10:20 | 12.03.09 | Նորություններ | 4548
Երեւան /Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ” օպերատորը ներդրել է 60.6 մլն դրամ Հայաստանի ամերիկյան համալսարանում վիդեոկոնֆերանսի սրահի ստեղծման համար:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “ՎիվաՍել-ՄՏՍ” անունը կրող սրահի բացումը կայացել է մարտի 11-ին:
Վիդեոկոնֆերանսի սրահը համալրված է հեռահաղորդակցական ինտերակտիվ տեխնոլոգիաների համակարգով, իսկ դասախոսի եւ ուսանողների հաղորդակցումը տեղի է ունենում միաժամանակյա երկկողմ տեսաշարային եւ ձայնային ազդանշանների հաղորդման միջոցով:
“Հայաստանն աշխարհին ու աշխարհը Հայաստանին մոտեցնելը մեր խնդիրն է: Մենք պատասխանատու ենք Հայաստանում հմուտ եւ ճկուն մարդկային կապիտալի զարգացման համար: Ամենաժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը կրթության ոլորտում այսօր անհրաժեշտություն է, եթե մենք ուզում ենք դիմանալ շուկայական գլոբալ մրցակցությանը: Այսօր մենք պետք է կարողանանք գլոբալ մտածել: Իսկ վիդեոկոնֆերանսը հնարավորություն է տալիս հայաստանցի եւ արտասահմանցի հասակակիցներին հաղորդակցվել միմյանց հետ, հետազոտել, վերլուծել եւ կիսել տեղեկատվությունը”,- նշել է “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: