17:11 | 08.01.24 | Հոդվածներ | exclusive 11038

Քրեյգ Սմիթը՝ AI-ում միֆերի ու հայկական ՏՏ համայնքի ուժի մասին

Ամերիկացի լրագրող Քրեյգ Սմիթը վերջերս Forbes պարբերականում հրապարակել է Հայաստանի ՏՏ ոլորտը ներկայացնող հեղինակային հոդված: Նա պատմել է Հայաստանի տեխնոլոգիական էվոլյուցիայի մասին՝ արեւմտյան ընկերությունների համար ծրագրային ապահովման մշակումից մինչեւ սեփական պրոդուկտի ստեղծում:

Քրեյգ Սմիթը ներկայացրել է այնպիսի նախաձեռնություններ, որոնք խթանում են տեխնոլոգիական կրթությունը, ինչպիսիք են Generation AI-ը, Armath-ը եւ TUMO-ն, ընդգծում են այն մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը համաշխարհային բեմ դուրս գալու համար:

Digitec-ի հրավերով Քրեյգ Սմիթը Հայաստանում էր։ Itel.am-ը նրա հետ զրուցել է Հայաստանի հետ ընտանեկան կապի, ՏՏ համայնքի համագործակցության, AI-ի հանդեպ կրքի եւ համաշխարհային մեդիա ընկերություններում աշխատանքի մասին:

Քրեյգ Սմիթը The New York Times-ի նախկին գործադիր տնօրենն է: Մինչեւ 2000 թվականը նա գրել է The Wall Street Journal-ի համար, հետո միացել The New York Times-ին որպես Շանհայի բյուրոյի ղեկավար: Նա հոնկոնգյան միլիարդատեր Ռիչարդ Լիի ֆինանսական նորությունների ձեռնարկության գործադիր խմբագիր է եղել, այնուհետեւ դարձել Li's Pacific Century Group-ի փոխնախագահը: 2011 թվականին նա կրկին միացել է The New York Times-ին որպես Չինաստանի գործադիր տնօրեն՝ հիմնելով եւ ղեկավարելով թերթի առաջին օտարալեզու կայքը: Այժմ արհեստական բանականության մասին գրում է Forbes-ի համար եւ վարում «Eye on AI» փոդքասթը, որն ըստ Feedspot-ի տվյալների՝ երկրորդն է AI-ի մասին փոդքասթների շարքում։

«AI-ի կնքահայրն» ու կարիերայի սկիզբը

The New York times-ում աշխատում էի մի հոդվածի վրա, որը ներկայացնում էր Տորոնտոն որպես տեխնոլոգիական կենտրոն։ Երբ ուսումնասիրում էի պատմությունը, տեղեկացա, որ դրա հիմքում Ջեֆրի Հինթոնն է, ում կոչում են «AI-ի կնքահայր»: Նա այդ ժամանակ AI-ի լավագույն հետազոտողներից էր: Այն ամենն, ինչ տեղի է ունենում արհեստական բանականության մեջ, իսկապես, սկսվել է նրանից: Ես մեկ օր անցկացրի Ջեֆ Հինթոնի հետ ու գրեցի նրա մասին: Սա մեկ այլ առավելություն է, որ սիրում եմ լրագրողի մասնագիտությունում:

photo © Mediamax


Ընդհանրապես ոչինչ չգիտեի, եւ ոլորտի թոփ մասնագետը թղթով ու գրիչով ինձ բացատրում, սովորեցնում էր նեյրոնային ցանցերի ու դրանց աշխատանքի մասին։ Սա դեռ 2016 թվականն էր, AI-ն այդքան էլ թրենդային չէր: Դեռ այն ժամանակ հասկացա, որ AI-ը փոխելու է աշխարհը, ուստի որոշեցի կենտրոնանալ դրա վրա: Նաեւ հոգնել էի քաղաքականությունից, անվերջ թվացող պատմություններից, իսկ AI-ը շատ նոր էր ու խոստումնալից: Գնում էի տեխնոլոգիական միջոցառումների, կոնֆերանսների եւ առցանց դասընթացների մասնակցում, ծանոթանում բոլոր առաջատար հետազոտողների հետ։

Փոդքասթս սկսել եմ ինքնուրույն՝ ելնելով իմ հետաքրքրություններից: Այժմ այն ոլորտի լավագույն փոդքասթներից մեկն է եւ մեր օրերում բավականին մեծ գումար է վաստակում գովազդների միջոցով: Հիմա թոշակի եմ անցել The New York Times-ից եւ ուղղակի կենտրոնացել եմ Forbes-ի ու իմ փոդքասթի վրա:

AI եւ ML ոլորտի համաշխարհային միտումները եւ ազդեցությունները

AI-ն ընդհանուր նշանակության տեխնոլոգիա է, նման է էլեկտրականությանը, ամեն ինչի համար է, այն շատ է ներթափանցել համաշխարհային տնտեսություն։ Երբ զրուցում եմ ընտանիքիս, ընկերներիս հետ, տեսնում եմ՝ ոչ բոլորն են հասկանում, թե իրականում դա ինչ է, նրանք պարզապես կարդացել են դրա մասին: Շուտով ամեն ինչ կունենա AI։ Շատ հուզիչ ժամանակներում ենք ապրում։ Ես բավական մեծ եմ եւ հիշում եմ այն ժամանակները, երբ նույնիսկ բջջային հեռախոս չկար։ Հիշում եմ, թե երբ այդ մեծ հեռախոսները հայտնվեցին, հետո՝ ինտերնետը, անհատական համակարգիչները եւ այլն։ Այդ իրերն, իսկապես, փոխեցին աշխարհը, բայց AI-ն ավելի արագ ու շատ կփոխի աշխարհը, քան դրանք:

photo © Mediamax


Արհեստական բանականության մասին ամենատարածված միֆերը

Իր ներկայիս վիճակում մարդիկ կարծում են, որ AI-ը կարող է շատ ավելին անել, քան իրականում այն ի վիճակի է: Կարծիք կա նաեւ, թե այն կառավարելու է մարդկությունը, սակայն ըստ իս, առասպել է, դրա հավանականությունը շատ քիչ է։

Պետք է սկսել ուշադրություն դարձնել անվտանգությանը զարգացման սկզբնական փուլում: Եթե շատ երկար եք սպասել, դժվար կլինի վերահսկելը: Մասնագիտական համայնքը պետք է կենտրոնանա անվտանգության վրա, կառավարությունները՝ կանոնակարգերի: Ժամանակն է սկսել լուրջ վերաբերվել դրան։

Հայաստանն ու ընտանիքի պատմությունը

Հայաստանի մասին լսել եմ դեռ փոքրուց, քանի որ մորաքրոջս ամուսինը՝ Մարդիգը, հայ էր։ Մշտապես հիացած էի Հայաստանով, բազմաթիվ հարցեր էի տալիս նրան Հայաստանի մասին։ Մարդիգը երբեք չէր եղել այստեղ, բայց պատմում էր մշակույթի, համայնքի մասին, որում մեծացել էր:

Որպես լրագրող տարիներ առաջ եղել եմ Արեւելյան Թուրքիայում, հիմնականում քրդական շրջաններում։ Երբ Արեւմտյան Հայաստանի շրջաններում էի, ուրիշ զգացողություններ ունեի. այնտեղ շատ ռազմականացված էր ու բավականին դժվար էր ճանապարհորդելը: Կցանկանայի հնարավորություն լիներ այցելել այն վայրերը, որտեղից գաղթել էր Մարդիգի ընտանիքը:

Երբ հնարավորություն եղավ գալ Հայաստան, շատ հուզվեցի ու ոգեւորվեցի, որովհետեւ տեսնում եմ այն ամենն, ինչի մասին պատմել է նա: Ցավոք, Մարդիգը մահացել է երեք տարի առաջ ու այժմ, երբ ես այստեղ եմ, շատ հարցեր կան, որ կցանկանայի ուղղել նրան։

photo © Mediamax


Երբ փոքր էի, Մարդիգն ինձ շախմատ խաղալ սովորեցրեց: Հանդիպելիս գրեթե միշտ շախմատ էինք խաղում: Չգիտեի՝ Հայաստանի կրթական համակարգում շախմատը մեծ դերակատարություն ունի։ Նրա մայրը մորս սովորեցրել էր տոլմա եւ բուրմա պատրաստել։

Ես մեծացել եմ WASP (սպիտակ անգլո-սաքսոն բողոքականներ) մշակույթում, որն այնքան էլ ջերմ չէ: Երբ Մարդիգը մտավ մեր ընտանիք, նա իր ջերմությամբ ու մտերմությամբ շատ էր տարբերվում բոլորից: Ամեն անգամ նրան հիշելիս հուզվում եմ, ուզում եմ գրել նրա ընտանիքի պատմությունը:

Հայկական տեխնոլոգիական համայնքի հետ կապն ու գրավչությունը

Հետաքրքիր էկոհամակարգ է, որը շատ արագ զարգանում է: Մինչ գալը չէի հասկանում, որ Հայաստանն այս տարածաշրջանում այդքան մեկուսացված է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողքին։ Իհարկե, գիտեի Ադրբեջանի հետ կապված իրավիճակի մասին, բայց մինչեւ անձամբ չես լինում, չես պատկերացնում իրական իրավիճակը։

Կարծում եմ՝ հայկական տեխնոլոգիական էկոհամակարգը մի փոքր զիջում է իմ այցելած մյուս վայրերին։ Ինձ տպավորեց, թե որքան մտերիմ են համայնքի անդամները, բոլորը ճանաչում են միմյանց եւ որքան անվախ են: Հայաստանում շուկան փոքր է, այն գրեթե գոյություն չունի, ուստի նրանք փորձում են հասնել ԱՄՆ-ի կամ եվրոպական շուկա, ինչը մեծ մարտահրավեր է, բայց բոլորը շատ ինքնավստահ են։ Տպավորված էի նաեւ կրթական նախաձեռնություններից՝ Արմաթից եւ Իրական դպրոցից։ ԱՄՆ-ն ունի բազմաթիվ անապահով մարդիկ, որոնք շատ վատ կրթական միջավայրում են, եւ նման նախաձեռնություններ կարող են լինել նաեւ ԱՄՆ-ում:

photo © Mediamax


Արհեստական բանականության մասին իմ փոդքասթում հարցազրույց եմ վերցրել Հրանտ Խաչատրյանից, ով ղեկավարում է YerevaNN-ը։ Նրա պատմությունը շատ տպավորիչ էր, ես սիրում եմ գիտնականներին, իսկ նա հետազոտող է։ Մի բան, որ այստեղ հետաքրքիր մարտահրավեր է, GPU-ների (Գրաֆիկական մշակման միավորների) բացակայությունն է: Մենք նրա հետ զրուցել ենք այդ մասին։ Դուք լավ ինտերնետ ունեք, բայց GPU-ի խնդիրն իսկական սահմանափակում է: Այս տղաները համարձակ են, պատրաստ են հաջողության հասնել իրենց մարտահրավերներում:

Նունե Գրիգորյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի