4Future Banking միջազգային համաժողովին Team Solutions ընկերությունը ներկայացրել է կոնտակտային կենտրոններին ամբողջական լուծում տրամադրող Zangezor պրոդուկտը։
4Future Banking-ը Հայաստանում էր համախմբել աշխարհի առաջատար բանկերի շուրջ 150 փորձագետի, որոնք կիսվել են իրենց փորձով ու գիտելիքներով մշտապես զարգացող բանկային ոլորտի վերաբերյալ:
Ծանոթացնելով ընկերության գործունեության ուղղություններին՝ Team Solutions ընկերության տնօրեն Տաթեւիկ Ավագյանը նշել է, որ իրենք մասնագիտացած են պետական կառավարման էլեկտրոնային համակարգերի եւ մասնավոր ոլորտին ուղղված ծրագրային լուծումների մշակման մեջ։
Ի թիվս բազմաթիվ իրականացրած եւ ընթացիկ նախագծերի՝ ընկերությունը մշակում է նաեւ սեփական պրոդուկտները, որոնց շարքում յուրահատուկ տեղ է զբաղեցնում Զանգեզորը։ Վերջինս զանգերի, էլեկտրոնային նամակների, կարճ հաղորդագրությունների եւ շուտով նաեւ սոցիալական հարթակներից ստացված հաղորդագրությունների մշակման ու սպասարկման միասնական համակարգ է, որը դյուրինացնում է ծառայություն մատուցող կազմակերպությունների սպասարկման գործընթացը՝ հաճախորդներին հնարավորինս արագ եւ համապարփակ արձագանք տալով։
«Համակարգի ճկունությունը հնարավորություն է տալիս Զանգեզորը հարմարեցնել ցանկացած ոլորտի ընկերության բիզնես գործընթացներին, ինչպես նաեւ ինտեգրել ընկերության ներքին համակարգերի հետ՝ էականորեն բարձրացնելով հաճախորդների սպասարկման արդյունավետությունը»,- ասել է ծրագրի ղեկավար Լիանա Տեր-Ավետիսյանը։
«Հաշվի առնելով մեր օրերում տեխնոլոգիական ոլորտի աննախադեպ զարգացումները, բնականաբար մենք եւս փորձում ենք ժամանակին համահունչ զարգացնել պրոդուկտը եւ մեր հաճախորդների համար ապահովել նորարարական լուծումներ։ Առաջիկայում ցանկանում ենք դուրս գալ նաեւ միջազգային շուկա»,- հավելել է Տաթեւիկ Ավագյանը:
Ներկայում փորձարկման փուլում է գտնվում նաեւ արհեստական բանականության գործիքակազմի ներդրումը համակարգում։
4Future Banking միջոցառումը ոլորտի մասնագետների համար ծառայել է որպես հարթակ՝ մտքեր փոխանակելու, զարգացող միտումները քննարկելու եւ թվային դարաշրջանում հաճախորդների զարգացող պահանջները բավարարելու նորարար մոտեցումներ ուսումնասիրելու համար:
Պանելային քննարկման եւ ելույթների ժամանակ խոսնակներն անդրադարձել են այնպիսի կարեւոր թեմաների, ինչպիսիք են հաճախորդների ֆիզիկական եւ թվային փորձառությունների միջեւ հավասարակշռությունը, թվային դարաշրջանում հաճախորդների հավատարմության ապահովումը, հաճախորդների հետ կայուն հարաբերությունների պահպանումը եւ այլն։
Team Solutions-ը հանդիսանում է Թիմ ընկերությունների խմբի մաս։