14:57 | 02.02.24 | Հոդվածներ | exclusive 10088

Պաոլո Փիրջանյանը՝ NASA-ի, Moxie-ի ու Հայաստանում ռոբոտներ արտադրելու մասին

Ամերիկաբնակ հայազգի Պաոլո Փիրջանյանի հիմնադրած Embodied, Inc. ընկերությունը ռոբոտաշինության եւ արհեստական բանականության ոլորտի առաջատար է։ Embodied-ի ստեղծած առաջադեմ ռոբոտ ուղեկիցները բարելավում են անհատների եւ ընտանիքների կյանքի որակը:

Moxie AI ռոբոտն արժանացել է Լաս Վեգասում անցկացվող CES 2024 նորարարական մրցանակաբաշխության գլխավոր մրցանակի` «արհեստական բանականություն» անվանակարգում։ Որպես նորարարական ստեղծագործություն, Moxie-ն կերտում է երեխաների համար ինտերակտիվ եւ կրթական տեխնոլոգիաների ապագան։

Պաոլո Փիրջանյանը ծագումով Իրանից է, տեղափոխվել է Դանիա, այնուհետեւ՝ ԱՄՆ: Վաղ տարիքից հետաքրքրվել է համակարգիչներով եւ ծրագրավորմամբ: Նրա տպավորիչ կարիերան ներառում է NASA JPL-ում աշխատանքը։ Փիրջանյանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել iRobot-ում, Evolution Robotics-ում:

Պաոլո Փիրջանյանն iTel.am-ին պատմել է անցած ճանապարհի, մանկության երազանքի, Moxie-ի ստեղծման, Հայաստանում ռոբոտաշինության ոլորտի զարգացման իր տեսլականի ու ներդրումների մասին։

Սերը տեխնոլոգիաների հանդեպ եւ NASA-ում աշխատանքը  

Փոքր տարիքից գիտաֆանտաստիկ (Sci-fi) ֆիլմեր շատ էի սիրում, Star Wars-ն ինձ շատ էր հետաքրքիր։ Ուզում էի իմանալ՝ ինչպես են ռոբոտներն աշխատում ու ինչպես կարող է մարդը ռոբոտ ստեղծել։ Երբ առաջին համակարգիչս ունեցա, այդ ժամանակ Pixar-ը թողարկեց Luxo JR անիմացիոն մուլտը, որն ավելի վառեց հետաքրքրությունը, թե ինչպես համակարգչով ստեղծվածը կարող է մարդու մոտ զգացմունք առաջացնել։ Ինքնուրույն սկսեցի ծրագրավորում սովորել, դպրոցական տարիներին ամառներն սենյակումս էի անցկացնում, փակվում ու ուսումնասիրում էի ծրագրավորում, փորձում ինքս ծրագրեր գրել։

photo © Մեդիամաքս


Որոշեցի՝ համալսարանում համակարգչային գիտություններ պետք է ուսումնասիրեմ, որտեղ էլ կյանքումս առաջին անգամ տեսա ռոբոտ, որը մեծ ու տգեղ սարք էր, բայց նաեւ՝ շատ հետաքրքրիր։ Այդպիսով, դոկտորական աշխատանքս ռոբոտաշինության ոլորտում պաշտպանեցի։

Այնուհետեւ դիմեցի NASA, ընդունվեցի աշխատանքի՝ Դանիայից տեղափոխվելով Միացյալ Նահանգներ։  

NASA-ում դեպի Մարս ռոբոտներ ուղարկելու ծրագրի վրա էի աշխատում։ Այդ նախագծի նպատակն էր Մարսում ռոբոտների միջոցով բնակավայր կառուցել, որտեղ հետագայում մարդիկ կապրեն։

Առաջին ստարտափն ու iRobot-ի տեխնիկական տնօրեն դառնալը

Շատ էի սիրում NASA-ում աշխատանքս, սակայն 2001 թվականին հաջողակ ձեռներեց Բիլ Գրոսը, որը բազմաթիվ մեծ ընկերությունների հիմնադիր է, կապվեց ինձ հետ ու հրավիրեց միանալ իրեն որպես տեխնիկական տնօրեն հիմնել նոր ռոբոտաշինական ընկերություն՝ Evolution Robotics-ը։

Ինձ հետաքրքրեց առաջարկը։ Այդ ժամանակ ձեռներեցության մասին գրեթե ոչինչ չգիտեի ու ուզում էի տեսնել, թե ինչպես են հիմնում նոր ընկերություն, շփվում ներդրողների հետ։ Սա, կարելի է ասել, որ իմ առաջին ստարտափային փորձն էր, ինչը բավականին բարդ էր։

photo © Մեդիամաքս


NASA-ից դուրս եկա ու մշակեցինք այնպիսի տեխնոլոգիա, որն աշխարհում դարձավ առաջիններից մեկը ռոբոտաշինության ոլորտում։ Այն օգնում էր ռոբոտին գծել տան քարտեզ եւ ինքնավար մեքենայի նման աշխատել։

Ռոբոտիկան նոր էր զարգանում այդ տարիներին եւ նմանատիպ ընկերություններից ամենահայտնին՝ iRobot-ը, որը ռոբոտ փոշեկուլ էր արտադրում, հետաքրքրվեց մեր տեխնոլոգիայով եւ գնեց մեր ընկերությունը։ Ես էլ դարձա iRobot-ի տեխնիկական տնօրենը, եւ 20 միլիոնից ավելի ռոբոտ ստեղծեցինք։  

Moxie-ն՝ մանկության երազանք

Երեք տարի աշխատելով iRobot-ում՝ որոշեցի հետ գնալ դեպի մանկության երազանքս։ Pixar-ի անիմացիոն ֆիլմից ոգեշնչված՝ ուզում էի ստեղծել ռոբոտ, որը մարդկանց կօգնի հոգեպես, կկրթի նրանց ու կփարատի միայնության զգացումը։ Ամերիկայի նման երկրում միայնությունը, իսկապես, մեծ խնդիր է։ Հայաստանում սա դեռ այդքան ընդգծված չէ։

Ըստ վիճակագրության՝ Միացյալ Նահանգներում հինգ երեխայից մեկի մոտ հանդիպում է աուտիզմ կամ նյարդային զարգացման խանգարումներ։ Երեխայի հետագա զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է հոգեբանների, հոգեթերապեւտների կողմից տարվող ինտենսիվ մասնագիտական աշխատանք, օգնություն։
 
Երեխաներին սոցիալական հմտություններ սովորեցնելու խնդիր կա։ Թերապիան, սակայն, թանկ է եւ մասնագետները բավարար չեն։ Ամեն հոգեթերապեւտին 350-ից ավելի երեխա է հասնում, որոնք շաբաթական միջինում 20 ժամ պարապելու կարիք ունեն։
Սպասման ցանկը երկար է, գուցե 1 տարուց էլ ավելի ձգվի, ինչը ճակատագրական կարող է լինել երեխայի համար այդ փուլում։ Բացի այդ, թերապիայի մեկ ժամը շատ թանկ է, օրինակ՝  Կալիֆոռնիայում 400-ից մոտ 500 դոլարի հասնում։ Շատ ծնողներ չեն կարողանում վճարել։

Այս պարագայում կարող են օգնության հասնել տեխնոլոգիաները։ Նպատակն էր ստեղծել այնպիսի ռոբոտ, որը կկարողանա խնամել երեխային, հոգեբանական աջակցություն ցուցաբերի մարդու նման, հասկանա նրան, ըմբռնի ու ընկալի երեխայի էմոցիաները եւ այլն։ Սա շատ դժվար էր եւ մեզանից մոտ 8 տարի պահանջվեց մշակելու ու ռոբոտը վերջնական արդյունքի հասցնելու համար։

Այս տարի միայն ԱՄՆ շուկայում ունենք մի քանի տասնյակ հազարավոր օգտատեր, մյուս տարի ծրագրում ենք մտնել համաշխարհային շուկա եւ հարյուր հազարների հասցնել նրանց թիվը։

photo © Մեդիամաքս


Ինչո՞ւ են երեխաները սիրում Moxie-ին

Այլ ռոբոտների համեմատ՝ առաջին առավելությունը մեր մշակած տեխնոլոգիան է։ Moxie-ն ամբողջապես ինքնավար է ու կարող է ինքնուրույն շփում հաստատել։ Շատ ընկերություններ մանիպուլյացիաների են դիմում եւ ռոբոտի միջոցով մարդն է հեռավար կառավարում ու երկխոսություն վարում օգտատերերի հետ, ինչն այնքան էլ ազնիվ չէ եւ դա առանձնապես երկար կյանք չի կարող ունենալ։   

Մենք առաջինն ենք, որ ստեղծել ենք այնպիսի տեխնոլոգիա, որը կարողանում է ամբողջովին ինքնուրույն շփվել մարդկանց հետ։ Երկրորդ հերթին, շատ կարեւոր է դիզայնը ու Moxie-ի կերպարը։ Մեզ մոտ աշխատում են Pixar-ից, Disney-ից եկած լավագույն մասնագետներ, որոնք մանրակրկիտ կերտում են կերպարը։ Moxie-ն շատ էմոցիաներ է արտահայտում, ունի բազմաթիվ դիմային արտահայտություններ եւ կարողանում է կապ ստեղծել երեխայի հետ։

Embodied-ի թիմը եւ Հայաստանում արտադրությունը

Ընդհանուր 60 հոգի ենք, մոտ 20-ը Հայաստանից է, նրանք մեզ հետ են հիմնադրումից ի վեր։ Ռոբոտաշինությունը կոմպլեքս ոլորտ է ու տարբեր ուղղությունների մասնագետների է համախմբում. տեխնոլոգիայի, էլեկտրոնիկայի, ծրագրային ապահովման, արհեստական բանականության, դիզայնի համախումբ է։ Բացի այդ, աշխատում ենք մանկաբույժների հետ մասնագիտական օգնության ու ճիշտ թիրախավորված բովանդակության համար։  

Այսպիսի կոմպլեքս ծրագրերը ոչ միշտ են հաջողում, անհրաժեշտ է կարողանալ այս թիմերի կապը եւ համագործակցությունը ճիշտ ապահովել։ Այստեղ կարեւոր է թիմի մշակույթը։ Դժվար խնդիրները հնարավոր է լուծել տարբեր թիմերի համագործակցության արդյունքում։

Հայաստանում ունենք շատ տաղանդավոր ինժեներներ, որոնք աշխատում են արհեստական բանականության, համակարգչային տեսության վրա։ Ծրագրային ապահովման 90 տոկոսը, կարելի է ասել, որ հայ մասնագետներն են մշակում։ Նպատակ ունենք նաեւ այստեղ արտադրել ռոբոտներ։ Սա ռազմավարական որոշում է, որ կարողանանք ռոբոտաշինությունում մեր երկիրը դիրքավորել որպես առաջատար երկիր։ Ապագայում այն կարեւոր ճյուղ է լինելու եւ կփոխի աշխարհը։ Ռոբոտաշինությունը կարող է տնտեսապես զարգացնել մեր երկիրը։ Մեր փորձառությունը բերում ենք այստեղ՝ ցանկանալով համագործակցել տարբեր պետական կառույցների հետ։    

ՀՀ-ում ռոբոտաշինությունը զարգացնելու առաջնային քայլեր՝ Կորեայի օրինակով

Շատ տարբեր եւ պարզ գործընթացներ պետք է կատարվեն։ Ես նման օրինակ տեսել եմ Հրվ․ Կորեայում։ 2007 թվականին այնտեղի կառավարությունը որոշեց, որ պետք է մրցեն Ճապոնիայի հետ՝ լինելով բավականին հետ այդ ոլորտում։ Կազմակերպեցին պետական, մասնավոր եւ կրթական ծրագրերի համատեղ լուծումներ ու կարողացան շատ արագ զարգացնել։ Ինքս որպես խորհրդատու էի հանդես գալիս։ Հրվ․ Կորեայի կառավարությունը մեկ միլիարդ դոլար ներդրում կատարեց, որին միացան նաեւ համաշխարհային այլ խոշոր ներդրողներ, ու ներդրումները տասնապատկեցին՝ դարձնելով 10 միլիարդ դոլար։ Սա ռազմավարական էր իրենց համար եւ հիմա Հրվ․Կորեան այս ոլորտում աշխարհում առաջիններից մեկն է։

photo © Մեդիամաքս


Գործընթացին, առաջին հերթին, պետք է մասնակցի կառավարությունը։ Անհրաժեշտ են ներդրումներ, որպեսզի մրցենք համաշխարհային բեմում։ Տաղանդ ու փորձառություն ունենք, հարկավոր է համագործակցություն ձեւավորել։ Այստեղ էլ տարբեր նախարարություններ պետք է միասնական աշխատեն, ներդրում կատարեն համալսարաններում, ներգրավեն նաեւ մասնավոր ընկերությունների։ Պետք է թիրախավորել համաշխարհային շուկան։ Կարող ենք արտադրել Հայաստանում, բայց վաճառել գլոբալ շուկայում։  

Հայաստանը՝ համաշխարհային ներդրողներին գրավող միջավայր

Մենք շատ տաղանդավոր մասնագետներ ունենք, որոնք ավելի էժան են, քան՝ ԱՄՆ-ում: Չինաստանը կարողացավ արդյունաբերական կենտրոն դառնալ աշխարհում նաեւ էժան աշխատուժի շնորհիվ։ Սա ռազմավարական առավելություն դարձավ իրենց համար, հասկացան՝ էժան աշխատուժը կարող են ծառայեցնել իրենց օգտին։ Հայաստանում շատ տաղանդավոր AI մասնագետներ կան, որ ԱՄՆ-ում 4-5 անգամ ավելի թանկ են վարձատրվում։ Եթե օգտվենք մեր այս հնարավորությունից, կարող ենք ներդրումներ բերել։

Այս գործընթացը հիմա ընթացքի մեջ է, ես տեսնում եմ բազմաթիվ միջազգային ընկերություններ, որ ներդրումներ են կատարում այստեղ։ Մենք էլ այդ օրինակներից մեկն ենք, փոքր թիմ ենք, բաց տարեկան մոտավորապես $1,5 մլն․ ներդնում ենք կատարում։ Պատկերացրեք, որ մեր թիմն այստեղ ավելի մեծանա ու ընդարձակվի՝ հասնելով հազարի, որքան մեծ կլինի մեր ներդրումը, կհասնի մոտ $50-ից $100 միլիոնի։  

Embodied-ի կրթական ծրագրերն ու ներդրումները

Մենք համագործակցում ենք ACA-ի հետ, մեր սկսնակ մասնագետները կրթական ծրագրեր են անցնում այնտեղ։ Օրինակ՝ Արցախից սկսնակ մասնագետ ունենք, նրան սովորեցնում ենք մեր ծրագրերը եւ աջակցում, որպեսզի դառնա թիմի լիիրավ անդամ։
Սփյուռքահայ հրեշտակ ներդրողներ կան, որոնք հետաքրքրված են Հայաստանում, հայկական թիմերում ներդրումներով։ Ինքս տարբեր ներդրումային խմբերում եմ ներգրավված: Հայկական ստարտափները մեզ ներկայացնում են իրենց գաղափարները, մենք էլ ներդրումներ ենք կատարում։ Բացի ֆինանսական օգնությունից, նաեւ գիտելիքով ու մեր կուտակած փորձով ենք աջակցում նրանց, խորհուրդներ տալիս ստարտափի տարբեր փուլերի համար։

Ռոբոտները կիշխե՞ն մարդկանց․ միֆեր ու վախեր

Ամեն անգամ, երբ նոր տեխնոլոգիա է ստեղծվում, միշտ վախենում ենք, թե ի՞նչ է լինելու ու ինչպե՞ս է այն ազդելու մարդկանց կյանքի վրա, իշխելո՞ւ է մարդկանց, թե՞ ոչ, ի՞նչ կլինեն մեր տվյալների անվտանգության հարցերը։ Յուրաքանչյուր նոր տեխնոլոգիայի շուրջ այս միֆերը պտտվում են, հատկապես՝ արհեստական բանականության ու ռոբոտաշինության։ Այդ կետից շատ հեռու ենք դեռ, առաջին տարիներն են ռոբոտների համար, եւ տեխնոլոգիան շատ պետք է զարգանա, որ հավասարվի մարդուն։

photo © Մեդիամաքս


Եթե դրական կողմից մտածենք, ապա ռոբոտները շատ կարեւոր գործ են կատարում, օրինակ` գործարաններում աշխատանքն ամբողջապես ավտոմատացվում է։ Ռոբոտներն աստիճանաբար մեխանիկական գործերը կվերցնեն ու կստեղծվեն նոր աշխատատեղեր։ Ինչպես նախկինում, ամեն տեխնոլոգիայի գալով նոր աշխատանքներ, մասնագիտություններ առաջացան։ AI-ի ու ռոբոտաշինության ոլորտում նույնպես դեռ շատ նոր աշխատանքներ կստեղծվեն, ու աշխարհի տնտեսական մակարդակն էլ ավելի կբարձրանա։ Մարդիկ ավելի շատ գումար կաշխատեն, նրանց կյանքի որակը կբարձրանա։ Պետք է երեխաներին մանկուց ճիշտ ուղղությամբ տանել ու զարգացող մասնագիտություններ սովորեցնել։ Օրինակ՝ 10 տարուց, գուցե, այլեւս վարորդների կարիք չլինի, աշխարհն անցնում է ինքնավար մեքենաների։ Պետք է կարողանալ մրցունակ լինել աշխատաշուկայում ու ավելի լավ կյանք կունենանք։    

Նունե Գրիգորյան
Լուսանկարներն՝ Էմին Արիստակեսյանի