճառել են չարտոնագրված օպերացիոն համակարգերով համակարգիչներ:

Ինչպես ավելի վաղ Մեդիամաքս-ին հայտնել են Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչությունում, Microsoft-ի ԾԱ վաճառելու արտոնագիր ունի համակարգչային տեխնիկայի վաճառքով զբաղվող երեւանյան խանութների մեծամասնությունը, սակայն դրանցից շատերը շարունակում են չարտոնագրված ԾԱ տարածել: