Երեւան /Մեդիամաքս/. ADC ինտերնետ պրովայդերը “իրականությանը չհամապատասխանող” է անվանել դեկտեմբերի 23-ի մամուլի ասուլիսի ժամանակ “ԱրմենՏել”-ի ղեկավարի արած հայտարարությունները:
“ADC կապի օպերատորը միջազգային ռեսուրսների հայելային արտացոլման ծառայության տրամադրման հարցում բոլորովին էլ չունի որեւէ պայմանագրային պարտավորվածություն եւ, ելնելով իր բաժանորդների շահերից, դեկտեմբերի 16-ից անց է կացնում ցանցի վերազինում, որի հետեւանքով էլ ժամանակավորապես դադարեցվել է միջազգային ռեսուրսների հայելային արտացոլման ծառայությունը Հայաստանի բոլոր օպերատորների համար: Հայելային արտացոլման ծառայության ժամանակավոր դադարեցումը մեկ նպատակ էր հետապնդում. օպերատորներին տրամադրել անսահմանափակ հնարավորություն օգտվել այդ ռեսուրսներից սեփական միջազգային կապուղիների միջոցով, ինչն էլ իր հերթին կերաշխավորեր իրենց բաժանորդներին մուտքի եւ հասանելիության անխափան հնարավորություն դեպի այդ ռեսուրսներ: Վերջինս, ի դեպ, հաջողությամբ իրականացվել է այնպիսի առաջատար ընկերությունների կողմից, ինչպիսիք են Orange-ը, VivaCell-MTS-ը, Arminco-ն եւ այլն: Եթե ՀՀ տարածքում գործող առանձին օպերատորներ չունեն բավականաչափ ռեսուրսային հնարավորություններ, ապա դրա համար ADC ընկերությունը պատասխանատվություն չի կրում ու չի էլ կարող կրել”,- ասվում է հայտարարության մեջ:
ADC-ն հայտնել է նաեւ, որ դեկտեմբերի 21-ին ընկերությունը հատուկ կոմերցիոն առաջարկ էր ուղղել շուկայի մի շարք սուբյեկտներին, այդ թվում նաեւ “ԱրմենՏել”-ին, որը վերաբերում էր միջազգային ռեսուրսների հայելային արտացոլման ծառայությունից օգտվելու հնարավորությանը: