15:21 | 25.12.09 | Նորություններ | 2974

Մեկ տարվա ընթացքում ինտերնետի սպառողների թիվը կրկնապատկվել է, ասել է ՀՀ վարչապետը

Երեւան /Մեդիամաքս/. Անցնող տարում ՀՀ IT ոլորտում գրանցվել է 3 տոկոսանոց աճ, այսօր ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հանդես գալով տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված մամլո ասուլիսում` վարչապետն ընդգծել է, որ տնտեսության դիվերսիֆիկացման տեսանկյունից IT ոլորտն առաջնահերթ ուղղություն է, եւ կառավարությունը կանի հնարավոր ամեն ինչ այդ բնագավառի զարգացման համար:

2009թ. ընթացքում ինտերնետային ծառայությունների գները կրկնակի իջան, եւ դրանց նվազման միտումը կշարունակվի նաեւ 2010 թվականին, ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը նկատել է, որ տարեսկզբին Հայաստանում ինտերնետ սպառողների թիվը կազմում էր 75 հազար, իսկ ներկայումս ինտերնետից օգտվում է 150 հազար քաղաքացի: Միաժամանակ, նշել է կառավարության ղեկավարը, շարժական ինտերնետից օգտվում են ՀՀ 700 հազար քաղաքացիներ: 

Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ 2009 թվականը նշանավորվել է հեռահաղորդակցային շուկայում Orange Armenia բջջային օպերատորի հայտնվելով, ինչը նպաստել է մրցակցության ուժեղացմանը: