17:12 | 20.05.24 | Նորություններ | 5504
Հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում կանցկացվի Նորարարության եւ տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT 2024)՝ «Մտքի ուժը. արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ` էթիկայի շրջանակում» խորագրի ներքո։
WCIT 2024-ը կմեկտեղի մեծանուն խոսնակների ելույթներ, պանելային քննարկումներ, B2B հանդիպումներ, մեծ ճանաչում ունեցող՝ ստարտափ ընկերությունների համար WITSA-ի համաշխարհային գավաթը (WITSA World Cup (WWC)), նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ եւ այլ միջոցառումներ:
WCIT 2024 կոնգրեսը տեղի կունենա ԴիջիԹեք Հայաստանի՝ տարածաշրջանում նորարարությանը եւ տեխնոլոգիաներին նվիրված ամենախոշոր ամենամյա միջոցառման հետ սերտ փոխգործակցության շրջանակում։
WCIT 2024-ի եւ ԴիջիԹեք-ի միջեւ համագործակցության բարձր մակարդակն ամրագրվել է միջոցառման համատեղ բրենդավորմամբ՝ խորհրդանշելով համապարփակ մոտեցում «Մտքի ուժին», հատկապես՝ հայկական ներուժին։
«ՀՀ կառավարությունը բարձր տեխնոլոգիաների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հռչակել է որպես տնտեսության զարգացման կարեւորագույն ուղղություն։ Այս համատեքստում կարեւորում ենք միջազգային տեխնոլոգիական համաժողովների եւ միջոցառումների անցկացումը Հայաստանում, քանի որ դրանք թե՛ բովանդակային, թե՛ Հայաստան նոր հնարավորություններ ներգրավելու առումով եւս մեկ անգամ գալիս են արձանագրելու Հայաստանի կարեւորագույն դերը համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա։
Կարծում եմ՝ WCIT-ն ընձեռելու է լավագույն հնարավորությունը՝ երկխոսելու միջազգային գործընկերների հետ, ներկայացնելու Հայաստանի տեխնոլոգիական ներուժն ամբողջ աշխարհում»- ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Համաժողովը կներկայացնի համընդգրկուն օրակարգ, մասնակիցների լայն աշխարհագրություն՝ ավելի քան 2,000 միջազգային պատվիրակ կայցելի Հայաստան միջոցառման օրերին։ Մասնակիցներին բացառիկ հնարավորություն կընձեռվի համաշխարհային նորարարական եւ տեխնոլոգիական լավագույն արդի փորձի փոխանակման համար, ինչպես նաեւ՝ մասնակիցը դառնալու առաջադեմ լուծումների բազմաբովանդակ հանդիպումների:
WCIT2024//DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանի խոսքով՝ Հայաստանը դիտարկվում է որպես նոր տեխնո հաբ․
«Մեզ համար պատիվ է հյուրընկալել եւ ներկայացնել WCIT2024/DigiTec-ը Հայաստանում: Մեր երկիրը դիտարկվում է որպես նոր տեխնո հաբ, եւ ուրախ ենք մեր հյուրերի եւ մասնակիցների հետ կիսվել առաջադեմ փորձով եւ գիտելիքներով։ 2024 թվականին WCIT-ի շրջանակում մենք համագործակցում ենք տարածաշրջանում ամենամեծ տեխնոլոգիական եւ նորարարական իրադարձության՝ DigiTec-ի հետ, որն ամեն տարի Հայաստանից եւ արտերկրից հազարավոր տեխնոլոգիական ընկերություններ է հյուրընկալում»:
«WCIT կոնգրեսը ձեւավորում է նորարարության եւ տեխնոլոգիաների ապագան, իսկ Հայաստանը, որպես նոր տեխնոլոգիական հաբ, նման հետաքրքրաշարժ իրադարձություն անցկացնելու համար լավագույն վայրն է:
Համոզված եմ, որ եւ՛ Հայաստանը, եւ՛ WCIT-ը դրական արդյունք կստանանք այս համագործակցությունից, իսկ միջոցառումն էական ազդեցություն կունենա ամբողջ աշխարհում տեխնոլոգիաների հետագա զարգացման եւ առաջխաղացման վրա»,- ասել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը:
«ՏՏ եւ ծառայությունների համաշխարհային դաշինքը (WITSA) մեծ ակնկալիքներ ունի այս տարվա միջոցառումից։ Համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա Հայաստանի ընդլայնվող դիրքը, ինչպես նաեւ 2019 թվականին WCIT-ի հաջող հյուրընկալումը, այն դարձնում է կատարյալ վայր այս կարեւոր քննարկումների եւ միջոցառումների համար:
Վերջին տարիներին Հայաստանը վերածվել է Կենտրոնական Ասիայի եւ Արեւելյան Եվրոպայի ստարտափների եւ տեխնոլոգիական ընկերությունների հաբի։ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը դեռ համեմատաբար երիտասարդ է, բայց այն արագորեն զարգանում է։ Գալիք տարիներին երկիրը համաշխարհային տեխնոլոգիական ասպարեզում գլխավոր խաղացող դառնալու ներուժ ունի»,-նշել է ՏՏ եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) նախագահող Դոկտր Շան Սիան:
Համաժողովն Արհեստական բանականության (ԱԲ) ապագայի եւ դրա սոցիալական ազդեցությունը եւ էթիկան ձեւավորող կարեւորագույն թեմաների շուրջ մի շարք միջոցառումներ է նախատեսում անցկացնել։
Տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ կքննարկեն Էթիկական նորարարությունը, Արհեստական բանականության (ԱԲ) մարդ-տեխնոլոգիա համագործակցությունը եւ համաշխարհային ազդեցություն ունեցող կանոնակարգերը՝ «Էթիկա, հասարակություն եւ կառավարում» թեմայով քննարկմանը:
«Կանաչ Արհեստական բանականության (ԱԲ)» թեմայով քննարկման ընթացքում կուսումնասիրվեն կայուն զարգացման համար բնագիտական գիտակցված լուծումները, իսկ «Արհեստական բանականությունը սոցիալական մեդիայում եւ մարքեթինգում» թեմայով քննարկումները կանդրադառնան մարգինալացված սպառողներին հասնելուն եւ շուկայավարման արդյունավետության բարձրացմանը:
Մեկ այլ թեմայով հանդիպման ընթացքում «ԱԲ-ի կանացի հմայքը» կխոսվի գենդերային հավասարության եւ թվային ոլորտում կանանց տնտեսական հզորացման մասին:
Տասնյակ պանելային քննարկումները կանդրադառնան ճգնաժամերի արձագանքման գործում ԱԲ-ի դերին, թվային նորարարություններին, ինչպես նաեւ ԱԲ-ի ապագան կերտող մարտահրավերներին ու հաջողված օրինակներին։
Առանձին հարթակ կտրամադրվի Արհեստական բանականության (ԱԲ) կառավարմանն ու կիրառությանը տարբեր մասնավոր եւ պետական հարթակներում։
WCIT 2024/DigiTec-ի գործընկերներն է ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության: