Լոնդոնի ֆինտեխ ոլորտում տարիներ շարունակ փորձառություն ձեռք բերելուց հետո Ստեֆան Լուկասը 2023-ին տեղափոխվել է Հայաստան: Որպես FinTech Armenia-ի հիմնադիր եւ FAST հիմնադրամի գլոբալ ներգրավվածության գործընկեր՝ Ստեֆանը նպատակ ունի Հայաստանում ձեւավորել ծաղկող ֆինտեխ էկոհամակարգ:
FAST հիմնադրամը, որը հայտնի է գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում նորարարական ծրագրերով, համագործակցում է Ստեֆանի հետ՝ Եվրոպայում լայնածավալ միջազգային նախագծեր իրականացնելու համար:
Նրա ճանապարհը կապված է ոչ միայն բիզնեսի հետ, այլեւ անձնական է՝ արմատավորված ընտանեկան ժառանգությամբ եւ բարեգործական աշխատանքին նվիրվածությամբ: Itel.am-ի հետ զրույցում Ստեֆանը կիսվել է FinTech Armenia-ի ստեղծման, FAST հիմնադրամի հետ համագործակցության եւ Հայաստանում ֆինտեխ ոլորտի մարտահրավերների ու ապագայի մասին։
Հայկական արմատներն ու Հայաստան վերադարձը
Իմ ընտանիքն ունի հայկական արմատեր։ Մենք հայեր ենք Հնդկաստանից, Իրանից, Ինդոնեզիայից, Սյունիքից։ Ես ծնվել եմ Լոնդոնում, երբ բավականին երիտասարդ էի, տեղափոխվեցինք Ֆրանսիայի հարավ, հիմա ապրում եմ Եվրոպայի եւ Հայաստանի միջեւ։
Սովորել եմ Սոֆիա Անտիպոլիսում գտնվող միջազգային դպրոցում, որը Ֆրանսիայի տեխնոլոգիական կենտրոնն է: Այն համարվում է Ֆրանսիայի Սիլիկոնյան հովիտը: Գրեթե երկու տասնամյակ աշխատել եմ ֆինտեխ ոլորտում՝ ֆինանսական ծառայությունների տեխնոլոգիաների մշակման եւ թվային փոխակերպման ուղղությամբ:
Ստեֆան Լուկասը
photo © Մեդիամաքս
Ընտանիքս զբաղվում է բարեգործությամբ. ծնողներս ակտիվ են 20-30 փոքր բարեգործական կազմակերպություններում: Քույրս երեք տարի առաջ է տեղափոխվել Հայաստան՝ օգնելու Սյունիքի սահմանամերձ գյուղերի ընտանիքներին։ Դա ինձ եւս ոգեշնչեց, որպեսզի 2023 թվականին գամ Հայաստան, քրոջս եւ Հայաստանի մեր փոքրիկ թիմի հետ մեկնեմ երկրի հարավ՝ օգնելու սահմանամերձ բնակիչներին:
Երբ ուզում ես օգնել երկրիդ, պետք է հասկանաս՝ որոնք են ուժեղ կողմերդ, իսկ իմ ուժեղ կողմերն են ֆինտեխը գործարար ցանցի եւ փորձի առումով, մի քիչ AI-ը, գոլֆը եւ բարեգործությունը: Դրանք համատեղել եմ Հայաստանում ու ահա այստեղ եմ։
Ֆինանսական տեխնոլոգիաների փորձն ու FinTech Հայաստանի հիմնումըԼոնդոնում ինձ բախտ է վիճակվել հանդիպել լորդ Փիթեր Քրուդասին, ով դեռ 1995 թվականին ստեղծել է Լոնդոնի ֆինանսական կապիտալի շուկաների առաջին թվային էլեկտրոնային առեւտրային հարթակը: Ես նրանից շատ բան եմ սովորել ֆինտեխ արդյունաբերության մասին: Բավականին հետաքրքրված էի եւ որոշեցի կարիերա սկսել հենց այս ոլորտում: Աշխատել եմ բարձր աճ ունեցող մի շարք ստարտափների, ՓՄՁ-ների, մասնավոր կապիտալի հիմնադրամների, մեծ ընկերությունների համար, ինչպես նաեւ՝ CME Group-ի նման ֆոնդային շուկայում, որն աշխարհի ամենամեծ եւ ամենահին էլեկտրոնային առեւտրի հարթակն է:
Մենք սկսել ենք Fintech Armenia-ն 2023-ին, այս տարի այն շատ ավելի արագ է առաջ շարժվում: Fintech Armenia-ի առաջնային նպատակն ու առաքելությունն է զարգացնել, ընդլայնել ֆինտեխ էկոհամակարգը Հայաստանում եւ երկրից դուրս, նաեւ կամրջել Արեւմուտքը, Ասիա-խաղաղօվկիանոսյան երկրներն ու Հայաստանը: Վերջապես, իմ լուման ներդնել Հայաստանի հզորացման գործում։
Մարտահրավերներ եւ հնարավորություններ Հայաստանի ֆինտեխումՄարտահրավերներ կան տեղական շուկայի, բանկերի, ֆինտեխ էկոհամակարգի, ստարտափների, ներդրումային հիմնադրամների, ամբողջական էկոհամակարգի կողմից ընդունման եւ աջակցության ձեռքբերման հետ կապված: Մի քանի ամիս պահանջվեց տեղի միջավայրը վերլուծելու եւ տեղացիների հետ ժամանակ անցկացնելու համար, շարունակում եմ անել ամեն օր: Իսկ դա մարտահրավեր էր՝ այդ աջակցությունը ստանալով բոլոր հիմնական խաղացողներից՝ Կենտրոնական բանկից, առեւտրային բանկերից, ստարտափներից եւ այլն:
Մյուս մարտահրավերը միջազգային հանգույցների եւ կամուրջների կառուցումն է, որոնք կապում են Հայաստանը Լոնդոնի կամ Նյու Յորքի, Սան Ֆրանցիսկոյի կամ Սինգապուրի հետ եւ այլն։
photo © Մեդիամաքս
Լավ նորությունն այն է, որ Միացյալ Թագավորությունում բավականին շատ հանդիպումներ եմ ունեցել իմ գործընկերային ցանցի եւ ոլորտի ընկերների, չինական բանկային եւ վճարային, առեւտրային եւ թվային բանկային խաղացողների հետ, նույնիսկ կարգավորող մարմինների հետ՝ նրանց կողմից աջակցություն եւ համաձայնություն ստանալու գալ Հայաստան, Fintech Armenia գագաթնաժողովին եւ դիտարկել Հայաստանի հետ գործընկերության հնարավորություններն ու աշխատել հայաստանյան ֆինտեխ ոլորտի հետ:
Այսպիսով, ներկայում մենք ստեղծում ենք հիմնադրամ, պատրաստվում ենք գործարկել ասոցիացիա, որն ունի ավագ խորհուրդ, ներառյալ՝ որոշ խոշոր խաղացողներ Հայաստանի եւ միջազգային մակարդակում։ Դեռեւս անուններ չեմ կարող տալ, բայց ամեն ինչ հրապարակային կլինի շուտով:
Հայաստանում Fintech լանդշաֆտի զարգացման միտումներըԲաց բանկինգը թիվ մեկն է, դա տեղի է ունենում Արեւմուտքում եւ լինելու է Հայաստանում։ Եթե մի պահ նայենք ոլորտին, կտեսնեք, որ Կենտրոնական բանկը, բանկերը եւ ստարտափները շարժվում են դեպի բաց բանկային գործունեություն եւ աստիճանաբար բացում վճարային համակարգերը: Հայաստանը դեռ պահպանողական է եւ զգույշ։
Կտեսնենք նաեւ AI-ի ավելի շատ ինտեգրում առկա էլեկտրոնային առեւտրի հարթակներում, ֆինանսական ծառայություններում, ներդրված ֆինանսների աճ, ինչպիսիք են ինտեգրված ֆինտեխը, plug-in լուծումները, հավելվածները:
Մեկ այլ միտում էլ կա. սուպեր հավելվածների եւ լիովին ինտեգրված սուպեր տեխնոլոգիական հարթակների աճն է: Այսպիսով, հնարավոր է՝ մի օր բանկը ներառվի մուլտի-ոլորտներում, IoT-ի, Big Data-ի հետ մեկ սուպերհավելվածի մեջ:
Ստեֆան Լուկասը
photo © Մեդիամաքս
Իհարկե, բլոկչեյնի աճը: Մարդիկ տարիներ առաջ շատ ոգեւորված էին բլոկչեյնով, Bitcoin-ի եւ Ethereum-ի փոխարժեքների բարձրացմամբ, բայց դա այն չէ, ինչի մասին խոսում եմ: Բլոկչեյնը իրականում փոխակերպում է արդյունաբերությունը տեխնոլոգիական տեսանկյունից:
FAST հիմնադրամի հետ համագործակցությունը եւ նոր դերը10 տարի առաջ Լոնդոնում հայկական բիզնես միջոցառման ժամանակ ծանոթացա Ռուբեն Վարդանյանի հետ: Նա առաջարկեց ինձ թիմով գալ Հայաստան։ Մենք Լոնդոնում մշակում էինք աշխարհի առաջին HTML5 առեւտրային հարթակը: Ես ուզում էի գալ Հայաստան եւ օգնել նրան վերափոխել Ամերիաբանկը: Նպատակն ու գաղափարը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակագրելն էր։ Որոշակի փորձ ունեի աշխատելու FTSE-ում գրանցված ընկերությունում՝ IG Group-ում, որը Եվրոպայի ամենամեծ հարթակն է:
Ցավոք, այն ժամանակ պատրաստ չէի, կարծում եմ՝ Ամերիաբանկը եւ Հայաստանը եւս պատրաստ չէին այս վերափոխմանը։ 10 տարի պահանջվեց, որպեսզի Հայաստանը զարգանա ու դառնա իսկական բարձր աճի ներուժ ունեցող տեխնոլոգիական կենտրոն: Ժամանակը հենց հիմա է, մենք կարող ենք սկսել եւ սերմը տնկել հիմա։
Ես հանդիպեցի նաեւ FAST-ի հիմնադիր գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանին, նա իմ ընկերն է եւ մենեջերը: Մենք խոսեցինք FAST-ի մասին, թե ինչպես այն կարող է դառնալ հարթակ, որ ինձ պես մարդիկ գան եւ օգնեն Հայաստանին։
Ես FAST-ի համաշխարհային ներգրավվածության գործընկերն եմ: Սա գլոբալ դեր է: FAST-ն ուժեղ է ԱՄՆ-ում, բայց նոր է Եվրոպայում: Նպատակ ունենք գնալ եվրոպական շուկա եւ ներդնել FAST առաքելությունը եվրոպական առանցքային երկրներում: Մենք արդեն մեծ շրջագայություն ենք ունեցել Եվրոպայով, բարձրացրել իրազեկվածությունը մեր առաքելության մասին: Պահանջարկն ու հետաքրքրությունը մեծ է: Վերջերս հայտարարեցինք նոյեմբերի 16-ին Փարիզում կայանալիք գալա ընթրիքի մասին:
Ստեֆան Լուկասը
photo © Մեդիամաքս
Հայաստան տեղափոխվելիս հաջողության հասնելու կարեւոր խորհուրդներԲավական խնայողություններ ունեցեք, եկեք այստեղ, ձեզ 12-ից 18 ամիս ժամանակ տվեք: Ժամանելուց առաջ հանդիպեք բոլոր առանցքային մարդկանց, ում կարող եք: Խնդրեք՝ տեղացիները ծանոթացնեն ձեզ մարդկանց հետ, ում կարծում եք, որ պետք է հանդիպել: Ուսումնասիրեք օրենքները, կանոնակարգերը, ձեր կողքին ունեցեք մեկ կամ երկու լավ իրավաբան, հարցեր տվեք եւ պարզեք երկու բան՝ երկրի կարիքներն ու բացերը եւ հնարավորությունները: Հետո փորձեք ձեր ուժեղ կողմերը ծառայեցնել երկրին:
Պետք է չհանձնվել, նվիրվել գործին, ճկուն լինել եւ պարզապես ամեն օր առաջընթացի փոքր քայլեր կատարել՝ առանց չափազանց ագրեսիվության: Ակնհայտորեն կա գոյություն ունեցող շուկա, մտածելակերպ եւ արդյունաբերություն, պետք է լավ ուսումնասիրել, հասկանալ եւ ճիշտ գործողություններ անել երկրի համար:
Նունե Գրիգորյան Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի