13:59 | 22.05.09 | Նորություններ | 4471

Ամփոփվել են Հայաստանում «Կենգուրու» մրցույթի արդյունքները

Երևան /Մեդիամաքս/. ՀՀ կրթության նախարարությունը եւ «Այբ» կրթական հիմնադրամն այսօր ամփոփել են «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի արդյունքները, որն այս տարի առաջին անգամ անց է կացվել ՀՀ միջնակարգ դպրոցներում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, մրցույթի հաղթող է ճանաչվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Էռնա Պետրոսյանը:

Ինչպես ասել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը, 30 567 մասնակիցներից 111-ը գրանցել են լավագույն արդյունքներ: Հունիս ամսին մոտ 20 լավագույնների միջեւ կանցկացվի լրացուցիչ մրցույթ, որի երկու հաղթողները Էռնայի հետ միասին կմեկնեն «Կենգուրու առանց սահմանների» (Kangourou Sans Frontieres) միջազգային ասոցիացիայի անդամ Ռումինիայում կազմակերպվող միջազգային ամառային ճամբար:

Մայիսի 25-ից հունիսի 1-ը ՀՀ 25 քաղաքներում կանցկացվեն մրցանակաբաշխության միջոցառումներ, որոնց ժամանակ մրցանակիր երեխաներին կշնորհվեն իրենց մրցանակները, իսկ տնօրեններին` բոլոր մասնակից երեխաների եւ դպրոցի հավաստագրերը:

Դավիթ Սահակյանն ասել է, որ «Այբ» կրթական հիմնադրամը շատ դրական արձագանքներ է ստացել մրցույթի արդյունքների վերաբերյալ, բայց եղել են նաեւ բողոքի բացառիկ դեպքեր, որոնք պայմանավորված են միջոցառման գաղափարախոսության սխալ ընկալմամբ:

ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանն ասել է, որ «Կենգուրու» մրցույթը պետք է ընկալվի նախեւառաջ որպես սեփական մաթեմատիկական գիտելիքների եւ տրամաբանելու ընդունակության գնահատման հնարավորություն, այլ ոչ թե մրցություն աշակերտների կամ դպրոցների միջեւ: