10:30 | 19.08.24 | Հոդվածներ | 8079

Zenbook S 16. ASUS-ի նորույթն՝ արհեստական բանականության գործառույթներով

ASUS ընկերությունը հայտնի է որպես ոճային եւ հզոր սարքերի արտադրող: Այս տարի արտադրողները նոր շունչ են հաղորդել Zenbook շարքին՝ ներկայացնելով գերբարակ պրեմիում նոթբուք Zenbook S 16-ը: Այս շարքը միշտ աչքի էր ընկնում իր բարձր որակի կոմպակտ սարքերով, եւ այս մոդելը նույնպես ներկայացնում է վերջին տեխնոլոգիական ձեռքբերումները։

Ըստ արտադրողների՝ նոթբուքն առանձնանում է առաջադեմ արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառմամբ եւ հզոր պրոցեսորով, որն ապահովում է անթերի արտադրողականություն։ Միեւնույն ժամանակ, ինչպես Zenbook շարքի մյուս մոդելները, ուլտրա բարակ նոթբուքը ոչ միայն օժտված է յուրահատուկ տեխնիկական բնութագրերով, այլեւ՝ տարբերվող դիզայնով, որն ընդգծում է իր նրբագեղությունն ու արդիականությունը: Բացի այդ, նոր մոդելը պատրաստված է գերդիմացկուն նյութից։

Այս հոդվածում կանդրադառնանք մոդելի առանձնահատկություններին, ներառյալ AI տեխնոլոգիաներին, որոնք այնքան կարեւոր են խստապահանջ օգտատերերի համար:

Գերդիմացկուն նյութեր եւ նրբագեղ դիզայն

Առաջին հերթին աչքի է ընկնում նոր մոդելի նրբագեղ ու կոկիկ դիզայնը։ ASUS-ը հավատարիմ է մնում Zenbook շարքի ավանդույթներին՝ առաջարկելով անթերի արտադրողականություն եւ եզակի նյութեր: Նոթբուքը հասանելի է երկու գույնով․սպիտակ տարբերակը նրբագեղ եւ թարմ տեսք ունի, մինչդեռ մուգ երանգն ավելի է ընդգծում կափարիչի գծերը եւ փայլատ ծածկույթի շնորհիվ օգտագործման ժամանակ մատերի հետքեր չեն մնում։

Ամենանշանակալի նորամուծություններից է նոթբուքի կորպուսի նյութը։ Ceraluminum-ը բարձր որակի տեխնոլոգիական նյութ է, որն օգտագործվում է նաեւ ավիատիեզերական տեխնիկայի եւ թանկարժեք ժամացույցների արտադրության մեջ: Դա ալյումինի օքսիդն է, որն անցել է բարդ քիմիական գործընթաց։ Դրա շնորհիվ այն թեթեւ է եւ ամուր։ Ինչպես նախորդ մոդելները, նոր Zenbook-ը փորձարկվել է MIL-STD 810H ռազմական հուսալիության ստանդարտների համաձայն, որոնք ներառում են տարբեր թեստեր, ծայրահեղ ջերմաստիճանի ժամանակ փորձարկումներ եւ այլն:

Գերկայուն նյութերի օգտագործումը չի ազդել շարժունակության վրա: Նոթբուքը կշռում է ընդամենը 1,5 կգ, իսկ հաստությունը՝ 11,9 մմ։ Այսպիսով, նոթբուքը բարակ է եւ թեթեւ: Այն ունի հարմարավետ ստեղնաշար՝ 1,4 մմ ստեղների սեղման խորությունով եւ կատարելագործված թաչփադ՝ Smart Gesture-ով, որը թույլ է տալիս կառավարել էկրանի պայծառությունը, ձայնը եւ հետ տալ վիդեոները:

Հիմնական բնութագրերը


Սկսենք հիմնական ցուցանիշներից, որոնցով կարող եք գնահատել սարքի աշխատանքը:

●    Պրոցեսոր՝ գերհզոր AMD Ryzen™ AI 9
●    Գրաֆիկա՝ AMD Radeon 890M Graphics
●    Էկրան՝ 16 դյույմանոց OLED էկրան (2880 x 1800 պիքսել)
●    Հիշողություն՝ 24 կամ 32 ԳԲ LPDDR5X-7500
●    Օպերացիոն համակարգ՝ Windows 11 Home/Pro
●    Պահոց՝ մինչեւ 2 ՏԲ SSD (PCIe 4.0)
●    Մարտկոց՝ 78 վԺ
●    Աուդիո՝ Harman/kardon աուդիո համակարգ վեց բարձրախոսով:

Արտադրողականություն

Պրոցեսորը ASUS Zenbook S 16-ի աշխատանքի կարեւոր տարրն է: Նորագույն AMD Ryzen AI 9 HX 370-ով հագեցած այս նոթբուքը օգտատերերին առաջարկում է հզորություն եւ արագություն, որն անհրաժեշտ է շատ ռեսուրս պահանջող առաջադրանքներ կատարելու համար: 12 միջուկանի պրոցեսորը, որը կարող է արագանալ մինչեւ 5,1 ԳՀց, աշխատում է 28 Վտ հաճախականությամբ՝ ապահովելով բարձր արտադրողականություն եւ միաժամանակ էներգաարդյունավետություն: Ներկառուցված Ryzen AI արագացուցիչն ապահովում է մինչեւ 50 TOPS AI արտադրողականություն:

Ինտեգրված AMD Radeon 890M գրաֆիկան՝ 12 գրաֆիկական միջուկներով, թույլ է տալիս AI-ի օգնությամբ բովանդակություն գեներացնել առանց հատուկ դիսկրետ գրաֆիկական քարտի անհրաժեշտության եւ խաղեր խաղալ FHD լուծաչափով:

Չնայած նոթբուքի կոմպակտ չափսերին՝ ASUS Zenbook S 16-ի օպերատիվ հիշողությունն ու պահոցը նույնպես տպավորում են իրենց արագությամբ եւ հզորությամբ: Մոդելը հագեցած է բարձր արագությամբ երկալիք մինչեւ 32 ԳԲLPDDR5X հիշողությամբ, որն ապահովում է առաջադրանքների կայծակնային արագ կատարում եւ բազմաֆունկցիոնալ աշխատանք: Մինչեւ 2 ՏԲ PCIe 4.0 SSD կուտակիչն ապահովում է տվյալների արագ հասանելիություն եւ ֆայլերի փոխանցման արագություն:

Յուրահատուկ հովացման համակարգ

Չնայած հզոր արդյունավետության՝ այս բարակ եւ թեթեւ նոթբուքը չի գերտաքանում առաջադեմ հովացման համակարգի շնորհիվ: Նվազագույն աղմուկով բարձրորակ հովացում ապահովելու նպատակով սարքը հագեցած է առաջադեմ լուծումներով: Համակարգն օգտագործում է գոլորշու խցիկ՝ ջերմությունը պրոցեսորից հեռացնելու համար, գրաֆիտի թերթիկ՝ ջերմությունը հավասարաչափ բաշխելու համար, ինչպես նաեւ երկու օդափոխիչ եւ օդափոխման ցանց, որն ունի հատուկ երկրաչափական դիզայն:

Այս նորամուծությունների շնորհիվ Zenbook S 16-ը պահպանում է օպտիմալ ջերմաստիճանը նույնիսկ բարձր ծանրաբեռնվածության դեպքում: Միեւնույն ժամանակ, թեթեւ առաջադրանքների ընթացքում օդափոխիչի աղմուկի մակարդակը չի գերազանցում 25 դԲ-ը, ինչը նշանակում է, որ սարքը գրեթե անձայն է աշխատում:

Արհեստական բանականության հնարավորությունները   


Ստեղնաշարի հատուկ Copilot ստեղն արդեն ցույց է տալիս, որ այս նոթբուքը պատկանում է նոր սերնդի սարքերին։ Այն նոր հնարավորություններ է բացում AI-ի օգտագործման համար պարզ առօրյա առաջադրանքների կատարման ժամանակ։ Օգտագործելով այս ստեղը՝ կարող եք «կանչել» AI օգնականին՝ բովանդակություն ստեղծելու, հարցեր տալու կամ ֆայլեր գտնելու համար օգնություն խնդրելու: Օգտատերերին հասանելի կլինեն նաեւ Windows-ի այլ AI գործառույթներ, օրինակ՝ տարբեր լեզուներից ենթագրերի թարգմանությունը, Cocreator նկարչական օգնականը եւ այլն: Դա տեղի կունենա օպերացիոն համակարգում արհեստական բանականության մինչեւ Copilot+ PC մակարդակ թարմացնելուց հետո։ Այն ներկայում մշակման փուլում է։

ASUS AI-ով աշխատող հավելվածները նախատեսված են օգտագործման տարբեր դեպքերի համար: AI-ը թույլ է տալիս բարելավել պատկերը, շտկել լուսավորությունը եւ հեռացնել աղմուկը տեսազանգերի ժամանակ: Կարող եք նաեւ օգտագործել ASUS StoryCube հավելվածը, որն օգնում է լուսանկարներ որոնել կամ արտահանել:

Պատկերը եւ ձայնը

Բարակ 3K կետայնությամբ NanoEdge OLED էկրանն ապահովում է վառ, դետալիզացված պատկեր, ինչն իդեալական լուծում է գրաֆիկական դիզայնով զբաղվող մասնագետների, լուսանկարիչների եւ վիդեո խմբագիրների համար: DCI-P3 գունային տարածության 100% ծածկույթը, սեւ գույնի խորը երանգները երաշխավորում են ճշգրիտ գունային վերարտադրություն, ինչը կարեւոր է գույների եւ մանր դետալների հետ աշխատող մասնագետների համար:

Նվազեցված վնասակար կապույտ լույսի շնորհիվ աչքերն ավելի քիչ են հոգնում, ինչը հատկապես կարեւոր է երեխաների առողջության համար։ Գերազանց արագության բնութագրերի (120 Հց եւ 0,2 մվ) շնորհիվ դինամիկ բովանդակությունը վերարտադրվում է անհավանական պարզությամբ:

Ներկառուցված վեց բարձրախոսով աուդիո համակարգը ապահովում է հզոր եւ հստակ ձայն՝ անմոռանալի դարձնելով ֆիլմեր դիտելը եւ երաժշտություն լսելը: Խորը բասերը եւ հստակ բարձր հաճախականությունը ձայնը դարձնում են վառ եւ հստակ, ինչը հատկապես կգնահատեն կինոյի սիրահարները: Օրինակ, մարտաֆիլմեր դիտելիս օգտատերերը կկարողանան վայելել ձայնային էֆեկտների ամեն մի մանրուք:

Լիցքավորումը

Նոր Zenbook S 16-ի հիմնական առանձնահատկություններից մեկը մարտկոցի անհավանական երկար աշխատանքն է, որը հատկապես կարեւոր է գրասենյակից դուրս աշխատող օգտատերերի համար: 78 Վտ/ժ հզորությամբ մարտկոցի շնորհիվ նոթբուքը կարող է առանց վերալիցքավորման աշխատել մինչեւ 20 ժամ։ Սա հատկապես օգտակար է երկար ճանապարհորդությունների, հանդիպումների կամ սրճարանում աշխատելու դեպքում:

Մարտկոցի ժամկետը ավելացել է մինչեւ 1200 լիցքավորման-լիցքաթափման ցիկլ: Այսպիսով, արտադրողները երաշխավորում են սարքի երկարաժամկետ հուսալիությունը եւ արդյունավետությունը: Լիցքավորման տեխնոլոգիան թույլ է տալիս արագ վերալիցքավորել սարքը USB-C միակցիչի միջոցով։ Բացի դրանից, կարող եք հեշտությամբ օգտագործել բջջային մարտկոցը կամ սմարթֆոնի լիցքավորիչը (5-ից մինչեւ 20 Վ):

Բացի USB-C միակցիչից, արտադրողները տրամադրել են ինտերֆեյսերի ամբողջական փաթեթ՝ USB-A պորտ, HDMI միակցիչ, համակցված աուդիո միակցիչ եւ SD քարտ ռիդեր։

Ամփոփենք

Նոր Zenbook S 16-ն ունիվերսալ սարք է, որը համատեղում է արդյունավետությունը, նրբագեղ դիզայնը եւ նորարարական տեխնոլոգիաները: Իր տարբերակիչ հատկությունների թվում պետք է առանձնացնել AI արագացուցիչով հզոր պրոցեսորը եւ նոր դիմացկուն նյութը։

Մարտկոցի երկարատեւ կյանքը՝ մինչեւ 20 ժամ, թույլ է տալիս օգտագործել սարքը գրասենյակից դուրս եւ ճանապարհորդության ընթացքում աշխատելիս: Zenbook S 16-ը, անկասկած, լավ լուծում է բարակ նոթբուքերի սիրահարների համար, որոնք գնահատում են շարժունակությունը եւ արտադրողականությունը։