Հայկ Ազարյանը
Հայկ Ազարյանը
16:13 | 27.10.23 | Հոդվածներ | exclusive 3398
Անհասկանալի բառից մինչեւ NFT Armenia
Մինչ NFT-ների ստեղծվելը կային «Վեբ 1» եւ «Վեբ 2» ժամանակաշրջանները: «Վեբ 1»-ի ընթացքում մարդիկ կարողանում էին կայքէջերը միայն դիտել: «Վեբ 2»-ի ընթացքում ստեղծվել են սոցցանցերը, հնարավորություն է տրվել դրանցում հավանել հրապարակումները, մեկնաբանել, դրանցով կիսվել եւ նամակներ ուղարկել: Բայց քանի որ սոցցանցերում մարդկանց տեղեկատվությունն իրենց չի պատկանում, օգտատերերին իրենց «ուժը» վերադարձնելու անհրաժեշտություն է առաջացել, եւ ստեղծվել է «Վեբ 3»-ը, որի մի մասն է NFT Armenia հարթակի հիմնադիր Հայկ Ազարյանը:
Հայկն ու NFT-ները՝ «մարդկային լեզվով»
2020 թ-ի վերջերին Գարի Վայներչուկը սկսեց ինչ-որ բառ ասել, որը ընդհանրապես չէր հասկանում՝ ի՞նչ է NFT-ն: Այդ ժամանակ դեռ չէր մտածում NFT կապիկների, ինչ-որ բան էժան գնելու ու վաճառելու մասին: Ավելի շատ կարծում էր, որ կա հետաքրքիր տեխնոլոգիա, որը հիմա այդքան էլ չի օգտագործվում, բայց այն հիմք է դառնալու շատ ավելի մեծ բանի: 2021 թ.-ի հոկտեմբերին գնեց իր առաջին NFT-ն, սկսեց միջազգային շուկայում ակտիվություն ցուցաբերել, մարդկանց հետ ծանոթանալ եւ թվային համայնքի մաս դառնալ:
«2022 թ.-ի հունվարի վերջին որոշեցի Հայաստանում եւս այս ոլորտում ինչ-որ բան փորձել: Ստեղծեցի իմ «NFT Armenia»-ն: Սկսեցի անցկացնել թեմատիկ հանդիպումներ, տարբեր տեղերում հայերեն դասախոսությունները կարդալ եւ օնլայն քննարկումներ կազմակերպել NFT-ների վերաբերյալ»,- ասում է Հայկ Ազարյանը:
Հայկ Ազարյանը
Հայկը թոքենները նմանեցնում է արկղի, որի մեջ դրված է տեղեկատվություն: Մարդիկ կարող են յուրաքանչյուր թվային ֆայլ՝ տեքստ, վիդեո, անիմացիա, լուսանկար, կոդ, դնել այդ արկղի մեջ՝ «մարդկային լեզվով»՝ կարող են ցանկացած ֆայլ NFT դարձնել:
«Ստացվում է, որ այդ NFT-ն հանդիսանալու է այդ ֆայլի օրիգինալությունը ապացուցող բան: Եվ եթե դա այդպես է, ուրեմն այդ տեխնոլոգիան կարելի է օգտագործել շատ տարբեր ուղղություններով: Եթե ես կարող եմ թվային աշխարհում ապացուցել, որ ինչ-որ բան օրիգինալ է, ես դրա հետ շատ այլ բաներ կարող եմ անել»,- ասում է Հայկ Ազարյանը:
NFT-ների համակարգ մուտք գործելու համար հիմա օգտատերերը ոչ թե օգտվում են իրենց մուտքանունից եւ գաղտնաբառից, այլ թվային դրամապանակներից:
«Պատկերացրեք՝ ֆիզիկական աշխարհում կան ինչ-որ ապրանքների օրիգինալ եւ ոչ օրիգինալ տարբերակները: Իհարկե, կան որոշ արտադրողներ, ովքեր հնարավորություն են տալիս օրիգինալությունը ստուգել, բայց փաստացի մեզ համար բարդ է հասկանալ, թե որն է օրիգինալ եւ որը՝ ոչ: Նույն խնդիրը կա նաեւ թվային աշխարհում. մինչեւ NFT- ների ստեղծվելը թվային աշխարհում հնարավորություն չկար հասկանալու՝ ինչն է օրիգինալ, ինչը՝ ոչ: Google-ում ինչ-որ նկար որոնելիս շատ դժվար էր որոշել, թե որն է առաջինը ստեղծվել: Ահա այստեղ գալիս է NFT տեխնոլոգիան, որը հնարավորություն է տալիս թվային աշխարհում ունենալ յուրահատուկ օբյեկտներ»,- ասում է Հայկ Ազարյանը:
NFT- ների միջոցով մենք կարող ենք ժամանակի յուրաքանչյուր պահի տեսնել դա ստեղծողին, դրա ստեղծման ժամանակը, եւ թե ինչ է այն իրենից ներկայացնում:
«Հիմա երեխաները ծնվում են էկրաններով, եւ իրենց համար այս թվային աշխարհը ավելի հարազատ, ավելի մոտ է, քան ֆիզիկական աշխարհը: Եթե այդպես է , ուրեմն մենք պետք է թվային աշխարհում ունենանք ֆիզիկական աշխարհի ինչ-որ փորձառություններ: Դրա համար արդեն կա թվային գումար ասվածը՝ կրիպտոարժույթները, NFT-ները, մետավերսները, որոնք թվային ինչ-որ տիրույթ են: Օրինակ՝ Էմինեմը կամ Սնուփ Դոգը ինչպես ելույթ են ունենում աշխարհի տարբեր մասերում, նույն ձեւով մետավերսներում արդեն համերգներ են տվել: Սրա պահանջարկը հիմնականում նոր սերնդի կողմից է, որը գնալով մեծանում է եւ ժամանակի ընթացքում փոխարինելու է մեծ սերնդին»,- ասում է Հայկ Ազարյանը:
Հայտնի կապիկները
NFT կապիկների հայտնի դառնալու պատճառը հետեւյալն էր՝ կապիկները ուզում էին ստեղծել փակ ակումբ, դեպի ուր մուտք կունենային միայն այն մարդիկ, ովքեր կունենային այդ կապիկներից: Իրենց առաջին վաճառքի գինը եղել է ընդամենը 150 դոլար, որից հասել են հազարավոր դոլարների: Ի՞նչ հնարավորություն էր սա տալիս:
«Եթե դուք ունեք կապիկ, կարող եք մասնակցել փակ միջոցառումների, որոնց մասնակցում են նաեւ երգիչներ, արտիստներ, առհասարակ ինչ-որ հայտնի մարդիկ: Ստանում եք հնարավորություն մասնակցելու խաղարկությունների, որոնք միայն այդ փակ ակումբի անդամների համար են: Այդ կապիկների նախագիծը ձեռնարկած կազմակերպությունը նաեւ կրիպտոարժույթ էր թողարկել, որը անվճար տվել էին նրանց, ովքեր այդ կապիկներից ունեին: Կային մարդիկ, ովքեր այդպիսի մի քանի կապիկ ունեին, ու ստացվել է այնպես, որ նրանք առավոտյան արթնացել էին 2 միլիոն դոլարով»,- պատմում է Հայկ Ազարանը:
Հայկի համար ցավալի է, որ մարդկանց հիմնականում հետաքրքրում է՝ ինչպես անեն, որ «կապիկներ վաճառեն եւ հարստանան»:
«Ես իրենց համար մի հավաքական կերպար եմ ստեղծել, ով մոտավոր ասում է այս տեքստը՝ հորաքրոջս 7 տարեկան աղջիկն էլ է կարողանում կապիկներ նկարել, ո՞նց 7 միլիոնով վաճառենք: Շատերը լսել են, որ կա NFT, որ կարելի է 7 միլիոնով վաճառել, բայց ոչ ոք չի խորանում, որ 7 միլիոնով վաճառվող կապիկը այդքան է վաճառվում, որովհետեւ դրա ստեղծողը բազում հնարավորություններ եւ առավելություններ է տալիս գնորդներին»,- ասում է Հայկ Ազարյանը:
Թոքենները հայտնի են դարձել հատկապես 2021 թ.-ի օգոստոսին տեղի ունեցած բումի ժամանակ, երբ ահռելի թվով առք ու վաճառք էր տեղի ունեցել: Առաջացել էր նաեւ այլ ուղղություն՝ NFT արվեստը, երբ մարդիկ իրենց արվեստի գործերը վերածում էին NFT-ների, հետո վաճառում:
«Այդ գործերը թվային աշխարհում օրիգինալ էին: Սակայն դրանց օրիգինալությունը այն ժամանակ ապացուցելը շատ բարդ էր: Հիմա հնարավորություն կա դրանք տեղադրել որպես NFT եւ վերջ: Սա չի նշանակում, որ եթե ես, օրինակ, արտիստ եմ ու իմ նկարից NFT եմ ստեղծել, ուրիշ մեկը չի կարող այդ նույն նկարը պատճենել եւ թոքեն դարձնել: Մեկը մյուսին չի բացառում: Բայց կա մի կարեւոր պայման՝ NFT-ի տակ երեւում է ստեղծողի անունը: Եթե ունենանք 2 հատ NFT, որոնք տարբեր են իրենց անուններով, բայց կցված նկարը նույնն է, մենք նայում ենք ստեղծողին եւ դրանով որոշում, թե որն է օրիգինալ»,- ասում է Հայկ Ազարյանը:
Հոգուն կապված թոքենները
Թոքենները բազում նոր հնարավորություններ են տվել նաեւ արտիստներին: Նկարիչները նկարում են կտավի վրա, հետո դա լուսանկարում եւ դրանից NFT ստեղծում, որից հետո հեղինակը ֆիզիկական գործը ուղարկում է նրան, ով գնում է այդ թոքենը:
«Փաստացիորեն գնորդը ստանում է եւ՛ ֆիզիկական գործը, եւ՛ դրա NFT-ն: Օգտագործման ուղղությունները շատ-շատ են՝ անշարժ գույքի վարկ վերցնելուց մինչեւ զբոսանավ գնելը: Մարդիկ մետավերսներում նաեւ տարածքներ են գնում (NFT-ն փաստացիորեն ցույց է տալիս պատկանելիություն, բոլորը կարող են տեսնել, որ դա քեզ է պատկանում): Բելվեդերի պատկերասրահում Կլիմտի «Համբույր»-ը բաժանել են տասը հազար մասի, եւ ցանկացած ոք, գնելով դրա NFT-ն, կարող ենք դառնալ այդ կտավի մի մասնիկի տերը»,- ասում է Հայկ Ազարյանը:
NFT-ներին տրամաբանորեն հաջորդել են SBT-ները (Soulbound token), որոնք թարգմանաբար նշանակում են հոգուն կապված թոքեններ:
«Սա հնարավորություն է տալիս մարդկանց թվային աշխարհում ունենալու հոգի, որին պետք է կցված լինի ինչ-որ օրիգինալ տվյալ: Այն հնարավոր չէ վաճառել, ուրիշին փոխանցել, կամ առհասարակ ինչ-որ բան անել դրա հետ:
Դա հնարավորություն կտա, որ մեր ID-ները, դիպլոմները թվային աշխարհում լինեն օրիգինալ»,- ասում է Հայկ Ազարյանը:
Արվեստը NFT-ներով
2022 թ.-ին Դուբայի Էմիրաթս մոլում բացվել է աշխարհում առաջին ֆիզիկական NFT խանութը, որի հեղինակը Հայաստանում բացված ftNFT կազմակերպությունն է: Օգտատերերի կյանքն ավելի հեշտացնելու համար ստեղծվել է ֆիզիկական և թվային արվեստի ցուցասրահ, որում այցելուները հնարավորություն ունեն մոտենալու տերմինալին, ընտրելու իրենց ուզած NFT-ն, քարտով վճարելու ու գնելու դա: 2023 թ.-ին Դուբայ մոլում բացվել է նաեւ 2-րդ խանութը: Սրանից հետո Հայաստանում ստեղծվել է ftNFT.am-ը, որի համակարգողը Հայկ Ազարյանն է:
ftNFT-ն վիրտուալ հարթակ է, որտեղ մարդիկ կարող են բացահայտել, ստեղծել, գնել եւ վաճառել իրենց արվեստի գործերը՝ որպես NFT։ Հարթակի նպատակն է արվեստագետներին մտցնել մետատիրույթ՝ թվային անսահման տիեզերք, ուր վերջիններս հնարավորություն կստանան տեղադրելու եւ ցուցադրելու NFT-ներին հատուկ ինչպես թվային, այնպես էլ շոշափելի արվեստի նմուշներ՝ ֆիզիկական քանդակներ, նկարներ եւ այլն։
«Օգոստոսին մենք Հայաստանում մեկնարկեցինք առաջին հայալեզու NFT հարթակը՝ ftNFT.am-ը, որտեղ մարդիկ կարող են գնել, ստեղծել ու վաճառել NFT-ներ ՀՀ դրամով: Կայքը հայերեն է, կրիպտոարժույթների հետ կապված չէ, եւ պետք չէ գլուխ հանել բարդ գործընթացներից»,- ասում է Հայկ Ազարյանը:
Հայկի կարծիքով՝ Հաստանում NFT-ներով հետաքրքրվողները քիչ չեն: Բայց նրանցից շատերի համար խնդիր է այս թեմայով կոնտենտի մեծամասնության անգլերեն լինելը: Դրա համար Հայկը իր գործունեությունը սկսել է հայալեզու բովանդակությամբ: Մեկ այլ խնդիր է խաբեությունը. մարդիկ տեխնոլոգիային լավ չեն տիրապետում, եւ խաբեբաները հեշտությամբ կարող են նրանց խաբել:
«Տեխնոլոգիան բարդ է, եւ շատ են խաբեության դեպքերը: Ինձ շատ են գրում, որ իբր իրենց սոցցանցերում ինչ-որ մեկը դիմել է, ասել՝ ցանկանում եմ ձեր գործերը որպես NFT գնել, ինչ-որ հղում է տրամադրել, որով անցնելու դեպքում նրանք մարդու թվային դրամապանակի հետ կարող են անել այն, ինչ կուզեն: Այսպես խաբում են տեխնոլոգիաներին քիչ տիրապետող կամ ընդհանրապես չտիրապետող մարդկանց: Նման բարդությունները շատ հաճախ արտիստներին հետ են պահում ինչ-որ գործողություններ իրականացնելուց: Բայց վախենալով հեռու չենք գնա: Անհրաժեշտ է փորձել ու գրագետ մոտեցում ցուցաբերել»,- ասում է Հայկ Ազարյանը:
Երջանիկ Հարությունյան