10:22 | 08.04.24 | Նորություններ | 736

Fastex-ը եւ ԵՊՀ-ն գիտակրթական համատեղ ծրագրեր կիրականացնեն

Fastex-ը եւ Երեւանի պետական համալսարանն ստորագրել են համագործակցության հուշագիր՝ կրթական եւ գիտահետազոտական համատեղ լրացուցիչ ծրագրեր ու նախագծեր իրականացնելու նպատակով։

Համագործակցության շրջանակում Fastex-ի կողմից կմշակվեն «Բլոկչեյն եւ վիրտուալ ակտիվներ» թեմայով կարճաժամկետ դասընթացներ եւ մագիստրոսական ծրագիր: ԵՊՀ ուսանողները հնարավորություն կունենան պարբերաբար մասնագիտական պրակտիկա անցնել Fastex-ում, իսկ մագիստրոսական ծրագրում լավագույն առաջադիմությունը ցուցաբերած եւ Fastex-ի կողմից ընտրված ուսանողներին կհատկացվի անվանական կրթաթոշակ՝ ուսման վարձի մինչեւ 100 տոկոս փոխհատուցմամբ: Երեւանի պետական համալսարանը կզբաղվի անհրաժեշտ տեխնիկայի, լսարանների եւ լաբորատորիաների ապահովման հարցերով:



«Fastex-ԵՊՀ գործընկերությունը միտված է մեր երկրի գիտակրթական ներուժի լիարժեք իրացմանը, եւ մասնավորապես, բլոկչեյնի ու վիրտուալ ակտիվների ուղղության խթանմանը։ Հուշագրով Fastex-ն իր պատրաստակամություն է հայտնում՝ լավագույն ջանքերը ներդնել երիտասարդության շրջանում մասնագիտական բարձրորակ կրթության ապահովման ուղղությամբ։

Համագործակցության հուշագիրը եւս մեկ ամուր հենասյուն է Հայաստանի կրթության եւ գիտության ոլորտի զարգացման գործընթացում, եւ Fastex-ը կշարունակի կյանքի կոչել այդ ուղղությամբ նախաձեռնությունները»,- ասված է Fastex-ի հաղորդագրությունում: