13:41 | 11.12.09 | Նորություններ | 3060
Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի խոշոր քաղաքներում դեկտեմբերի 21-ից 25-ը տեղի կունենա «DigiTec անիվների վրա» ցուցահանդես-տոնավաճառը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասել է ՀՀ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության /UITE/ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Նրա խոսքերով, արտագնա ցուցահանդեսը տեղի կունենա Չարենցավան, Հրազդան, Սեւան, Դիլիջան եւ Իջեւան քաղաքներում: Կարեն Վարդանյանը նշել է, որ միջոցառումը թույլ կտա ավելացնել տեղեկատվական եւ հեռահաղորդակցային տեխնոլոգիաների /ՏՀՏ/ ոլորտի ընկերությունների ապրանքատեսակների եւ ծառայությունների սպառումը, ընդլայնել ՏՀՏ շուկան, մեծացնել այդ ապրանքատեսակի մատչելիությունը մարզերի բնակիչների համար, ինչպես նաեւ նպաստել էլեկտրոնային հասարակության կայացմանը:
Կարեն Վարդանյանը նշել է, որ UITE-ն ծրագրում է նաեւ նման ցուցահանդես անցկացնել Լեռնային Ղարաբաղում, իսկ Շուշի քաղաքում կազմակերպել ռոբոտների մրցույթ եւ այդ իրադարձությունները նվիրել Շուշիի ազատագրման օրվան: Նա ընդգծել է նաեւ, որ հաղթող ռոբոտը կնվիրվի քաղաքին: