ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի /ԳԱԱ/ նախագահ Ռադիկ Մարտիրոսյան
14:20 | 23.04.10 | Նորություններ | 3520
Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի տնտեսվարող սուբյեկտները գրեթե լիովին անտարբեր են արտադրության մեջ նորարարությունների ներդրման հանդեպ, այսօր հայտարարել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի /ԳԱԱ/ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ԳԱԱ ընդհանուր տարեկան ժողովում Ռադիկ Մարտիրոսյանն ասել է, որ վերջին 3 տարիների ընթացքում ԳԱԱ-ն բիզնեսում գիտական մշակումների ներդրման ոչ մի առաջարկ չի ստացել հայաստանյան ընկերությունների կողմից (բացառությամբ Երեւանի ոսկերչական գործարանի):
Ռադիկ Մարտիրոսյանը նշել է, որ գիտական մշակումներում բիզնես-ներդրումների խթանման համար անհրաժեշտ է ներդրողներին տրամադրել հարկային եւ այլ արտոնություններ, ինչպես նաեւ գիտական մշակումները կիրառել պետական հաստատություններում, ինչը կարող է խթանել դրանց առաջխաղացումը շուկայում:
«Անհրաժեշտ է պարզեցնել գիտական ինստիտուտների կողմից տեխնոլոգիական նորարարությունների մշակման համար ներդրումներ ստանալու մեխանիզմները, քանի որ ներկայումս ոլորտ ուղղվող ներդրումները նախեւառաջ տեղակայվում են բանկերում, որոնք վարկերի տրամադրման համար առաջադրում են գիտական ինստիտուտների ուժերից բարձր պահանջներ»,- ասել է ԳԱԱ նախագահը:
Նա տեղեկացրել է, որ 2009թ. ֆինանսավորման ավելի քան 20%-ը (շուրջ 1.3 մլրդ դրամ) ԳԱԱ-ին հաջողվել է ապահովել սեփական շահույթի հաշվին: Գիտության բյուջետային ֆինանսավորման 70%-ը ծախսվել է աշխատավարձերի վճարման նպատակով, որի միջին ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 11.6%-ով` կազմելով 57.5 հազար դրամ ($150): ԳԱԱ աշխատակիցների քանակը 2009թ. կրճատվել է 22-ով եւ ներկայումս կազմում է 3788:
«Հայաստանում մեկ գիտաշխատողին բաժին է ընկնում տարեկան 0,3 հրապարակված հոդված, մինչդեռ ԵՄ-ում մեկ գիտաշխատողի հրապարակած հոդվածների թիվը կազմում է 0,55: Միաժամանակ, եվրոպացի գիտնականի մշակումների միջին ֆինանսավորումը կազմում է տարեկան €200 000, իսկ հայ գիտնականինը`€2000: Այսպիսով, հրապարակումների թվով հայ գիտնականը եվրոպացի գիտնականին զիջում է երկու անգամ, իսկ ֆինանսավորմամբ` ավելի քան 100 անգամ»,- ասել է Ռադիկ Մարտիրոսյանը: