ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը
13:39 | 15.04.10 | Նորություններ | 2924
Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ «Ռոսգոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավար Ֆարիտ Մուհամետշինը այսօր Երեւանում ստորագրել են «Նորարարական համագործակցության ռուս-հայկական կենտրոնի ստեղծման մասին» հուշագիր:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Ներսես Երիցյանը նշել է, որ Կենտրոնի բացումն ազդարարում է երկու երկրների գործընկերության նոր փուլը գիտության եւ նորարարությունների ոլորտում: Նրա խոսքերով, այդ նախագիծն առաջինն է ԱՊՀ տարածքում, եւ դա պարտավորեցնում է հաջողության, քանի որ կարող է նպաստել ԱՊՀ ուժերի համախմբմանը նորարարական համագործակցության միջպետական թիրախային ծրագրի իրականացման համար:
«Կառավարության կողմից գիտության ու բիզնեսի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելը կարագացնի Հայաստանում գիտելիքի վրա հիմնված տնտեսության կայացման գործընթացը, եւ այստեղ վճռական դերը կհատկացվի նորարարություններին»,- ասել է Ներսես Երիցյանը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ողջույնի խոսքում, որն ընթերցվել է Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի կողմից, նշվում է, որ Կենտրոնը կարող է հարթակ դառնալ Ռուսաստանի ու Հայաստանի բիզնես-հանրության, գիտնականների, պրոֆեսորների եւ բուհերի դասախոսների միջեւ կառուցողական երկխոսության եւ շփումների ընդլայնման համար:
«Ռոսգոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալ Իգոր Մորոզովի խոսքերով, Կենտրոնը կոչված է միավորել երկու երկրների ստեղծագործական ներուժը, հատկապես` արտադրատեխնիկական բազան եւ կրթական հատվածը:
«Կենտրոնը պետք է ընդունի Հայաստանի գաղափարներն ու դրանք իրականացնի ռուսական կառույցների հիման վրա»,- ասել է Իգոր Մորոզովը: