11:37 | 08.04.24 | Նորություններ | 1085
FAST հիմնադրամը հավաքել է ավելի քան 350,000 ԱՄՆ դոլար՝ հայաստանյան ավագ դպրոցներում իր Generation AI կրթական ծրագիրը ֆինանսավորելու համար:
Նյու Յորքում կայացած FAST-ի «Nurturing Future AI Innovators» միջոցառումը միավորել է հայկական սփյուռքի առաջնորդներին՝ աջակցելու «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» (Generation AI) կրթական ծրագրին։
Միջոցառմանը մասնակցում էին նաեւ FAST-ի համահիմնադիր դոկտոր Նուբար Աֆեյանը եւ դոկտոր Կարո Հ. Արմենը, ովքեր կարեւորել են սփյուռքի դերը հայ ուսանողներին արհեստական բանականության ոլորտում հզորացնելու գործում՝ ընդգծելով համաշխարհային մրցունակությունը:
Հանգանակությունը կուղղվի ուսումնական ծրագրերի մշակմանը, ուսուցիչների վերապատրաստմանը եւ սարքավորումներ տրամադրելուն:
«Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագիրը գործարկվել է FAST-ի կողմից 2023 թվականին։ Այն ավագ դպրոցների աշակերտներին հնարավորություն է տալիս ուսումնասիրել խորացված մաթեմատիկա, ծրագրավորում, ծանոթանալ մեքենայական ուսուցման եւ խորը ուսուցման հիմունքներին, ինչպես նաեւ ստանալ անհրաժեշտ հմտություններ ու մասնագիտական կողմնորոշում՝ արհեստական բանականության (ԱԲ) հետազոտողի մասնագիտության հանդեպ հետաքրքրության բարձրացման եւ այս ուղղությամբ հետագա կրթությունը շարունակելու համար։
Հայաստանի 16 դպրոցում ներկայում ծրագիրն անցնում է փորձաշրջան, ներառվել է մոտ 400 դպրոցական: