11:17 | 08.04.24 | Նորություններ | 16411

Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը

Ապրիլի 9-ից 10-ը Ucom ընկերությունը ցանցի հերթական արդիականացման աշխատանքը կիրականացնի մարզերում եւ Երեւանում։

Այս տարվա ընթացքում ընկերությունը արդիականացման լրջագույն աշխատանքներ է նախատեսում իրականացնել՝ բաժանորդներին ավելի բարձր որակի ծառայություններ մատուցելու համար։

Ապրիլի 9-ին նախատեսված ցանցի գլխավոր կոմուտացիոն կենտրոնի (Mobile Switching Subsystem) փոփոխության աշխատանքների հետեւանքով Սյունիքի, Վայոց Ձորի, մասամբ Արարատի ու Արմավիրի բաժանորդները հնարավոր է կապի որոշակի խափանումներ նկատեն՝ կապված ուղիղ ձայնային զանգերի հետ։

Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված՝ կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երեւանում։

Աշխատանքները կիրականացվեն գիշերային ժամերին բաժանորդներին մինիմալ անհարմարություն հասցնելու նպատակով, սակայն որոշակի խափանումներ հնարավոր է լինեն նաեւ ցերեկային ժամերին։

Հնարավոր ընդհատումների կապակցությամբ ընկերությունը նախապես հայցում է բաժանորդների ներողամտությունը։ Վերազինման աշխատանքների հաջորդ փուլերի մասին նույնպես կտեղեկացվի նախապես։