13:28 | 23.05.24 | Նորություններ | 13921

Վիվա-ՄՏՍ-ը նոր տեխնոլոգիաներ է ներդրել Վայոց Ձորում

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) տարբեր ծրագրեր են իրականացրել՝ մարդ-վայրի բնություն հակասությունը մեղմելու ուղղությամբ:

Թեման արդիական է եւ կարեւոր՝ էկոգյուղերի ցանցի զարգացման տեսանկյունից նաեւ: Կարեւորելով թե՛ բնության պահպանությունը, թե՛ գյուղացիական տնտեսությունների զարգացումը՝ գործընկեր կազմակերպությունները չորս տարի առաջ «էլեկտրական հովիվների» ներդրման ծրագիր են սկսել:

Նման լուծման անհրաժեշտությունը Վայոց Ձորում վաղուց է ապացուցված: Տեղի ֆերմերները վերջին տարիներին ծուռթաթերի հարձակման հետեւանքով թե՛ մեղվափեթակներ, թե՛ խոշոր եղջերավոր կենդանիներ են կորցրել: Ֆերմերային այն տնտեսությունները, որոնք օգտվել են նոր տեխնոլոգիաներով աշխատող, արեւային էներգիայով սնուցվող «հովվի» ծառայությունից, հետագա տարիներին արջերի ներխուժման դեպքեր չեն արձանագրել: Նրանց հաջողվել է բերքը պաշտպանել կենդանիներից՝ առանց վերջիններիս վնասելու:

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) պատրաստվում են «էլեկտրական հովիվների» հերթական խմբաքանակը տրամադրել համայնքներին: Դա կարեւոր աջակցություն կլինի ֆերմերներին եւ կնպաստի վայրի բնության պահպանմանը: Արեւային էներգիայով աշխատող ժամանակակից համակարգերը հարմար են տարվա ընթացքում անընդհատ տեղափոխվող մեղվապահների եւ հեռավոր արոտավայրեր մեկնող ֆերմերների համար: Դրանք հեշտությամբ տեղափոխվում են, ապահովում են լոկալ աշխատանք, թույլ տալիս ցանկապատել անհրաժեշտ տարածքը եւ հեռացնել ցանկապատումը 10-15 րոպեի ընթացքում:

2019 թվականից սկսած համակարգերը ներդրվել են 50 տեղանքում. ցանկապատված տարածքի ընդհանուր մակերեսը կազմել է 475.000 քառակուսի մետր:
Էլեկտրական ցանկապատն աշխատում է բարձր լարմամբ, սակայն հոսանքի ցածր ուժով (ամպերաժով): Դրա արդյունքում կենդանիները ֆիզիկապես չեն տուժում, այլ տհաճություն զգալով այլեւս չեն մոտենում ցանկապատված տարածքներին: