12:33 | 20.05.24 | Նորություններ | 669

Կայացել է BSides Yerevan 2024 կիբերանվտանգության համաժողովը

Մայիսի 18-19-ը տեղի է ունեցել կիբերանվտանգությանը նվիրված BSides Yerevan 2024 ամենամյա ոչ ֆորմալ համաժողովը:

Համաժողովի ընթացքում կիբերանվտանգության մասնագետները` ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, հանդես են եկել թեմատիկ զեկույցներով եւ պանելային քննարկումներով։

Համաժողովն իրականացվում է մայիսի 18-ից 26-ը Հայաստանում անցկացվող «Կիբերանվտանգության շաբաթ 2024»-ի շրջանակում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) եւ ՁԻՀ-ի «ՍայՀաբ Հայաստան» կիբերանվտանգության նախաձեռնության, ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության համագործակցությամբ։

Bsides-ը հարթակ է, որտեղ ոլորտի փորձագետներն ու մասնագետները հնարավորություն ունեն կիսվելու կիբերանվտանգության ոլորտում իրենց փորձառություններով ու հետազոտություններով։ «BSides Yerevan 2024»-ի ընթացքում բարձրաձայնվեցին այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են կիբերհարձակումների դրդապատճառներին, անվտանգության տարբեր սպառնալիքներին, էլեկտրոնային նամակագրությամբ փոխանցվող վտանգներին եւ այլն։

Համաժողովի ընթացքում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի  «CyHub Armenia» կիբերանվտանգության նախաձեռնության ղեկավար Մարի Բարսեղյանը նշել է, որ նմանատիպ ոչ ֆորմալ համաժողովները կարեւոր են ոլորտի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացման, համայնքում մասնագիտական կապերի ամրապնդման, երիտասարդ մասնագետների ներգրավման համար։

«BSides-ը աշխարհում լայն տարածում ունեցող եւ ոլորտի հեղինակավոր միջոցառումներից է, որն անցկացվում է 60-ից ավելի երկրների 220 քաղաքներում։ Ի տարբերություն այլ համաժողովների՝ այն ավելի մտերմիկ, ընկերական մթնոլորտում է անցկացվում եւ հնարավորություն է տալիս բարձրաձայնել տարբեր հարցեր ու քննարկել մի շարք լուծումներ։ Մենք այս միջոցառումն արդեն երկրորդ անգամ անցկացնում ենք Հայաստանում, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է այն հանգամանքը, որ մեր երկրում եւս կա ձեւավորված մասնագիտական համայնք եւ բարձր հետաքրքրություն կիբերանվտանգության ոլորտի վերաբերյալ։ Հուսով ենք՝ համաժողովի ընթացքում բարձրաձայնված հարցերն ու ելույթները կնպաստեն կիբերանվտանգության ոլորտի տարածմանը եւ զարգացմանը Հայաստանում»,- նշել է Մարի Բարսեղյանը։

Խոսելով համաժողովի ընթացքում ձեւավորվող համայնքի, համագործակցության եւ կապերի ամրապնդման մասին՝ համաժողովի խոսնակ, Հայաստանի համակարգչային արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի հիմնադիր տնօրեն Անդրանիկ Վարդանեանը նշել է, որ նմանատիպ համաժողովները հաճախ ծառայում են որպես ինկուբատորներ՝ նոր գաղափարների, նախագծերի եւ կիբերանվտանգության համայնքում համագործակցության համար․

«Ներկաները հնարավորություն ունեն մտքեր փոխանակել, համագործակցել նախագծերի շուրջ եւ նույնիսկ սկսել նոր նախաձեռնություններ, որոնք նպաստում են ոլորտի առաջխաղացմանը: Համաժողովը լայն հնարավորություն է բացում մասնագետների համար՝ զարգացնելու հմտությունները, անկախ նրանից սկսնակ մասնագետ ես, թե արդեն ոլորտում կայացած փորձառու»։

Կիբերանվտանգության շաբաթը կշարունակի CyberGEN 2024 համաժողովը, որը տեղի կունենա մայիսի 22-ից 24-ը՝ ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում: CyberGEN 2024-ը կներառի երկու հիմնական ուղղություն՝ կառավարման, ռազամավարական եւ կիբերանվտանգության ռիսկերի շուրջ թեմաներ եւ խորը տեխնիկական թեմաներ։ Շաբաթը կեզրափակի Bug Bounty մրցույթը, որի նպատակն է խրախուսել ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու մասնագետներին՝ իրենց գիտելիքներով ու փորձով նպաստել ՀՀ-ում թվային լուծումների անվտանգ զարգացմանը: