Ռազմիգ Հովագիմյանը Play Time հոլդինգային եւ ներդրումային ընկերության համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է: Նա նախկինում գլխավորել է Hoodline (Pixel Labs) մեդիա հարթակը:
Ռազմիգ Հովագիմյանը հիմնել է նաեւ Viki ժամանցային ստարտափը, որը 2013-ին Rakuten ընկերությունը ձեռք բերեց ավելի քան 200 միլիոն դոլարով: Այնուհետեւ միացել է Rakuten-ի խորհրդին՝ որպես դիտորդ:
Ռազմիգ Հովագիմյանը Digitec 2022-ի հյուրն էր։ iTel.am-ը նրա հետ զրուցել է հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի, Լեո Մեսսիի հետ համագործակցության, Play Time VC-ի եւ Graph Ventures-ի գործունեության ու ստարտափների հաջողության բանաձեւի մասին։
- Դիջիթեքի ընթացքում Դուք հանդիպել եք հայկական բազմաթիվ տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիրների հետ: Ի՞նչն է Ձեզ ամենաշատը տպավորել:
-Էներգիան լավն է՝ դեռահասները, երեխաները վազվզում են՝ երբեմն իրենց ծնողների ուղեկցությամբ: Տեսնում եմ ռոբոտաշինության ծրագրեր, մեծ ընկերությունները նույնպես ներկայացված են, սա, իսկապես, հետաքրքիր է: Վայրը նույնպես սուպերտպավորիչ է, բոլորին մեկ հովանու ներքո միավորելը պարզապես հիանալի է:
3 տարի առաջ կայացած իմ վերջին այցելությունից հետո, երբ մասնակցում էի HIVE կոնֆերանսին, շատ բան է փոխվել: Նախկինում շատ ստարտափներ նախասաղմնային, գաղափարի փուլում էին, իսկ հիմա տեսնում եմ արդեն տեխնոլոգիական պրոդուկտներ, խոսում ենք շուկայի մոտեցումների եւ թիմ կառուցելու մասին: Զրույցների որակն, իսկապես, հետաքրքիր կերպով փոխվել է։
Ռազմիգ Հովագիմյանը
photo © Digitec
Այստեղ հանդիպել եմ գրեթե 40 ընկերության: Կան հայաստանյան խոշոր ընկերություններ, որոնք արդեն միլիոնավոր եկամուտներ են ունենում, նրանց գոյության մասին նույնիսկ չգիտեի, դա գերտպավորիչ է։ Շուկայում «ադամանդներ» կան:
- Ի՞նչ բացեր եք տեսնում Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգում:- Ստարտափներն առհասարակ հեշտ բան չեն: Եթե ցանկանում եք ինչ-որ մեծ բան սկսել, երազեք մեծ: Ընտրեք ավելի դժվար ճանապարհ: Կարծում եմ, որ, միգուցե, սաղմնային ընկերությունների բացն այն է, որ նրանք հաճախ կենտրոնանում են մեկ ուղղության վրա: Պետք է ունենալ լայն տեսլական, ոչ միայն պրոդուկտի մշակման, այլ՝ ընկերություն կառուցելու: Ներդրում ներգրավելիս կարեւոր է մտածել ընկերություն կառուցելու մասին, ոչ թե՝ ապրանք մշակելու:
Հայկական շուկայում բաժանումը լավն է՝ սպառողից մինչեւ ֆինտեխ, Web3.0-ից՝ SaaS եւ այլն, դա առողջ էկոհամակարգի վկայություն է։
- Պատմեք Լեո Մեսսիի հետ Ձեր համագործակցության եւ PlayTime VC-ի գործունեության մասին: - Ներկայում երկու ուղղությամբ եմ ներգրավված: Graph Ventures-ի հիմնադիր օպերատորն եմ, որը մասնագիտացած է սկզբնական եւ վաղ փուլի վենչուրային ներդրումներում: Յոթ հիմնադիրից եւ օպերատորներից բաղկացած խումբ ենք, յուրաքանչյուրս ունենք տեխնոլոգիական ընկերությունների հիմնադրման ու զարգացման փորձ: Ներդրումներ ենք կատարում նախասաղմնային փուլի ընկերություններում: Մեր պորտֆելում ունենք մոտ 300 վաղ փուլի ընկերություն եւ 250 000 չեկ:
Մյուս ուղղությունը Լեո Մեսսիի հետ PlayTime հոլդինգային ընկերությունն է։ Առաջին անգամ նրան հանդիպեցի, երբ Rakuten-ի տնօրենների խորհրդում էի: Rakuten-ը Barcelona ֆուտբոլային ակումբի հովանավորն էր, ուստի երեխաներս Լեոյի հետ վազվզում էին խաղադաշտում:
Ես մեծացել եմ Եգիպտոսում՝ հայկական ընտանիքում։ Երբ փոքր էի, ընկերներ էի ձեռք բերում՝ փողոցում ֆուտբոլ խաղալով: Լարեր էինք կապում ու բառացիորեն խաղում մեքենաների արանքներում:
photo © Digitec
Հայրիկիս կողմը Արգենտինայի երկրպագու էր, մայրիկինս՝ Բրազիլիայի: Մեծացել եմ Արգենտինայի հանդեպ սիրով:
Play Time հոլդինգի մասին դեռ պատրաստ չենք շատ մանրամասներ հայտնել: Կարող եմ ասել, որ փնտրում ենք սպորտի, մեդիայի ու տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններ:
Ինկուբացրել ենք մի քանի ընկերություն, որոնցից մեկը Matchday.com-ն է, այն հավաքել է 20 միլիոն դոլարի ներդրում։ Առաջին 500 հազար դոլարի չեկը մենք ենք տրամադրել, երբ նրանք փոքր էին ու կենտրոնացած խաղերի վրա: Matchday.com-ն ամուր կամուրջ է կառուցում ֆուտբոլի երկրպագուների եւ տեխնոլոգիաների միջեւ:
Մեր պորտֆոլիոյում կա նաեւ Web 3.0-ի հետ կապված ընկերություն։ AC Momento-ում առաջին ներդրումն ենք արել, որն աճուրդի է հանում ակումբներից եւ խաղացողներից ստացված ֆուտբոլային մարզաշապիկները:
- Դուք մի քանի հաջողակ ընկերություն եք հիմնել։ Ի՞նչ խորհուրդ կտաք հայ ստարտափների հիմնադիրներին հատկապես այս արագ փոփոխվող ժամանակներում՝ ներդրումային շուկայի փոփոխություններին զուգահեռ։- Յուրաքանչյուր ընկերություն տարբեր է, հաջողության մեկ բանաձեւ բոլորի համար գոյություն չունի: Որպես մի քանի ընկերության հիմնադիր՝ հասկացել եմ, որ ոչ բոլոր բաները կարելի է կրկնել:
Եթե նորից ինչ-որ գործ սկսեի, ապա տվյալների գիտությունը շատ ավելի վաղ փուլում կկիրառեի. դա կարեւոր է: Ես մշակում էի պրոդուկտը, հետո սկսում վերլուծել ու փորձել հասկանալ, թե ինչն է աշխատում, ինչը՝ ոչ:
photo © Digitec
5 կամ 10 հոգուց բաղկացած ուժեղ թիմ կառուցելը միշտ կարեւոր է: Գիտեմ, որ հեռավար աշխատանքային ռեժիմն ընդունված է շատ ընկերություններում, բայց կարծում եմ՝ անհրաժեշտ է պրոդուկտի եւ ինժեներական թիմերին համախմբել մեկ վայրում, քանի որ պետք են էներգետիկ կլաստերներ, ստարտափ էներգիա, նույնիսկ եթե գրասենյակներ ունեք աշխարհի տարբեր երկրներում: Դուք մշակույթ եք ստեղծում, որը գրասենյակի պատերի գրվածքը չէ միայն: Պետք է միասին պատմություն կերտել, իսկ հեռահար աշխատանքով մշակույթ կառուցելը դժվար է։
Ֆինանսավորման առումով ավելի հեշտ է ներդրում ներգրավել, երբ նոր եք սկսում ու տեսլականը բավականաչափ լայն է: Լավ է ունենալ աշխատող հայեցակարգի ապացույցներ: Ես նախընտրում եմ որքան հնարավոր է վաղ փուլում գնալ ներդրումների: Եթե օգնության կարիք ունեք, մի ամաչեք։ Օգնություն խնդրելը նորմալ է: Նոր բաներ շատ փորձեք, ձախողեք եւ սովորեք:
Ռազմիգ Հովագիմյանի հետ զրուցել է Նունե Գրիգորյանը