Այսօր տեխնոլոգիաների աշխարհում կայուն տեղ գտնելը մեծ մարտահրավեր է, սակայն HerculesAI-ի (նախկինում՝ ZERO) համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Գեւորգ Կարապետյանի եւ իր թիմի պատմությունը ցույց է տալիս, որ ճիշտ գաղափարները ու բարդ ճանապարհով գնալը կարող են բացել դռներ։
Վերջերս ընկերությունը հայտնել է $26 միլիոն B սերիայի ներդրում ստանալու եւ ռեբրենդինգի մասին։ 2017 թվականից այն աշխատում է մասնագիտական ծառայությունների ավտոմատացման ուղղությամբ՝ կենտրոնանալով իրավական, ապահովագրության եւ մեծ ձեռնարկությունների որոտներում: Արդեն մի քանի տարի է, ինչ մշակում է սեփական լեզվական մեծ մոդելները (LLM) նախքան հանրային գիտակցությունում դրանց լայնամասշտաբ տարածումը։
Գեւորգ Կարապետյանը iTel.am-ի հետ զրույցում պատմել է ընկերության ստեղծման, տեսլականի, ինչպես նաեւ Հայաստանի AI ապագայի ու մարտահրավերների մասին։
Գաղափարն ու ծնունդները
Մեր պատմությունը հետաքրքիր է սկսվել․ սեպտեմբերի 20-ին՝ ծննդյանս օրը, իմ ընկեր Ալեքսը զանգեց ու ասաց, որ նոր գաղափար ունի տեղեկատվության վերլուծության ու ամփոփման վերաբերյալ։ Այն, ինչը հիմա շատ ակտուալ է, մենք քննարկում էինք 10 տարի առաջ։ Շատ մեծ ինֆորմացիայի հոսքեր են ստանում ղեկավարները, բիզնեսի մարդիկ ու տեղեկատվության գերբեռնվածության խնդիր կա։
Գեւորգ Կարապետյանը
photo © Մեդիամաքս
Սկսեցինք քննարկել՝ ինչ տեխնոլոգիա կարող ենք մշակել, որը կարող է մաքրել աղմուկն ու առանձնացնել ազդանշանը։ Այն ժամանակ այդ ուղղությունն ինձ շատ հետաքրքրեց ու հասկացա՝ խնդիրը մասշտաբային է։ Շատ արագ որոշում կայացրի ու միացա նախաձեռնությանը։ Սովորաբար իմ կյանքի կարեւորագույն որոշումները շատ արագ եմ կայացրել ու սա էլ բացառություն չէր։ Հիմա իմ եւ ընկերության ծնունդները նույն օրն ենք նշում։ Այսպես սկսել է մեր ճանապարհը։
Ընկերության գործունեությունը զուգահեռ երկու երկրում՝ Հայաստանում ու Միացյալ Նահանգներում ենք սկսել: Ալեքսը բիզնեսի առաջխաղացման գծով է, իսկ ես՝ տեխնիկական ուղղությամբ։ Հետո հավաքեցինք մեծ ինժեներական ու բիզնես թիմեր։ Ավելի արդյունավետ կառավարման, արագ ու ճիշտ որոշումներ կայացնելու նպատակով ինքս էլ տեղափոխվել եմ Սան Ֆրանցիսկո։
Բարդ ճանապարհ ընտրելու առավելությունըԵս եկել եմ ակադեմիական ոլորտից, իմ թեկնածուականը պաշտպանել եմ բժշկական սարքերի մշակման ուղղությամբ։ Շատ մեծ հաշվարկներ պարունակող համակարգերի վրա էի աշխատում, օրինակ՝ մաշկի քաղցկեղը որոշող սարքի եւ նմանատիպ այլ նախագծերի վրա։ Ես հավատում էի հենց սարքավորումների ուժին, որ դրանք աստիճանաբար կատարելագործվում են ու հնարավոր է շատ ծանր խնդիրներ լուծել ու գործեր իրականացնել հենց սարքավորումների միջոցով։
photo © Մեդիամաքս
Երբ սկսեցինք Ալեքսի հետ աշխատել, առաջարկեցի, որ մեր գործողությունները չկատարենք ամպային համակարգերում։ Շատերը չէին հասկանում իմ այդ որոշումը, քանի որ այդ շրջանում զարգանում էին ամպային տեխնոլոգիաները, python գրադարանները, որոնք թույլ էին տալիս բավականին հեշտ գործողություններ կատարել ամպում։
Մենք ընտրեցինք հին ու ամենադժվար ճանապարհը, ինչն էլ մեզ տվեց նոր հնարավորություններ՝ տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը։ Տվյալների ուժեղ պաշտպանության շնորհիվ մենք միանգամից հետաքրքիր դարձանք այնպիսի ոլորտների, որոնց համար առանցքային է տվյալների գաղտնիությունը։ Դրանցից մեկը իրավաբանական ոլորտն է, որում մեծաքանակ տվյալներ են շրջանառվում։ Դրանք բավականին լավ պիտակավորված են (labeled), դա թույլ տվեց մեզ մարզել արհեստական բանականության մեր մոդելները։
Տեխնոլոգիական զարկերակը, թերահավատությունն ու AI ֆուրորն 2020 թվականին, երբ թողարկվեց բաց-կոդով (open source) տրանսֆորմերների առաջին մոդելը՝ Google Bard-ը, հասկացանք, որ սա փոխելու է աշխարհն ու շատ ավելի մասշտաբային ու ընդլայնված խնդիրներ է լուծելու իր նոր ճարտարապետության շնորհիվ։ Սկսեցինք աշխատել դրա հետ ու մեր տեխնոլոգիան ավելի ընդլայնել։
photo © Մեդիամաքս
Մեր խոշոր հաճախորդներին, որոնք դեռ հին տեխնոլոգիաներն էին օգտագործում, առաջարկեցինք փորձել մեր նոր լուծումը։ Դրա շնորհիվ նրանք այլեւս կարիք չունեին այնպիսի լուծման, որը կոնկրետ տվյալների մեկ տեսակի համար է նախատեսված, փոխարենը ցանկացած տեսակի ու կաղապարով տվյալ հնարավոր էր մշակել ու վերհանել։
Ասում էին՝ անհնար է ու հեքիաթ, նշում, որ աշխարհի խոշորագույն ընկերությունների հետ են համագործակցում։ Մենք նրանց էինք ներկայացնում մեր մշակումն ու փորձելու հնարավորություն տալիս։ Մեկ նախատիպը ցանկացած տեսակի տվյալ հասկանում, վերլուծում եւ մշակում է․ սա ուղղակի ֆուրոր էր։
Խոսքը վերաբերում է Fortune 500 ընկերություններին, որոնք հաճախ շատ պահպանողական են՝ դանդաղ գործընթացներով, բյուրոկրատական ու կարծրացած համակարգով։ Այսպիսով` ձեռք բերեցինք հաճախորդներ, որոնք աշխատում էին նոր տրանֆորմերիների վրա հիմնված ճարտարապետությամբ ու լեզվական մոդելներով լուծումով։ Այն, ինչ հիմա նոր է ու բոլորը գնում են դրան, մենք մշակել ենք դեռ 2020-ից։
photo © Մեդիամաքս
Առաջին համագործակցությունը մեզ շատ օգնեց. արտադրական պրոցեսում ձեռք բերեցինք արժեքավոր հաճախորդ, որն իրական ժամանակում օգտագործում է մեր մշակումն ու արձագանքներ թողնում, որին կարող էինք հղումներ տալ։ Սա մեր առջեւ դռներ բացեց դեպի մեծ ձեռնարկություններ։
ZERO-ից դեպի HerculesAI Երբ սկսեցինք մշակել նոր հարթակը, ի սկզբանե այն անվանել էինք Hercules: Մեր մյուս պրոդուկտների շարքում մեկն է, որ կրում է հունական դիցաբանության որեւէ աստծո անուն։
Ձեռնարկությունների աշխարհում ցանկանում էինք ավելի շատ առաջխաղացնել հենց Hercules հարթակն ու որոշեցինք ռեբրենդինգ անել։ ZERO-ից դարձանք HerculesAI։
photo © Մեդիամաքս
Hercules-ը գեներատիվ AI-ի 3 հիմնական բաղադրիչ ունի՝ տվյալների քաղհանումը, դրանց տրանսֆորմացիան եւ նույնականացումը։
Մենք ունենք պրոդուկտներ, որոնք ստուգում են տրանզակցիոն տվյալների ճշգրտությունը տարբեր կանոնադրությունների ու քաղաքականությունների հետ։ Նման պրոդուկտների օգտագործումը կարող է հազար անգամ բարձրացնել ու նոր մակարդակի տանել աշխատանքի արդյունավետությունը։
Մենք շատ ենք հետեւում տեխնոլոգիական նոր զարգացումներին, ինքս ամեն օր մի շարք գիտական հոդվածներ եմ կարդում ու մեր թիմն էլ անընդհատ ձեռքը պահում է ժամանակի զարկերակի վրա։
Հայաստանյան գրասենյակում ունենք մոտ 50 աշխատակից, տեխնիկական թիմն է։ Ընկերությունում ընդհանուր 75 հոգի ենք։ Գլխամասը Սիլիկոնյան հովտում է։ Կանադայում ու եվրոպական մի քանի երկրում ներկայացուցչություններ ունենք։
$26 միլիոն B սերիայի ներդրումն ու զարգացման հաջորդ փուլըՄեր գլխավոր նպատակն է առաջ շարժվել ու աճել բոլոր այն ոլորտներում, որտեղ ունենք ներկայություն: Մեր հիմնական ուղղություններն են իրավաբանական, ֆինանսական, ապահովագրության ոլորտները:
Ֆինանսավորումը ղեկավարում է Streamlined Ventures-ը՝ Proof VC-ի, Thomson Reuters Ventures-ի, Alumni Ventures-ի եւ ոլորտի տարբեր հրեշտակ ներդրողների մասնակցությամբ:
