15:51 | 13.11.23 | Հոդվածներ | exclusive 8189

Direlli-ին տարածում է աութսթաֆինգի մշակույթը Հայաստանում

Direlli ընկերությունը մշակել է աութսթաֆինգ (Outstaffing) հարթակ, որի միջոցով ընկերությունները կարող են գտնել համապատասխան մասնագետների եւ հակառակը։

Հարթակը երկու ամիս է, ինչ գործարկվել է, եւ հասցրել ձեռք բերել 100-ից ավելի համագործակցություն։

Direlli-ի համահիմնադիր Մարիամ Ասատրյանն iTel.am-ի հետ զրույցում պատմել է իրենց գործունեության, ընկերության պրոդուկտների, Հայաստանում աութսթաֆինգ մշակույթի տարածման մասին։  

Գաղափարն ու ընկերության հիմնումը

Մինչեւ ընկերության պաշտոնապես հիմնումը ես եւ մյուս համահիմնադիր Հրաչյա Եղիազարյանը Wordpress կայքեր էինք պատրաստում, ֆրիլանսերներ էինք։ Այդ ժամանակ զբաղվում էի բովանդակության կառավարմամբ։

2020-ին որոշեցինք պաշտոնապես հիմնել Direlli ընկերությունը եւ ընդլայնել գործունեությունը edtech ուղղությամբ՝ հայկական շուկայից դուրս գալով արտաքին շուկա։ Սրան նպաստեցին նաեւ ներքին շուկայի ճգնաժամն ու դժվարությունները։ Մեզ միացավ երրորդ համահիմնադիր Մելքոն Հովհաննիսյանը՝ որպես տեխնիկական տնօրեն։

Որոշեցինք ծրագրային լուծումների ծառայություններ մատուցող սովորական ընկերությունից դառնալ սեփական պրոդուկտ մշակող ընկերություն։

Մարիամ Ասատրյանը Մարիամ Ասատրյանը
photo © Մեդիամաքս


Այսպիսով, Direlli-ն ներկայում ունի 2 պրոդուկտ․մեկը՝ կրթական all in one հարթակ Univern-ը, որը դեռ գաղափարի ու մշակման փուլում է, եւ աութսթաֆինգի համար նախատեսված արդեն իսկ գործող Direlli հարթակը։

Ընկերության անվան ընտրությունը ծիծաղելի պատմություն է։ Երբ ես ու Հրաչյան պլանավորում էինք անունը, անընդհատ ինչ-որ տարբերակներ էինք քննարկում, հապավումներ մտածում, փորձում էինք սիրուն ու հնչեղ անուն գտնել: Հրաչյան մի քանի տարբերակ առաջարկեց, ես էլ ասացի՝ «դե մի բան դի՛ր էլի» ու այդտեղից էլ որոշեցինք հենց «Direlli» թողնել, բայց երկու L-ով, որն իտալական հնչողություն ունի. հետո պարզեցինք, որ այն ուղղակի իտալական ազգանուն է։

Աութսթաֆինգի մշակույթն ու դրա տարածումը Հայաստանում

Աութսթաֆինգը 2005 թվականից սկսած ԱՄՆ-ում դարձավ պահանջված աշխատանքային մոդելներից մեկը, քանի որ շուկայում որակավորված մասնագետների պակաս կար։ Օրինակ՝ հաշվապահական ընկերությունները սկսեցին մեկը մյուսին փոխանցել մասնագետների, այնուհետեւ այն մեծ տարածում գտավ նաեւ ՏՏ ոլորտում. ընկերությունները կոնկրետ ուղղվածություն ունեցող մասնագետների փոխանակում են կատարում։

photo © Մեդիամաքս


Մեկ այլ տերմին էլ է օգտագործվում՝ «body leasing», որը մի փոքր կոպիտ է հնչում, բայց փաստացի ներկայացնում է երեւույթը։ Սա շատ ակտուալ դարձավ հատկապես Քովիդից հետո։ Այն ընկերությունները, որոնք հիմնականում աշխատում էին ներքին շուկայում, գործի պակաս ունեին ու իրենց աշխատակիցներն անգործ էին մնում, դա կոմպենսացնելու համար նրանց այլ ընկերություններում աշխատելու հնարավորություն տրվեց: Բոլոր իրավական, ֆինանսական հարցերը լուծվում են ընկերությունների միջեւ, ստացվում է B2B համագործակցություն։

photo © Մեդիամաքս


Նման մոդելով աշխատող հայկական կազմակերպություններ կան, բայց քիչ են, մեզ մոտ դեռ ձեւավորված չէ այդ մշակույթը։ Հայկական կազմակերպությունները մտավախություն ունեն մեկը մյուսից տաղանդներ գողանալու առումով, այդ պատճառով էլ այդքան տարածված չէ։

Սա ՏՏ մասնագետի համար ունի մի քանի դրական կողմ։ Վերջինս գործի պակաս չի ունենում, պարապուրդի չի մատնվում, անընդհատ նոր գիտելիքներ է ձեռք բերում, ոլորտային փոփոխություն է կատարում, նաեւ հնարավորություն է ունենում միջազգային թիմերի հետ աշխատել եւ մշակույթների փոխանակումներ ունենալ։

photo © Մեդիամաքս


Մենք այդպիսի նախադեպեր ունենք, երբ ինժեներները գնացել են մեր հաճախորդի երկիր ու ինչ-որ ժամանակահատված անցկացրել այնտեղ՝ եւ՛ հանգստացել, եւ՛ աշխատել։ Ինժեներներին իրականում այս աշխատանքային ձեւաչափը դուր է գալիս հենց բազմակողմանիության շնորհիվ։

Աութսթաֆ համագործակցության առաջարկներ սկսեցինք ստանալ, երբ մեզ համար էլ դա անծանոթ երեւույթ էր. կար մտավախություն, որ մեր մասնագետին կարող են headhunt անել։ Իհարկե, դա մնաց անցյալում, քանի որ կան պայմանագրեր ու իրավական գործընթացներ։ Գործատուին սովորաբար հարկավոր է ինժեների հետ աշխատել կոնկրետ ժամանակահատվածում կոնկրետ նախագծերի վրա:

Direlli-ի կիրառությունն ու մասնագետների ընտրությունը

Ներկայում մեր հարթակում գրանցված է շուրջ 250 մասնագետ տարբեր երկրներից՝ Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Լեհաստան, Ուկրաինա։ Մեծամասնությունը Հայաստանից է, ֆրանսախոս մասնագետներ ունենք Ալժիրից, Թունիսից, Մարոկկոյից, կան նաեւ Մերձավոր Արեւելքից աշխատակիցներ։

photo © Մեդիամաքս


Բոլորը նույնականացված են։ Թեստավորման հայտնի համակարգերից ենք օգտվում, յուրաքանչյուր տեխնիկական մասնագետի համար տրամադրում ենք համապատասխան բարդության առաջադրանքների անհատական թեստ։

Ստուգում ենք նրանց փափուկ հմտությունները, որը շատ ենք կարեւորում հատկապես աութսթաֆում։ Աշխատակիցը ներգրավված է լինում ուրիշ մշակույթ կրող միջավայրում, այդ ընդհանուր նմանություններն ու գծերը շատ կարեւոր են, նաեւ՝ գաղափարապես լոյալ լինելու առումով։ Մենք ուշադրություն ենք դարձնում նաեւ գեոպոլիտիկ նրբություններին, օրինակ՝ Իսրայելի հաճախորդին չենք առաջարկի կամ կապի արաբ մասնագետի հետ։ Փորձում ենք հաշվի առնել բոլոր նրբությունները։

Երկու ամիս է, ինչ հարթակը գործարկվել է, այս ընթացքում ձեռք ենք բերել 100-ից ավելի համագործակցություն եւ սպասվում է, որ մինչեւ տարեվերջ հարցումների քանակը կեռապատկվի:  

Մարիամ Ասատրյանը Մարիամ Ասատրյանը
photo © Մեդիամաքս


Այժմ շատ մեծ է AI/ML ինժեներների, նաեւ տվյալագետների ու DevOps մասնագետների պահանջարկը։ Մարդկային ռեսուրսների հավաքագրման մեր թիմն ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ եւ ներգրավում պահանջված մասնագետների։

Թիմը

Մեր թիմը բաղկացած է մոտ 20 հոգուց։ Հրաչյա Եղիազարյանը, Մելքոն Հովհաննիսյանը եւ ես համահիմնադիրներն ենք։ Մելքոնի հետ ծանոթացել ենք, երբ 17 տարեկան էր, այժմ ընդամենը 21 տարեկան է ու արդեն մեր տեխնիկական տնօրենն է։ Նա տաղանդավոր ծրագրավորող է, հաղթել է վեբ տեխնոլոգիաների ոլորտում Կորեայի Գոյանգ քաղաքում անցկացվող WorldSkills Competition 2022 մրցույթում։

Հրաչյան մեզ ոգեշնչողն է, մանրակրկիտ նախագծում է մեր բոլոր նախագծերը։ Թիմի կարգախոսն է «Breath life into ideas», որն ամփոփում է մեր գաղափարախոսությունը։

Մասնագիտությամբ քաղաքագետ եմ, ավարտել եմ ՀՌՀ ազգային անվտանգության մագիստրատուրան, բայց ասպիրանտուրայի կեսից հասկացա՝ չեմ ուզում այդ ամենով զբաղվել։ Մոտս էքզիստենցիալ ճգնաժամ էր, հետո թվային ոլորտով տարվեցի, սովորեցի գրաֆիկ դիզայն ու մինչեւ այս ամենը դրանով էի զբաղվում։

photo © Մեդիամաքս


Թիմային ավանդույթներ ունենք։ Ընտանեկան միջավայր է մեզ մոտ։ Տարվա մեջ մի քանի անգամ թիմային հավաքներ ենք կազմակերպում, միասին ճամփորդում, հանգստանում։ Նախորդ տարի մեկ ամիս Թբիլիսից ենք աշխատել, միասին եւ հանգիստն էինք անցկացնում, եւ աշխատանքը։

Ներդրումներն ու առաջիկա ծրագրերը

Direlli-ին այս շրջանում օրգանիկ աճում է, մենք նույնիսկ գովազդի համար գումար չենք ծախսել։ Մարքեթինգի մինիմալ ծախսեր ենք արել, մեր վաճառքի թիմն ակտիվ աշխատում է ուղիղ վաճառքների վրա։ Առաջիկայում պլանավորում ենք աութսթաֆինգ հարթակն ավելի մեծացնել, ներգրավել նաեւ կազմակերպությունների, որոնք մեկը մյուսի հետ կաշխատեն։

photo © Մեդիամաքս


Ինչ վերաբերում է Univern-ին, ապա ներդրումների կարիք ունենք, քանի որ այն գլոբալ պրոդուկտ պետք է դառնա։ Univern-ը կրթության համար բոլոր անհրաժեշտ բաղադրիչներն ու գործիքները ներառում է. դրանք բոլորը մշակում են մեր ծրագրավորողները, ոչ թե ինտեգրում ենք երրորդ կողմի գործիքները։ Ուսանողների ու դասախոսների համար ստեղծում ենք հնարավորություն առցանց դասապրոցես ստեղծել ու կազմակերպել մեկ քլիքով։ Այն ունի նաեւ արհեստական բանականության կիրառություններ։ Կրթական շատ հարթակներ կան, բայց Univern-ը, կարծես, բոլոր այդ հարթակների միասնությունը լինի իր ֆունկցիոնալ հնարավորություններով, նույնիսկ տեսազանգերի համար զրոյից առանձին գործիք ենք մշակել:

Այդ ամենի համար ներդրումների կգնանք։ Հատկապես edtech ոլորտում ներդրողները պետք է նաեւ մեր գործընկերները լինեն, ցանկանում ենք 2024-ին դեմո տարբերակը շուկա հանել ու ապահովել առաջխաղացում։

Նունե Գրիգորյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյան