Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ France Telecom-ի գլխավոր տնօրեն Դիդյե Լոմբարն այսօր Փարիզում հայտարարել են Հայաստանի հանրային հեռուստատեսության /Հ1/ հաղորդումները Orange-ի հեռուստատեսային ցանցում ներառելու մասին:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են France Telecom-ի մամլո ծառայությունում, Հ1-ի ծրագրերն այսուհետ հասանելի են Orange-ի ADSL ցանց-ի 305-րդ ալիքով:
Ընկերության մամլո ծառայութունում հիշեցրել են, որ Հայաստանի եւ France Telecom-ի հարաբերությունների հիմքը դրվել է 1988 թվականին, երբ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո ֆրանսիական օպերատորը Հայաստան էր ուղարկել շարժական արբանյակային ալեհավաք` արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու նպատակով: 2000 թվականից սկսած, France Telecom-ն աջակցում է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ամենամյա ֆոնետոնի կազմակերպմանը:
Մամլո ծառայությունում նշել են, որ մինչեւ տարեվերջ Հայաստանում կսկսի գործել բջջային կապի Orange Armenia օպերատորը: