18:08 | 15.11.23 | Հոդվածներ | exclusive 4170

«Գիտելիքը միակ անսպառ ռեսուրսն է». DataArt-ի QA դպրոցն՝ արցախցի կանանց համար

DataArt ընկերությունում մեկնարկել է QA(Quality Assurance) դպրոց Արցախից բռնի տեղահանված կանանց համար: Երկու ամիս տեւողություն ունեցող դասընթացներն անվճար են: Ընտրված 19 մասնակիցներին շաբաթական երկու օր DataArt-ի մասնագետները փոխանցելու են գիտելիք ու հմտություններ՝ հնարավորություն տալով ձեռք բերել նոր, պահանջված մասնագիտություն:

Itel.am-ը ներկա է եղել դպրոցի մեկնարկին, զրուցել մասնակիցների հետ:

Լինել այն փոփոխությունը, որ ուզում ես տեսնել

«DataArt Հայաստանում ամեն ինչ սկսվեց 4 մարդուց, հիմա արդեն 450 հոգանոց թիմ ունենք եւ Հայաստանի խոշոր հարկատուներից մեկն ենք», -  ողջունելով QA դպրոցի մասնակիցներին՝ ասել է DataArt-ի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն, մարդկային ռեսուրսների գծով տնօրեն Իշխան Մարգարյանը:

photo © Մեդիամաքս


Նա ընդգծել է՝ բազմաթիվ կրթական ծրագրեր են իրականացրել, բայց այս մեկին ընկերությունում բոլորն առանձնահատուկ սրտացավությամբ ու կարեւորությամբ են մոտեցել.

«DataArt-ը գործունեության առաջին օրվանից փորձում է լինել կազմակերպություն, որն ինչ-որ դրական փոփոխություն կիրականացնի Հայաստանում: Երբ  թիմ էինք հավաքում, փորձում էինք ընտրել մարդկանց, որոնք ճիշտ նույն կերպ են մտածում, մարդկանց, որոնք պարզապես չեն ասում՝ «դե հիմա սա է», «միշտ վատ է մնալու»: Այսօր մեկնարկող դասընթացը մեր այս հիմնական գաղափարախոսության արտացոլումն է: Շատ ուրախ ու հպարտ եմ այսօր ձեզ տեսնել մեր գրասենյակում: Մի արտահայտություն կա՝ «Be the change that you want to see» (եղիր այն փոփոխությունը, որ ուզում ես տեսնել): Այսօր ուզում եմ ձեզ ասել շնորհակալություն՝ կամքի, մոտիվացիայի, առաջ գնալու ուժի համար: Դուք մարդիկ եք, որոնք չնայած բազմաթիվ դժվարություններին, հավատում են՝ փոփոխությունը կարող է սկսվել հենց իրենցից», - ասել է Իշխան Մարգարյանը:

Իշխան Մարգարյանը Իշխան Մարգարյանը
photo © Մեդիամաքս


Նա նշել է, որ QA դպրոցում որոշել են ընդգրկել կանանց եւ աղջիկներին, քանի որ ՏՏ ոլորտում տղամարդկանց թիվը գերակշռում է.

«Երբ խոսքը գիտելիքի, մտավոր ներուժի մասին է՝ չկան կանայք կամ տղամարդիկ, բոլորը հավասար են: Տեսնելով, որ ՏՏ ոլորտում կանանց թիվը շատ ավելի քիչ է, փորձում ենք բալանսավորել իրավիճակը: Անելու ենք առավելագույնը, որ դուք հնարավորինս շատ գիտելիք ստանաք ու կարողանաք հետագայում ՏՏ ոլորտում աշխատանք գտնել»:

photo © Մեդիամաքս


DataArt-ի փոխտնօրենի խոսքով՝ ծրագիրը սկսելիս մտավախություն ունեին, որ անհրաժեշտ թվով մասնակից չի հավաքվի, քանի որ Արցախից տեղահանված մարդիկ բարդ իրավիճակում են, բազմաթիվ հոգսեր ունեն:

«Մտածում էինք՝ գուցե հիմա դասընթացի ժամանկը չէ: Բայց այսօր դուք այստեղ եք ու շնորհակալ եմ, որ չեք կոտրվել, որ ուժ եք գտել: Սա միայն հիացմունքի է արժանի», - ասել է Իշխան Մարգարյանը:

Գիտելիքն է միակ ռեսուրսը, որ չի կորում եւ չի սպառվում

Արուս եւ Աշխեն Մարգարյանները բարեկամուհիներ են, Արուսն Աշխենի եղբոր կինն է: Դասընթացներին միասին են դիմել, երկուսն էլ անցել են ընտրական փուլն ու հիմա DataArt-ում են:

photo © Մեդիամաքս


«Մասնագիտությամբ անգլերենի ուսուցիչ եմ, բայց Արցախում աշխատում էի քաղծառայության ոլորտում: Դեռ 2020թ.-ի պատերազմից հետո որոշել էի, որ պետք է նոր մասնագիտություն սովորել: Ուսումնասիրելով շուկայի պահանջարկը՝ սկսեցի հետաքրքրվել ՏՏ ոլորտով: Այն գրաֆիկի առումով համեմատաբար ազատ է, ինչը թույլ է տալիս համատեղել աշխատանքն ու երեխաների խնամքը: Բացի այդ, այս ոլորտում աշխատավարձը բավականին մրցունակ է, իսկ սա առավել կարեւոր է հատկապես հիմա. որքան էլ աշխատեն ամուսինները՝ նրանց օգնել է պետք», - ասում է 37-ամյա Արուս Մարգարյանը:

Արուս Մարգարյանը Արուս Մարգարյանը
photo © Մեդիամաքս


2020թ. հետպատերազմյան Արցախում, սակայն, նոր մասնագիտություն սովորելու համար ժամանակ տրամադրել չի ստացվում ու Արուսը սկսում է տարբեր դասընթացներով հետաքրքրվել արդեն այս տարի՝ Երեւան տեղափոխվելուց հետո.

«Վերջին չարաբաստիկ պատերազմից հետո, երբ ստիպված լքեցինք մեր Ստեփանակերտն ու տեղափոխվեցինք Հայաստանի Հանրապետություն, առավել հստակ հասկացա՝ պետք է նոր հմտություններ ձեռք բերել: Ստեփանակերտը փոքր քաղաք էր ու առավոտյան 9-ից երեկոյան 5-ն աշխատելով՝ կարողանում էի հասցնել զբաղվել նաեւ երեխաներով: Բացի այդ, նրանք շատ լավ գիտեին քաղաքն ու Ստեփանակերտում միայնակ էլ կարողանում էին տեղից տեղ գնալ: Երեւանում չեմ կարող նրանց ամբողջ օրով թողնել, իսկ ՏՏ ոլորտում աշխատանքն այս առումով հարմար է: Երբ զանգ ստացա DataArt-ից շատ ուրախացա: Այստեղ մեզ ջերմ դիմավորեցին, ծանոթացրեցին գրասենյակին, որում կան բոլոր պայմաններն արդյունավետ ու հարմարավետ աշխատանքի համար: Կարծում եմ՝ այս դասընթացները կարող են շատ լավ հնարավորություն լինել»:

«ՏՏ ոլորտի հանդեպ հետաքրքրությամբ ինձ վարակել է Արուսը», - ծիծաղում է 32-ամյա Աշխեն Մարգարյանն ու ցույց տալիս եղբոր կնոջը:

Աշխեն Մարգարյանը Աշխեն Մարգարյանը
photo © Մեդիամաքս


«Ես Ստեփանակերրտից եմ, ամուսնանալուց հետո տեղափոխվել էի Մարտակերտ: Մասնագիտությամբ քաղաքագետ եմ: Հինգ տարի աշխատել եմ Արցախի խորհրդարանում՝ որպես խորհրդարանի նախագահի օգնական: Հիմա երկու երեխա ունեմ, հիմնական աշխատանքս՝ մայրիկ», - ժպտում է:

Աշխեն Մարգարյանի փոքր երեխան դեռ 11 ամսական է, ասում է՝ ՏՏ ոլորտում մասնագիտություն ձեռք բերելով, գուցե, կարողանա աշխատել հեռավար, քանի որ տեղահանվելուց հետո ընտանիքներում բազմաթիվ հոգսեր կան:

«DataArt-ն ու կրթական նման ծրագրեր կազմակերպող մյուս ընկերություններն արժանի են շատ մեծ գնահատանքի: Դժվար իրավիճակում հայտնված մարդուն ֆինանսական, նյութական աջակցությունը շատ կարեւոր է, բայց այն մնայուն չէ: Միակ ռեսուրսը, որ չի կորում, չի սպառվում՝ մարդու ուղեղն է, նրա ունեցած գիտելիքը:

photo © Մեդիամաքս


Շատ եմ գնահատում, որ մենք հնարավորություն ունենք այսքան ջերմ եւ պրոֆեսիոնալ մթնոլորտում նոր հմտություններ ստանալ: Հուսով եմ՝ դրանց շնորհիվ մի օր կկարողանանք ինքնուրույն հոգալ մեր ընտանիքների կարիքները», - ասում է Աշխեն Մարգարյանը:

Յանա Շախրամանյան

Լուսանկարներն՝ Էմին Արիստակեսյանի