15:26 | 23.04.09 | Նորություններ | 3524

ՀՀ կառավարությունը հաստատել է ՏՏ ոլորտի զարգացման պետական աջակցության 2009թ. ծրագիրը

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ ոլորտի զարգացման պետական աջակցության 2009թ. ծրագիրը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, կառավարության նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայտնել է, որ կառավարությունը նախատեսում է ՏՏ ոլորտի զարգացմանը հատկացնել 250 մլն դրամ Համաշխարհային բանկի վարկային ծրագրի միջոցներից:

Նրա խոսքերով, 62,2 մլն դրամն ուղղվելու է Miсrosoft Armenia ընկերությանը` պետական կառավարման մարմինների համար արտոնագրված ծրագրեր ձեռք բերելու նպատակով: Պետական աջակցության ծրագրի շրջանակներում կառավարությունը հատկացնելու է 10 մլն դրամ` ՏՏ ոլորտի հետազոտության, վերլուծության, ցուցանիշների եւ ձեռնարկությունների մասին ձեռնարկի հրատարակման համար, ասել է էկոնոմիկայի նախարարը:

Ներսես Երիցյանն ասել է, որ Հայաստանը շարունակելու է մասնակցել ՏՏ ցուցահանդեսների եւ ֆորումների, ինչպես նաեւ` կազմակերպել դրանք: