15:34 | 22.12.23 | Հոդվածներ | 3479

«Մեկնարկի՛ր» ծրագրի 12 մասնակից կբացահայտի ստարտափ էկոհամակարգը

«Մեկնարկի՛ր» կրթական ծրագրով 12 դպրոցական գիտելիքներ կստանա ստարտափ էկոհամակարգի վերաբերյալ: Ծրագիրն իրագործելու են «Հայկական օնլայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն եւ Մեդիամաքս մեդիա-ընկերությունը՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ։

photo © Մեդիամաքս


«Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը Գորիսից է, վերջին մեկ տարում տեղափոխվել է Երեւան։ Մաթեմատիկայի ուսուցչի հորդորով է դիմել ծրագրին։ 2024թ. հուլիսին զորակոչվելու է բանակ, բայց մինչ այդ նպատակ ունի համալսարան ընդունվել ու Արատեսում իր աստղագետ ընկերների հետ աստղադիտարանի հիմքերը դնել։  

photo © Մեդիամաքս


«Սովորում եմ Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրի ավարտական դասարանում։ Պարապում եմ առաջիկա քննությունների համար, ցանկանում եմ ընդունվել Ամերիկյան համալսարան ու դառնալ մեխանիկ ինժեներ։ Մեր դպրոցին կցված գյուղում՝ Արատես դպրական կենտրոնում, աստղադիտարան ենք ցանկանում հիմնել։ Այնտեղ ճամբարներ ենք ունենում եւ աստղագետների խումբ ունենք։ Իրականացնում ենք տարբեր հետազոտություններ, տվյալներ գրառում ու փորձեր իրականացնում։ «Մեկնարկի՛ր» ծրագրին դիմել ենք ու ներկայացրել մեր նախագծի ճանապարհային քարտեզը։ Ակնկալում եմ, որ այս նախագիծը կօգնի եւս մեկ քայլով մոտենալ մեր երազանքին»,- ասում է Տիգրանը։    

Տիգրան Հարությունյանը Տիգրան Հարությունյանը
photo © Մեդիամաքս


Երկու փուլով իրականացվող ծրագիրը մասնակիցներին հնարավորություն կտա շփվել հաջողության հասած ընկերությունների ղեկավարների հետ: Դրան կհաջորդի մենտորների ղեկավարությամբ աշխատարաններին մասնակցությունը: Արդյունքում երիտասարդները բազային գիտելիքներ կստանան ստարտափ էկոհամակարգի վերաբերյալ: Փոքր խմբերում ներգրավված մասնակիցները կներկայացնեն իրենց մտքերն ու առաջարկությունները, կքննարկեն դրանք եւ կկարողանան գնահատել ծրագիր սկսելու հավանականությունը:

photo © Մեդիամաքս


«Առհասարակ, զարգացման լոկոմոտիվը երիտասարդությունն է: Նրանց երեւակայությունը, ստեղծագործելու ներուժն ու արդյունքի հասնելու ձգտումը թույլ են տալիս առաջընթաց արձանագրել այնտեղ, որտեղ թվում է՝ ամեն ինչ ասված է: Մեզ՝ առաջատարի փորձ կուտակած ընկերություններիս, մնում է նպաստել այդ միջավայրի ձեւավորմանն ու խթանմանը: Վիվա-ՄՏՍ-ի համար սա սկզբունքային մոտեցում է: Խելացի լուծումների դարաշրջանը նոր ու կարեւոր մարտահրավեր է, իսկ ժամանակին համահունչ լինելը՝ անխուսափելի: Ողջունում եմ ծրագրի մասնակիցներին՝ ակնկալելով բուռն քննարկում, նոր մտքեր եւ նախագծերի իրականացում»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Արմեն Ավետիսյանը եւ Արա Թադեւոսյանը Արմեն Ավետիսյանը եւ Արա Թադեւոսյանը
photo © Մեդիամաքս


Սոֆի Կարապետյանը Վայոց Ձորի Արենի գյուղից է, սովորում է գյուղի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում։ Ծրագրի մասին տեղեկացել է համացանցից եւ անմիջապես դիմել իր ստարտափ գաղափարը կատարելագործելու նպատակով։

«Ես հետաքրքրված եմ կամավորությամբ։ Ինքս շատ կամավորական աշխատանքներ եմ իրականացրել ու բազմաթիվ կամավորական նախագծերի եմ մասնակցել ընկերներիս հետ։ Ուզում եմ ստեղծել մի հարթակ, որը կհամախմբի կամավորներին թե՛ Հայաստանից, թե՛ ամբողջ աշխարհից։ Կարդալով ու ծանոթանալով ծրագրին, հասկացա, թե ինչ մեծ հնարավորություններ կարող եմ ունենալ եւ որոշեցի դիմել»,- ասել է Սոֆի Կարապետյանը։    

Սոֆի Կարապետյանը Սոֆի Կարապետյանը
photo © Մեդիամաքս


Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը կարեւորել է այն փաստը, որ ընտրված 12 մասնակիցների մեծ մասը Հայաստանի մարզերից է: «Ցավոք, Հայաստանում շատ բան կենտրոնացած է Երեւանում: Հուսով եմ, որ այս ծրագիրը հնարավորություններ կբացի մարզերի պատանիների համար», - նշել է նա:
 
Աշխատարաններում մշակված եւ մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչված նախագծերը դրամական պարգեւներ կստանան՝ ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1 000 000 դրամ։

Ծրագիրը մեկնարկելու է 2024 թվականի հունվարին եւ ամփոփվելու է հուլիսին:

Նունե Գրիգորյան