15:20 | 21.05.09 | Նորություններ | 4168
Երեւան /Մեդիամաքս/. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի կրթական մրցանակներն ուսանողներին եւ աշակերտներին կհանձնվեն 2009թ. սեպտեմբերին:
Ինչպես այսօր հայտնել է “Սինոփսիս-Արմենիա” ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, այս տարի մրցանակաբաշխությունը տեղի կունենա հինգերորդ անգամ:
Մրցույթին մասնակցում են Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանը /ԵՊՃՀ/, Երեւանի պետական համալսարանը /ԵՊՀ/, Հայ-ռուսական համալսարանը, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան, Հայաստանի ամերիկյան համալսարանը, ինչպես նաեւ ֆիզիկակաթեմատիկական թեքումով 6 դպրոցներ:
2009 թվականին նախատեսված են հետեւյալ անվանակարգերը` գլխավոր մրցանակ ($1200), լավագույն ասպիրանտ (I եւ II աստիճանի), լավագույն մագիստրոս (I եւ II աստիճանի), լավագույն բակալավր (I եւ II աստիճանի), լավագույն ուսանողուհի եւ լավագույն աշակերտ:
Իրենց բուհը կամ ուսումնական հաստատությունը ներկայացնող ուսանողները եւ աշակերտները հարցազրույց են ունենալու մրցութային հանձնաժողովի անդամների հետ, որի ընթացքում նրանց տրվելու են հարցեր արվեստի, մշակույթի, քաղաքականության, տնտեսագիտության, ՏՏ եւ այլ ոլորտներից: Հարցազրույցի ընթացքում մրցույթի մասնակիցը պետք է նաեւ 1 ժամվա ընթացքում գրի շարադրություն հանձնարարված թեմայով:
“Մեր խնդիրը բազմակողմանիորեն զարգացած եւ ինտելեկտուալ ուսանող կամ աշակերտ բացահայտելն է”,- ասել է Հովիկ Մուսայելյանը:
Մրցույթին մասնակցելու համար անհարժեշտ փաստաթղթերի ցանկը, որոնք պետք է ներկայացնել մինչեւ հուլիսի 10-ը, կհրապարակվի վերոնշյալ բոլոր բուհերում եւ դպրոցներում: