Դեկտեմբերի 1-ին՝ Երեւանի ժամանակով 22:18-ին, Միացյալ Նահանգների Վանդերբերգ քաղաքից «Հայասաթ-1» արբանյակը տիեզերք արձակվեց SpaceX ընկերության Falcon 9-ը հրթիռով։
«Հայասաթ-1»-ն արդեն անջատվել է հրթիռից ու դուրս եկել ուղեծիր։ «Բազումք»-ից հայտնում են, որ հաջորդ փուլում արբանյակն ինքնավար կերպով բացում է իր կապի անտենաները եւ հեռարձակում պարբերական ազդանշաններ, որոնք պարունակում են հեռաչափական տվյալներ եւ Կոմիտասի «Կաքավիկ» մեղեդին:
«Բազումք»-ի համահիմնադիր եւ տնօրեն Ավետիք Գրիգորյանը iTelam-ի հետ զրույցում կիսվել է իր հույզերով արբանյակի արձակումից անմիջապես հետո։
«Մի կողմից, ուզում եմ ասել՝ կատարվեց այն, ինչ օրինաչափ է: Մյուս կողմից էլ, երբ պատկերացնում ես՝ ինչ իրավիճակում եւ ինչ դժվարությունների միջով անցնելուց հետո սա եղավ, ուզում եմ ասել՝ հրաշք կատարվեց։ Սա մեծ հավատի ու չընկրկելու շնորհիվ էր։ Նվիրում, ձգտում ու մեծ երազանք ունենալու դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է։ Այս ամենը տանում է դեպի մեր երկրի ամրապնդմանը։ Տիեզերական բնագավառն ամենաբարձր տեխնոլոգիական բնագավառն է։ Եթե այդ ուղղությամբ գործունություն ես ծավալում, դառնում ես լոկոմոտիվ բոլոր ուղղությունների համար»,- ասել է Ավետիք Գրիգորյանը։
Հայասաթ-1-ը CubeSat ձեւաչափի արբանյակ է։ Այս տեսակը տրամադրում է տիեզերք մուտք գործելու ծախսարդյունավետ միջոց եւ առաքելությունների ու հետազոտական աշխատանքների լայն շրջանակ։ «Բազումք»-ի համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Հայկ Մարտիրոսյանի խոսքով, շատ գործընթացներ քայլ առ քայլ իրականացվել են առաջին անգամ՝ ռադիոհաճախականությունից, ուղեծրի դիրքավորումից մինչեւ SpaceX-ի թույլտվությունը ստանալը։