photo © Մեդիամաքս
ԱՄՆ-ի 100 լավագույն իրավաբանական ընկերությունների 30%-ն արդեն մեր հաճախորդն է: Ունենք նաեւ Fortune 500-ի հաճախորդներ, այդ թվում՝ Mercer-ը, Standard & Poor’s-ը եւ State Farm-ը:
Մեծ ձեռնարկությունների հետ աշխատանքը բավականին հետաքրքիր է։ Երկկողմանի սիներգիա կա, մեզ է հետաքրքիր է մեծ խնդիրներ լուծելը, իրենց էլ, թե ինչպես է փոխվում բիզնեսը։
Ավելի արդյունավետ աշխարհը, AI-ն ու դրա կարգավորումներըԵս բավականին լավատես եմ ու համարում եմ, որ աշխարհը կատաստրոֆիկ ոչ արդյունավետ է ու շատ դանդաղ։ Բյուրոկրատիան շատ է, որոշումները՝ ոչ ռացիոնալ շատ դեպքերում:
Իմ կարծիքով, AI տեխնոլոգիաները կարող են որոշումներ կայացնելն էլ ավելի արագացնել։ Կստեղծվի ինքնակարգավորվող ու ինքնամաքրվող համակարգ եւ ինչպես ցանկացած հզոր գործիք, այնպես էլ սա կարող է կիրառվել եւ՛ լավ, եւ՛ վատ նպատակներով։
photo © Մեդիամաքս
Ժամանակի ընթացքում, ինչպես մարդիկ են սոցիալական նորմերին ու օրենքներին ենթարկվում, այդպես էլ այս տեխնոլոգիաները կենթարկվեն կանոնների։
Ոլորտի կարգավորման երկու հիմնական մոտեցում կա․ եվրոպական, որն ավելի սահմանափակող է եւ ամերիկյան՝ ազատություն տվող, որը նախադեպի հիման վրա քննարկվում է ու որոշումներ կայացվում։ Ես ամերիկյան մոտեցմանն եմ ավելի կողմ։ Կարգավորումն անխուսափելի է, այս շրջանում դեռ պետք է ազատություն տալ։ Մենք դեռ սկզբում ենք գտնվում։
Հայաստանի դերը գլոբալ AI մրցավազքումՈրպես պետություն՝ Հայաստանը պետք է հասկանա, որ աշխարհը շատ արագ է փոխվում: Ինչպես մարդկության պատմությունը ցույց է տալիս, միշտ լավ դիրքում են ճկուններն ու ադապտացվողները։ Սա ճիշտ որոշումներ կայացնելու եւ արագության հետ է կապված։
Ցավոք, տեսնում եմ, որ շատ համակարգեր չեն համապատասխանում նոր ժամանակներին։ Մենք փոքր երկիր ենք ու մեր պետական համակարգում ներգրավված մարդիկ էլ են աշխարհի մակարդակով, համեմատաբար, փոքրաթիվ եւ հնարավոր է ճկունություն ունենալը։ Սա ամենակարեւոր կետն է, եթե դա չլինի, ապա ինչքան էլ աշխարհը փոխվի՝ մենք չենք կարող ժամանակին համընթաց քայլել։ Ես առաջարկում եմ որպես սկիզբ օգտագործել արհեստական բանականությունը հնարավոր բոլոր բնագավառներում, ինչը կնվազեցնի մեր այժմյան խոչընդոտները և կիրառումը կդարձնի ավելի արդյունավետ ու ճկուն:
Հիմա մենք գտնվում ենք հնարավորությունների ու սպառնալիքների մեջտեղում։ Պետք է այնքան ճկուն ու խելացի լինենք, որ վերցնենք հնարավորությունները ու փակենք սպառնալիքները, քանի որ դրանք անվերջ են։
Գեւորգ Կարապետյանը
photo © Մեդիամաքս
Ինչ վերաբերում է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտին, ապա դեպի բյուջե մտնող գումարի ամենամեծ տոկոսը գոյանում է outsource-ից ու outstaffing-ից։ Մեծամասնությունը միջին մակարդակի ինժեներների հիման վրա է, սակայն մի քանի տարի անց նրանք արդեն մրցունակ չեն լինի։ Ավագ մասնագետները մի քանի AI գործիքի միջոցով կարող են մեծ խնդիրներ լուծել։
Մեր համայնքը պետք է մի քանի ուղղություն ընտրի ու խորանա, մասնագիտանա դրանցում. այն, ինչ մեզ է հարկավոր եւ աշխարհում էլ պահանջարկ ունի։ Անհրաժեշտ է այդ ուղղություններով համաշխարհային մեծ ընկերությունների ներկայությունն ապահովել այստեղ, ստեղծել նոր միաեղջյուր ընկերություններ, ներգրավել մասնագետներ արտերկրից եւ այլն։ Հայաստանը կարող է մրցունակ լինել։
Նունե Գրիգորյան Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի