13:29 | 25.02.10 | Նորություններ | 3600

ՀՀ կառավարությունը հաստատել է էլեկտրոնային հասարակության ձեւավորման հայեցակարգը

Երեւան/Մեդամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է 2010-2012թթ. էլեկտրոնային հասարակության ձեւավորման հայեցակարգը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն այսօր ասել է, որ հայեցակարգն իրենից ներկայացնում է Հայաստանում ինտերնետի եւ էլեկտրոնային ծառայությունների մասսայականացման “ճանապարհային քարտեզ”:

Հայեցակարգը նախատեսվում է իրականացնել չորս փուլով, որոնք պետք է բեկումնային դառնան երկրում ինտերնետի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար: Առաջին փուլում նախատեսվում է արագ ինտերնետի տարածում, երկրորդում` բնակչության շրջանում համակարգչային հագեցվածության մակարդակի բարձրացում, էլեկտրոնային ծառայությունների ներդրում:

Ներսես Երիցյանն ասել է, որ ճանապարհային քարտեզում մանրամասն նկարագրված են բոլոր շահագրգիռ կողմերի եւ ծրագրի մասնակիցների դերերը, որոշված են ընկերությունների ներդրումային պարտավորությունները:

Հայեցակարգի համաձայն, ՀՀ վարչապետի ղեկավարությամբ ձեւավորվելու է Խորհուրդ, որի կազմում ընդգրկվելու են ՏՏ ոլորտի հայկական ծագում ունեցող հեղինակավոր գործիչներ: