13:38 | 19.03.10 | Նորություններ | 4728
Երեւան/Մեդիամաքս/. Նախաձեռնող խումբը հանդես է եկել Կիպրոսի Մելքոնյան վարժարանի հիման վրա համահայկական դպրոցի ստեղծման առաջարկով:
Ինչպես այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է նախաձեռնող խմբի անդամ, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ Արամյանը, համապատասխան առաջարկ է ուղղվել Հայկական բարեգործական ընդհանուր միությանը (AGBU), որին պատկանում են Մելքոնյան վարժարանի շենքն ու հողատարածքը:
Մեսրոպ Արամյանի խոսքերով, նախաձեռնող խմբի կազմում ընդգրկված են խոշոր հայ ձեռնարկատերեր Սփյուռքից, ովքեր պատրաստ են ֆինանսական միջոցներ ներդնել վարժարանի վերականգնման համար, ինչպես նաեւ լուրջ ուսումնական կազմակերպություններ, որոնք պատրաստ են մասնակցել համապատասխան ուսումնական ծրագրի մշակմանը:
Ներկայումս Մելքոնյան վարժարանի շենքում ժամանակավորապես տեղակայված է հունական դպրոց, սակայն AGBU-ն մտադիր է վաճառել շենքը:
Մեսրոպ Արամյանը նշել է, որ համահայկական դպրոցը պետք է ստեղծվի հետեւյալ սկզբունքների հիման վրա.
- դպրոցի կառավարումը պետք է կատարվի կրթության կառավարման ոլորտում փորձ ունեցող կազմակերպությունների կողմից;
- ուսուցումը պետք է ընթանա նոր կրթական տեխնոլոգիաների զարգացումը խթանող կրթության բարձրագույն չափանիշների վրա հիմնված ծրագրերի համաձայն;
- ուսուցչական կազմը պետք է ձեւավորվի ատեստավորման եւ որակավորման միջազգային չափանիշներին համաձայն;
- աշակերտների ընտրությունը պետք է կատարվի նրանց տաղանդի եւ մոտիվացիայի հիման վրա:
Նախաձեռնող խմբի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ AGBU-ի հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն ձեռք կբերվի: