Երեւան /Մեդիամաքս/. Դեկտեմբերի 12-ին Երեւանում տեղի կունենա Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը /ArmRobotics/:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասել է ՀՀ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության /UITE/ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Նրա խոսքերով, արդեն երրորդ անգամ անցկացվող առաջնության նպատակը երիտասարդ գիտնականներին համախմբելն է, Սփյուռքի գիտական ներուժը ներգրավելը, երիտասարդների մոտ թիմային մտածելակերպն ու աշխատանքը զարգացնելը եւ նոր տեխնոլոգիաների մուտքը Հայաստան խթանելը:
Կարոն Վարդանյանը տեղեկացրել է նաեւ, որ առաջնության ընթացքում նախատեսվում է անցկացնել «Իրեր տարբերող եւ դասակարգող» մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթի մասնակիցները պետք է նախագծեն եւ պատրաստեն ռոբոտ, որը պետք է իրարից տարբերի առարկաներն ըստ դրանց երկրաչափական տեսքի:
Կարեն Վարդանյանի խոսքերով, մրցույթի հաղթողները առաջին տեղի համար կստանան 250 հազար դրամ, երկրորդ տեղի համար` 200 հազար դրամ եւ երրորդ տեղի համար` 100 հազար դրամ:
Առաջնության ավարտին կկայանա «Երիտասարդությունը եւ ռոբոտաշինությունը» կոնֆերանսը, որին կմասնակցեն միջնակարգ դպրոցների ուսուցիչները, բուհերի դասախոսներն ու շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները: