16:58 | 05.04.24 | Նորություններ | 1440

ServiceTitan-ը ձեռք է բերում Convex-ը

Հայ հիմնադիրներ ունեցող առաջին միաեղջյուր (Unicorn) տեխնոլոգիական ընկերություն ServiceTitan-ը հայտարարում է Convex ընկերությունը գնելու համաձայնագիր ստորագրելու մասին։

Convex-ը վաճառքի եւ առաջխաղացման առաջատար հարթակ է, որն ստեղծված է հատուկ կոմերցիոն բիզնեսներին սպասարկող կապալառուների համար: 2017-ին հիմնադրված ընկերությունն արդիականացնում է այս ոլորտը տվյալների վրա հիմնված լուծումներով, որոնք մեծացնում են կապալառուների եկամուտը՝ բարելավելով նրանց ռազմավարություններն ու դրանց իրագործումը:

«ServiceTitan-ի առաքելությունն է ստեղծել տեխնոլոգիական այնպիսի լուծումներ, որոնք զգալիորեն կբարելավեն յուրաքանչյուր կապալառուի կյանքը: Այս պահին հատկապես կենտրոնացած ենք կոմերցիոն բիզնեսներին սպասարկող ընկերությունների համար բարձր եկամուտ ապահովող, նպատակային աշխատող ծրագրի մատուցման վրա», - ասել է ServiceTitan-ի գործադիր տնօրեն եւ համահիմնադիր Արա Մահդեսյանը:

Ընկերության հայաստանյան գրասենյակը բացվել է 2018-ի դեկտեմբերին՝ սկզբում ունենալով ընդամենը հինգ աշխատակից։ Այսօր Հայաստանի գրասենյակում աշխատում է ավելի քան 400, իսկ ամբողջ աշխարհում ընկերության աշխատակիցների թիվն անցնում է 2800-ը։ Ընկերության առաջարկած ծրագրային ապահովումից օգտվում է ավելի քան 100 000 կապալառու ԱՄՆ-ում եւ Կանադայում։ Այս բոլոր թվերը շարունակաբար աճում են։