15:01 | 14.04.10 | Նորություններ | 3372

UITE-ն ներկայացրել է ընթացիկ տարվա գործունեության առաջնահերթ ուղղությունները

Երեւան/Մեդիամաքս/. Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) 2010թ. գործունեության առաջնահերթ ուղղություններն են Ինտերնետ-թրաֆիկի փոխանակման կենտրոնի ստեղծումը, IT ոլորտում բիզնես վարելու պայմանների բարելավումը, սկսնակ IT ընկերություններին աջակցելը եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթության որակի բարելավման ծրագրի իրականացումը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում միության 10-րդ տոնական հավաքում ասել է կազմակերպության նախագահ, Sourcio ընկերության գլխավոր տնօրեն Հովհաննես Ավոյանը:

Նա նշել է, որ Հայաստանում զգացվում է IT ոլորտի որակյալ մասնագետների լուրջ պակաս, եւ UITE-ն շուտով կառավարությանը կներկայացնի այդ ոլորտում կրթության բարեփոխման ծրագիրը:

Հովհաննես Ավոյանն ասել է նաեւ, որ միությունը կշարունակի ակտիվ համագործակցել Պետեկամուտների կոմիտեի հետ` IT-ապրանքատեսակների ներկրման ու արտահանման ընթացակարգերի հետագա պարզեցման նպատակով:

«Չնայած նախորդ տարի արձանագրված 17-տոկոսանոց աճին, ՀՀ IT-հատվածը լուրջ բարդություններ է վերապրել, որի արդյունքում որոշ ընկերություններ ստիպված են եղել դադարեցնել իրենց գործունեությունը»,- ասել է Հովհաննես Ավոյանը:

Նա հայտնել է, որ UITE-ն ջանքեր կգործադրի դժվարություններ վերապրող ընկերությունների գործունեության վերսկսման ուղղությամբ, ինչպես նաեւ ակտիվորեն կաջակցի հատվածի սկսնակ ձեռնարկություններին:

Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը տեղեկացրել է, որ 2009թ. UITE-ի եկամուտները կազմել են շուրջ 109 մլն դրամ, որից 54,4 մլն-ը ստացվել են միջոցառումների կազմակերպման արդյունքում, 40,9 մլն-ը կազմել են դրամաշնորհներն ու բյուջետային ֆինանսավորումը, 13,6 մլն-ը` անդամության վճարները: