09:48 | 04.05.23 | Հոդվածներ | exclusive 3576

Bazoomq-ը ճանապարհ է «հարթում» դեպի տիեզերք

Հայկական Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի առաքելությունն է Հայաստանում ստեղծել, շարունակաբար զարգացնել կարողություններ եւ հնարավորություններ նորագույն տիեզերական հետազոտությունների, կրթության ու ստարտափների ձեւավորման համար։ Bazoomq-ը զբաղվում է Հայաստանի տիեզերական ռազմավարության փաստաթղթի մշակման աշխատանքով, իրականացրել է 2 թռիչք դեպի ստրատոսֆերա, համագործակցում է միջազգային տիեզերական ընկերությունների հետ։

iTel.am-ը զրուցել է Bazoomq-ի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ավետիք Գրիգորյանի եւ Bazoomq-ի համահիմնադիր, խորհրդի անդամ եւ տեխնիկական տնօրեն Հայկ Մարտիրոսյանի հետ։

Bazoomq-ի ձեւավորումը եւ ստեղծումը

Հայկ

Bazoomq-ը հիմնադրել ենք ընկերներով։ Ավետիք Գրիգորյանը ոչ միայն մեր ավագ ընկերն է, այլեւ տասնամյակներ շարունակ մեր ուսուցիչն է եղել։ Նա 35 տարի առաջ հիմնադրել է AYAS տիեզերագիտական ակումբը, որը բազմաթիվ շրջանավարտներ է տվել, որոնք ներկայում տեղի եւ արտասահմանյան գիտական կենտրոններում եւ ՏՏ ընկերություններում տարբեր պաշտոններ են զբաղեցնում։

Bazoomq-ի շուրջ մեր աշխատանքը սկսել ենք 2020 թվականին։ Քանի որ տիեզերական ոլորտում ինչ-որ գործունեություն ծավալել էինք, հասկացանք՝ պետք է անցնել նոր մակարդակի։ Հենց այդ ժամանակ էլ հիմնադրամի գաղափարն առաջացավ ու 2020-ի դեկտեմբերին գրանցեցինք Bazoomq հիմնադրամը։

Հայկ Մարտիրոսյանը Հայկ Մարտիրոսյանը
photo © Մեդիամաքս


Անվան շուրջ մտածել ենք երկար, տարբերակները շատ էին, բայց, ի վերջո, կանգնեցինք Bazoomq-ի վրա, որը հյուսիսային երկնքում անզեն աչքով երեւացող հայտնի աստղաբույլ է։

Զուգահեռ սկսել ենք աշխատել նաեւ Հայաստանի համար տիեզերական ռազմավարության փաստաթղթի նախնական տարբերակի մշակման վրա։ 2021 թվականին իրականացրել ենք երկու բարեհաջող թռիչք դեպի ստրատոսֆերա, որտեղ առաջին անգամ բախվեցինք այդքան բարձր շերտում առկա գրեթե տիեզերական պայմաններին։ Առնչվեցինք այն խնդիրներին, որոնց սովորաբար հանդիպում են արբանյակներն ուղեծրում, մասնավորապես՝ էլեկտրոնային համակարգերի խափանումներ, խիստ ճառագայթային պայմաններ, վակուումին մոտ մթնոլորտային ճնշում, ցածր ջերմաստիճան եւ այլն։

Տիեզերք հասնելու կարեւորությունը

Ավետիք

Մեր սահմանները վերեւից բաց են։ Աշխարհում ընթացող պատերազմական զարգացումները ցույց են տալիս՝ ջրի երեսին մնում են նրանք, որոնք գնում են դեպի բարձր տեխնոլոգիական լուծումների։ Սա անվտանգային խնդիր է եւ տիեզերական ոլորտն ամենաբարձր տեխնոլոգիական ոլորտն է, որը լավ ստեղծելու ու զարգացնելու դեպքում կունենանք լոկոմոտիվ. այն առաջ կտանի մնացած բոլոր տեխնոլոգիական ոլորտները։

Ավետիք Գրիգորյանը Ավետիք Գրիգորյանը
photo © Մեդիամաքս


Հայաստանն այս գործում հնարավորինս արագ մեծագույն ջանքեր պետք է գործադրի՝ սկսած դպրոցական մակարդակից մինչեւ մասնագիտական, որպեսզի պոտենցիալն իրացնի ու իր տեղն ունենա աշխարհում։

Հայկ

Կարելի է ասել՝ համարյա զրոյից ենք սկսում։ Խորհրդային տարիներին Հայաստանը թե՛ մասնագետների, թե՛ գիտահետազոտական առումով բավականին մեծ ներդրում է ունեցել տիեզերական ոլորտում։ Ունեցել ենք ինստիտուտներ, որտեղ արտադրվել են տիեզերական տարբեր սարքավորումներ, սակայն հիմա դրանք գրեթե կիրառելի չեն։ Գիտելիքային բազան պահպանվել է, որոշ մասնագետներ թեեւ տարիքով են, բայց կան։ Հարկավոր է փորձի փոխանակում, սերնդափոխություն. այդ ամենի համար էլ պետք է ստեղծել համապատասխան ենթակառուցվածք։

Հայկ Մարտիրոսյանը Հայկ Մարտիրոսյանը
photo © Մեդիամաքս


Հարկավոր է հզոր ռազմավարություն ունենալ, ուժեղ եւ ամբիցիոզ տիեզերական ստրատեգիկ պլան Հայաստանի համար։ Գաղտնիք չէ, որ տնտեսական զարգացման ու եկամտաբերության առումով բավական խոստումնալից ոլորտ է՝ բուռն կերպով աճող շուկա։

Հայաստանի տիեզերական ռազմավարության մշակումը

Հայկ

Ռազմավարության նախնական տարբերակ ենք պատրաստել ու որպես սեւագիր փոխանցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն. վերջնամշակումը շարունակվում է նախարարության ներքո։

Ավետիք

Շատ կարեւոր է, որ ռազմավարությունը նպատակադրված լինի՝ ստեղծելու տեղական կարողություններ ու մասնագիտական ռեսուրսներ։ Պետք չէ միայն արբանյակ թռցնել ու ասել՝ վերջ, ինչպես նաեւ պետք չէ միայն գնել ուրիշ երկրներից։ Այսինքն՝ անհրաժեշտ է ոչ թե զուտ րոպեական պահանջներից բխող խնդիր լուծել, այլ՝ երկիրը բարձրացնել եւ ավելի անվտանգ դարձնել։ Հարկավոր է ոչ միայն պարզապես ներգրավվել այլ երկրների ծրագրերում կամ պարզապես գնորդի, սպառողի դերում լինել, այլ դրան զուգահեռ պետք է սեփական միջոցները ստեղծել՝ մեթոդաբար, ամեն օր ու ամեն ժամ։

Հայկ

Տիեզերքն այն ոլորտներից է, որ պետության մասնակցությունն անխուսափելի է։ Հայաստանում տեսնում ենք, որ կա հետաքրքրություն կառավարության կողմից, դրա մասին են վկայում նաեւ նախորդ տարվա միջոցառումները, օրինակ՝ Starmus-ի անցկացումը։ Աջակցություն ունենք ԲՏԱ նախարարությունից, նաեւ՝ էկոնոմիկայի նախարարությունից ու ՊԵԿ-ից։

photo © Մեդիամաքս


Կարեւոր է նաեւ արտասահմանյան ընկերությունների հետ ստեղծել բավականին լավ, կոմպետենտ ու պրոֆեսիոնալ հարաբերություններ։ Ռազմավարությունը պետք է իր մեջ այդ ամենը ներառի, պետք է տեսանելի լինեն երկրի ընդհանուր մոտեցումը եւ հավակնոտ ծրագրով առաջ գնալու հանձնառությունը։ 100 տարի առաջ պետք է նայենք, տեսնենք, թե տիեզերական ոլորտում որտեղ ենք լինելու։

Գործունեության ուղղությունները եւ համագործակցությունները

Հայկ

Մեր երկու թռիչքները դեպի ստրատոսֆերա կարելի է համարել առաջին քայլերը, որոնք մեզ տարան տիեզերքին մոտ՝ տիեզերքի դուռը թակելու։ Փորձում ենք հիմնականում կենտրոնանալ տիեզերական հետազոտությունների վրա։

Բացի այդ, Քեմուրջյանի անվան մրցույթն ենք իրականացրել դպրոցականների եւ ուսանողների շրջանում։ Նախորդ տարի «Այբ» դպրոցի աշակերտների թիմը հաղթող ճանաչվեց ու իրենց նախագծած 197 գրամանոց սարքը (payload) տեղադրվեց հնդկական Skyroot տիեզերական ընկերության ենթաուղեծրային հրթիռում եւ ուղարկվեց բաց տիեզերք մինչեւ 125 կմ բարձրություն՝ հատելով տիեզերքի պայմանական սահմանը (Karman line)։

photo © «Այբ» դպրոցի աշակերտների թիմը


Սարքը տիեզերքում մնաց 2-3 րոպե, այդ ընթացքում տվյալներ հավաքեց հրթիռի թռիչքի հետագծի, օդի ջերմաստիճանի եւ ճնշման, հրթիռի արագության, արագացման, ինչպես նաեւ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության եւ օզոնի կոնցենտրացիայի փոփոխությունների մասին։ Նախատեսված չափումներն իրականացնելուց եւ ստացված տվյալները Երկիր հաղորդելուց հետո հրթիռն իջավ ու ընկավ օվկիանոս:

Սա իրականացվել է HyeTech-ի հետ համատեղ՝ համագործակցելով հնդկական Skyroot մասնավոր տիեզերական ընկերության հետ։ Իրենց հետ կապը շարունակում ենք եւ հետագայում նոր համագործակցություն նույնպես սպասվում է։ Չի բացառվում՝ կլինեն ավելի հետաքրքիր ծրագրեր։

photo © Մեդիամաքս


Համագործակցում ենք նաեւ Վերսալի համալսարանի հետ։ Իրենք ուղեծրում արդեն 2 փոքր արբանյակ ունեն։ Մենք մեր կայանը նոր էինք պատրաստում, երբ կապ հաստատեցինք նրանց հետ ու հիմա մեր կայանից հետեւում ենք իրենց արբանյակին, տվյալներ ստանում ու փոխանցում։ Այդ ծրագրի վերջնական նպատակն է երկրի շուրջ ցածր ուղեծրերում ունենալ բազմաթիվ փոքր արբանյակների ցանց, որոնց չափումների շնորհիվ հնարավոր կլինի ցանկացած պահի Երկրի գլոբալ ջերմային իրավիճակի ընդհանուր պատկերն ունենալ։

Համագործակցում ենք նաեւ լեհական ու բուլղարական ընկերությունների հետ։

Ներդրումներ ու ֆինանսներ

Հայկ

Սկզբնական փուլում ֆինանսավորումն անձնական միջոցներով էր, բայց հաջորդ փուլ անցնելու համար հարկավոր էր նոր գումար։ Աջակցել են մեր ընկերներն ու համախոհները, որոնք հավատում ու վստահում են մեզ եւ մեր գործին։

photo © Մեդիամաքս


Հուսով ենք՝ կարդարացնենք վստահությունը։ Ծրագիրը թվում է՝ հեշտ է, բայց իրականում բավականին բարդ է։ Կան բազում հարցեր՝ թե՛ տեխնիկական, թե՛ թղթաբանական։ Պետությունն էլ ունի մասնակցություն եւ աջակցում է։

Bazoomq-ի թիմն ու նպատակները

Հայկ

Բոլորս եղել ենք AYAS խմբակի տարբեր ժամանակաշրջանների շրջանավարտներ։ Վաչիկ Խաչատրյանը, որ Bazoomq-ի համահիմնադիրներից է, պաշտպանել է թեկնածուական թեզ միջուկային ֆիզիկայից։ Նա աշխատել է գիտության ոլորտում, այնուհետեւ միացել Bazoomq-ին։ Ավետիքը որոշ ժամանակ աշխատել է Բյուրականի աստղադիտարանում, AYAS Տիեզերագիտական ընկերության հիմնադիրը եւ նախագահն է, այնուհետեւ աշխատել է տեխնոլոգիական եւ ՏՏ ընկերություններում, հիմա Bazoomq-ի գլխավոր տնօրենն է, ավագ գիտնականը։

Ավետիք Գրիգորյանը Ավետիք Գրիգորյանը
photo © Մեդիամաքս


Ավետիքի հետ նաեւ համահիմնադրել ենք Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիան։ Bazoomq-ն ունի խորհրդատուների տպավորիչ թիմ՝ Գարիկ Իսրայելյան, Նաիրա Հովակինյան, Արմեն Դերդերյան եւ այլք։

Ավետիք

ԱՄՆ-ում, Եվրոպայում քոլեջի մակարդակով կարող են արբանյակի ծրագիր իրականացնել, բայց դա նույնը չէ, ինչ մենք ենք անում։ Նրանք էլ են գնում արբանյակային մասեր, հավաքում, ծրագրավորում, ստուգում, փորձարկում, իրենց նպատակներին հարմարեցնում, մենք նույնպես. նրանք, սակայն, ունեն տարիների փորձ, մշակված դասընթացներ, գործընթացներ, մասնագետներ, բազմիցս անցել են այդ ճանապարհով։

photo © Մեդիամաքս


Ամբողջ պրոցեսը փաստաթղթավորելով, այսինքն՝ ժառանգություն թողնելով՝ մենք գիտական մոտեցմամբ ենք առաջ շարժվում։ Ոչ թե զուտ հմտություն կամ փորձ ենք ձեռք բերում, այլ խորապես յուրացնում ենք այդ տեխնոլոգիաները։ Դա անում ենք, որպեսզի ճանապարհ հարթենք նաեւ մեզնից հետո եկող սերնդի համար։ Սա առայժմ առաջին փորձն է եւ շատ կարեւոր է, որ իրականացնում ենք Կրթության զարգացման եւ նորարարության ազգային կենտրոնի հետ համատեղ։ Նման ծրագրերում կարող ուժերի հետ համագործակցությունը հրամայական է եւ հաջողության գրավական։

Կարեւոր է նաեւ բարոյական աջակցությունը, օրինակ, Krisp-ի, HyeTech-ի թե՛ կապերով, թե՛ փորձով աջակցությունը։ Մեզնից յուրաքանչյուրը մեր ոլորտի մասնագետն է, բայց կառավարման ուղղություններով, երբեմն, անփորձ ենք, ու նրանց աջակցությունն անփոխարինելի է։ Դրա շնորհիվ հուսով ենք հնարավորինս արագ տեմպով ոտքի կանգնել ու օգնել մյուսներին։

Նունե Գրիգորյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի