10:52 | 22.03.10 | Նորություններ | 3145
Երեւան /Մեդիամաքս/. Հանրահայտ ռոք-երաժիշտ, Deep Purple խմբի վոկալիստ Իէն Գիլանը կդառնա «Շանթ» հեռուստաընկերության «Hay Superstar» հեռուստաշոուի հատուկ հյուրը:
Այդ նախագծի գաղափարը պատկանում է ՄԵԴԻԱՄԱՔՍ ընկերությանը, որը հանդիսանում է Իէն Գիլանի երեւանյան համերգների կազմակերպիչը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը եւ «Շանթ» հեռուստաընկերությունը մարտի 28-ին ժամը 21:30-ին ուղիղ եթերով հեռարձակվելիք «Hay Superstar»-ի հատուկ թողարկման համապրոդյուսերներն են:
Շոուի ընթացքում «Hay Superstar»-ի չորրորդ եթերաշրջանի մասնակիցները կկատարեն Deep Purple-ի լավագույն հիթերը Իէն Գիլանի ներկայությամբ: Ավելին, Իէն Գիլանը հեռուստաշոուի մասնակիցների հետ համատեղ կկատարի երկու երգ:
«Hay Superstar»-ի հատուկ թողարկման ընթացքում Իէն Գիլանը Գյումրի թիվ 6 երաժշտական դպրոցին կնվիրի երաժշտական գործիքների հավաքածու:
Երեւանում Իէն Գիլանի առաջին համերգին, որը կկայանա մարտի 26-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ, մնացել է 4 օր: Երկրորդ համերգը կկայանա շաբաթ օրը` մարտի 27-ին:
Տոմսերը վաճառվում են Ֆիլհարմոնիայի տոմսարկղում: Ընդառաջելով Իէն Գիլանի երկրպագուների խնդրանքներին` ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը այսօր որոշել է զեղչեր կատարել 15 հազար դրամանոց տոմսերի համար. այսուհետ դրանք արժեն 10 հազար դրամ: Կան նաեւ 20 եւ 25 հազար դրամանոց տոմսեր: Տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղվելու է տնակային պայմաններում գործող Գյումրի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնմանը:
Երեւանում Իէն Գիլանի համերգների գլխավոր հովանավորը «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորն է, պաշտոնական գործընկերը` bmi ավիաընկերությունը: