Վահրամ Գրիգորյանը
Վահրամ Գրիգորյանը
13:56 | 20.11.23 | Հոդվածներ | exclusive 3024
Երեւանի պետական համալսարանի Ֆոտոնիկայի եւ արհեստական բանականության լաբորատորիան սկսել է իրականացնել հետազոտական նախագիծ, որի նպատակն է օպտիկական նկարահանման սահմանները բարդ եւ դինամիկ միջավայրերում ընդլայնելը: Ծրագիր իրականացումը ղեկավարում է Վահրամ Գրիգորյանը, ով համալսարանին եւ լաբորատորիայի աշխատանքներին միացել է 2022 թվականի մայիսից:
«Հիմնականում իրականացնում եմ գիտահետազոտական աշխատանքներ. չեմ դասավանդում: Լաբորատորիայում աշխատում ենք կոնկրետ 2 ծրագրերի վրա, որ իրականացնում ենք շահած դրամաշնորհների միջոցով: Առաջինը Արտերկրի գիտնականների ինտեգրման մրցույթն էր, մյուսը՝ Երկակի նշանակության ծրագրերի աջակցության դրամաշնորհը»,- ասում է Վահրամ Գրիգորյանը:
Առաջին ծրագիրն ուղղված է լայնաշերտ տարածական լուսային մոդուլատորի (Spatial Light Modulator) մշակմանը` ալիքի երկարության լայն միջակայքում:
«Հիմնականում սարքավորումները օգտագործվում են լույսի վրա ինչ-որ ինֆորմացիա գրելու համար: Սրանք արդիական տեխնոլոգիաներ են եւ օգտագործվում են տարբեր լաբորատորիաներում, բայց դրանք հիմնականում նախատեսված են լույսի կոնկրետ ալիքի երկարության համար: Մեր նպատակն է, երկու հիմնական ֆիզիկական երեւույթ օգտագործելով, այդ հնարավորությունները ընդլայնելը ու հնարավորություն տալը, որ մեկ սարքի միջոցով կարողանանք ավելի լայն միջակայքում ալիքի երկարությունը օգտագործել,կարողանանք մոդուլյացնել եւ՛ միկրոալիքները, եւ՛ տեսանելի լույսը»,- պարզաբանում է Վահրամ Գրիգորյանը:
Երկրորդ ծրագիրը ուղղված է օպտիկայի բնագավառում տարբեր փորձարարական աշխատանքներին: Հաճախ բարդ մթնոլորտային տուրբուլենտությունը կամ մառախուղը կարող են այնպես աղավաղել օբյեկտից եկող տեղեկատվությունը, որ անգամ նորագույն մեքենայական ուսուցման ալգորիթմերը չեն կարող վերականգնել այն: Ծրագիրը վերաբերում է այսպիսի միջավայրերում ժամանակային փականով տեսախցիկներով նկարահանումներին։
«Սովորաբար, երբ տեսախցիկները աշխատում են, իրենք անընդհատ ֆիքսում են միջավայրից իրենց ստացած ինֆորմացիան, այսինքն՝ տեսախցիկը անընդհատ ֆիքսում է ինչ-որ օբյեկտից անդրադարձող լույսը: Բայց կան հատուկ տեսախցիկներ, որոնց փականները կարողանում են բացվել շատ կարճ՝ 20 նանովայրկյան, տեւողությամբ»,- ասում է ծրագրի ղեկավարը:
Վահրամ Գրիգորյանը