14:50 | 23.02.09 | Նորություններ | 4538

Որակյալ մասնագետների պակասը մնում է ՀՀ IT ոլորտի հիմնական խնդիրը

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ IT ձեռնարկությունների միությունը (UITE) կշարունակի համագործակցությունը կառավարության հետ` բիզնես մթնոլորտը բարելավելու եւ հարկային ու մաքսային վարչարարության չլուծված խնդիրները կարգավորելու նպատակով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին ասել է միության նախագահ Հովհաննես Ավոյանը` փետրվարի 21-ին Աղվերանում հանդես գալով ՀՀ IT ընկերությունների ղեկավարների ֆորումում:

UITE-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ընդգծել է կառավարության ուշադրությունը IT հատվածի նկամամբ` նշելով, որ ՙեթե 2008 թվականին պետական բյուջեով ոլորտի զարգացման համար նախատեսվում էր 100 մլն դրամ, ապա 2009թ.-ին այն արդեն կազմել է 250 մլն դրամ՚:

Կարեն Վարդանյանը նշել է IT ոլորտում որակավորված մասնագետների թվի կտրուկ ավելացման անհրաժեշտությունը` շեշտելով գործատուների եւ ուսանողների սերտ համագործակցության կարեւորությունը: Այդ համատեքստում վերաորակավորման եւ հավաստագրման կենտրոններ ստեղծելու նպատակով IT ձեռնարկությունների կոնսորցիում ստեղծելու գաղափար է արտահայտվել:

“Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը հայտնել է, որ 2008 թվականին Հայաստանում գործում էր 175 IT ձեռնարկություն, որոնցից 56-ը արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր էին:

Ընկերությունների 23%-ը զբաղվում է ծրագրային ապահովման արտասահմանյան պատվերների կատարմամբ (աութսորսինգ):

“ՀՀ IT հատվածի ընդհանուր եկամուտները 2008 թվականին կազմել են $ 110 մլն` տարեկան 27% միջին աճով”,- ասել է Բագրատ Ենգիբարյանը:

ՀՀ հատվածի հիմնախնդիրների թվում Բագրատ Ենգիբարյանը նշել է որակյալ մասնագետների ու գիտահետազոտական աշխատանքների ծավալի անբավարար մակարդակը: